Տիգրանաշենը՝ պաշտպանական շրջան, կամ՝ ուժային օղակի մեջ՝ պաշտպանության հնարավորություններով. ՊՆ-ՈՄԱ համագործակցությո՞ւն, թե՞… Անվտանգային «беспорядок»

2024 թվականի փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանին Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման ժամանակ հարց էր հնչել համապարփակ պաշտպանության և անվտանգության վերաբերյալ հայեցակարգի մասին՝ «ճի՞շտ եմ տեղեկացված, որ Դուք հավանություն եք տվել դրա մասին հասարակական կառույցների հեղինակած հայեցակարգին, և այն ընթացակարգային ի՞նչ փուլում է», ինչին Փաշինյանը պատասխանել էր.

«Ոչ միայն ես, այլ նաև Անվտանգության խորհրդում է դա քննարկվել, և Անվտանգության խորհրդում դա հաստատվել է: Դա ինչի՞ մասին է, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պետական և մասնավոր կազմակերպություն անհրաժեշտության դեպքում պետք է իմանա իր անելիքը, թե ինչ պետք է ինքն անի երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար: Ինքը շատ հետաքրքիր կոնցեպտ է, և մի շարք երկրներում դա կիրառվում է»:

Փետրվարի 7-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգերի, պաշտպանության բարեփոխումների ճանապարհային քարտեզի շրջափուլերի վերաբերյալ. դրանք հենց նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանելու հարցերն էին, իհարկե, հաշվի առնելով նաև ներքին ընթացակարգերը: Այստեղ մենք հարց էինք ուղղել նաև համապարփակ պաշտպանության և անվտանգության մասին հայեցակարգի և դրան առնչվող Փաշինյանի պատասխանի վերաբերյալ, մասնավորապես՝ ինչի՞ մասին է խոսքը, և ի՞նչ մասնակցություն է ունեցել ՊՆ-ն այս գործընթացում: Բայց, ինչպես գրել էինք, Սուրեն Պապիկյանը և նրա ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը մեր այս հարցմանը չեն պատասխանել՝ չկատարելով օրենքի պահանջը:

Սակայն մարտի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում այս թեմայով քննարկման է հրավիրում ռազմամարզական հասարակական կազմակերպություններին:

Կարդացեք նաև

«Այս պահից սկսած «Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի» շուրջ հրապարակային քննարկման եմ հրավիրում «ՈՄԱ» ՌՀԿ-ի հիմնադիր Վովա Վարտանովին, «ԱՌՈՆ միավորման» խորհրդի անդամ Հրաչյա Արզումանյանին, «Ոգեզէն» ՀԿ-ի համահիմնադիր Արման Պողոսյանին, «Ազատազէն» ՀԿ-ի համահիմնադիր Իշխան Գևորգյանին։

Քննարկումն առաջարկում եմ անցկացնել ցանկացած վայրում, ցանկացած ձևաչափով, բայց պարտադիր տեսախցիկների առջև։ Վերջինիս հետ կապված ցանկացած խնդիր պարտավորվում եմ լուծել»:

Մարտի 21-ին «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումն» արձագանքել էր իշխանական պատգամավորին:

««Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը» երրորդ տարին է, ինչ փոխգործակցում ԱԽ-ի, ՊՆ-ի, ԱԺ-ի հետ՝ մշակելով նախագծեր ՀՊԱՀ-ի շուրջ։ Որոշ քննարկումներին մասնակցել է նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը։

Այս պահին պետական հաստատությունների հետ հարաբերությունները սառեցված են, ուստի, ստեղծված իրավիճակում հարկավոր է քաղաքական որոշում ազգային ծրագրի՝ ՀՊԱՀ-ի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ չնայած խորհրդարանական առաջնային մանդատին, «ժողովրդավարության պայմաններում» ցանկացած որոշում կայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Պատրաստ ենք քննարկել վարչապետի հետ հանդիպումը»:

Իսկ սրանից առաջ էլ «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» խորհրդի անդամ Արման Պողոսյանը 1in.am-ի եթերում  հայտարարել էր, որ ՊՆ-ն մերժել է Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) բաղադրիչներից մեկը, և դրանով իսկ  ամբողջ ՀՊԱՀ հայեցակարգը:

«ԱԽ գրասենյակում  մեզ հրավիրել էին, որովհետև պետությունը դիտարկում էր, որ ՀՊԱՀ-ի մասին հայեցակարգը կդառնա ազգային ռազմավարություն, ու հրավիրեցին տեսլականը մշակելու համար: Եվ 2023 թվականի հունիսին ավարտել ենք տեսլականի վրա աշխատանքները: Եվ դրանից հետո Արմեն Գրիգորյանը հրավիրեց և՛ ռազմամարզականներին, և՛ հասարակական տարբեր կազմակերպություններին, և դա ներկայացրեց որպես լուծում, որին գնում է պետությունը, մնում էր դա ԱԽ-ում հաստատվեր: Հետո արդեն Փաշինյանի ելույթից հետո իմացանք, որ դա ԱԽ-ում հաստատվել է,- նշել է Արման Պողոսյանը և հավելել,- Ըստ ՀՊԱՀ-ի՝ ՀՀ-ում պիտի լինի 200.000 պահեստազոր, և մեր սպասումներն այն էր, որ կառուցվածքը, որ մեր կողմից ներկայացվել է գումարտակների, ստորաբաժանումների պահեստազորային պատրաստության, կդառնար ստանդարտ և ՀՀ-ում այդ մոդելով կսկսվեր պահեստազորային ուժերի պատրաստությունը: Դա դարձյալ 25-օրյա վարժանքների ֆորմատով էր: Բայց 2024 թվականի դրությամբ մենք ունենք ՊՆ-ից մերժում, որ նպատակահարմար չեն գտնում շարունակել այդ ծրագիրը: Այսինքն, համակարգն ընդունվել է, բայց դրա այս  բաղադրիչը՝ մերժվել է: Մենք դա գնահատում ենք՝ որպես քաղաքական որոշում»:

Ավելի վաղ «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումն» իր հայտարարության մեջ նշել էր, որ «Սուրեն Պապիկյանի գլխավորած պաշտպանության նախարարության կողմից ստացվել է «ոչ նպատակահարմար լինելու» անհիմն պատասխան, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՊԱՀ-ն մեկնաբանվել է՝ որպես կամավորական հատվածական քայլեր, սա խեղաթյուրում է համապարփակ մոտեցման էությունը»:

Իսկ այլ հարցազրույցներում սլաքն ուղղվել է ուղիղ ՊՆ-ի վրա: Ստացվում է, որ իրականում բավականին ասելիք կար այս առնչությամբ մեր գրավոր հարցմանն ի պատասխան, ինչից Սուրեն Պապիկյանը խուսափել է: Ի վերջո, գուցե ռազմամարզական հասարակական կազմակերպությունները ցանկանում են, այսպես ասած, լայն լիազորություններ, որի առկայությունը վիճելի՞ է:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից առաջ էլ խոսում էինք 100.000 աշխարհազոր ունենալու մասին, հավելենք, որ 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ: Մասնավորապես, «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում էր աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։

Աշխարհազորը ֆորմալ առումով ձևակերպվում էր հետևյալ կերպ՝ «Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է»։

Առաջարկվող նախագծով աշխարհազորայինների հավաքագրման գործառույթը նախատեսված էր պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակներում, սակայն աշխարհազորը գործելու էր գլխավոր շտաբի ենթակայությամբ։

Մյուս կողմից, աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը պիտի լիներ (գյուղական համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետի տեղակալ, մարզպետի տեղակալ), իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը (Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը)։

Սակայն միայն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին էր ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել աշխարհազորի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը, որից հետո հոկտեմբերի 29-ին, օրինակ, նշանակվեցին մարզպետների միանգամից 7 տեղակալներ:

Այսինքն, աշխարհազորի ստեղծման գործընթացը հունի մեջ մտավ միայն պատերազմի ավարտին, սակայն կամավորական տարբեր խմբեր գործուղվել էին մարտական գործողությունների վայր, իսկ պատերազմից հետո սկսեցին քննարկել դրանում առկա բացերը:

Իսկ 2024 թվականի փետրվարին ՊՆ-ն շրջանառության մեջ էր դրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ ուժը կորցրած է համարվել աշխարհազորի մասին կետը և ներդրվել տարածքային պաշտպանության համակարգ: Այսինքն, ստեղծվում է  Տարածքային պաշտպանության և պահեստային ուժեր, որն ունի իր հրամանատարը՝ Սամվել Մինասյան:

Իսկ Համապարփակ պաշտպանության և անվտանգության վերաբերյալ  հայեցակարգի շուրջ զարգացումները հերթական անգամ ապացուցում են, որ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ անվտանգային համակարգում ստեղծված կազմակերպված անկազմակերպվածությունը շարունակվում է:

Այսինքն, ԱԽ-ում ընդունված հայեցակարգի շուրջ իշխանական պատգամավորը քննարկումների է հրավիրում, երբ ՊՆ-ն ռազմամարզական հասարակական կազմակերպությունների առաջարկներից մերժել են, թեպետ այստեղ էլ խնդիր կա. առանց Նիկոլ Փաշինյանի գիտության՝ չէին մերժի, այլ հարց է, որ Փաշինյանը կարող է մի օր «լավամարդ» երևալու համար ասել, որ տեղյակ չի եղել Սուրեն Պապիկյանի որոշումից: Ի վերջո, նա իր քաղաքական թիմի անդամ նախարարին շարքային քաղաքացիների մոտ «գցելուց» չի կաշկանդվում: Դա արել է Տավուշում, դա կարող է անել նաև ՊՆ-ից դժգոհող ռազմամարզական հասարակական կազմակերպությունների մոտ:

Ի դեպ, 2023 թվականի նոյեմբերին 168.am-ի՝ ՈՄԱ-ի և նրա փայտահողային պաշտպանական կետերի՝ «Գմբեթ-1», «Գմբեթ-2», կառուցման վերաբերյալ գրավոր հարցմանը, ՊՆ-ն մասնավորապես,  պատասխանել էր.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանն ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում»:

Իսկ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարդանովն էլ տարբեր առիթներով շեշտել է, որ ՊՆ-ից թույլտվություն պետք չէ պաշտպանական երկրորդ և երրորդ գծեր կառուցելու համար, դրանց համար իրենց թույլտվություն տարածքի տերերն են տալիս:

Բայց մարտի 21-ին Լրատվական ռադիոյի հետ զրույցում Վարդանովը, մասնավորապես, հայտնել է.

«Տիգրանաշենի շուրջ նման կառույցներ կան, ապրի տեղի զորամասի հրամանատարը, շատ ապրի, որովհետև ինքը դեբիլ չի որոշ հրամանատարների նման, որ մտածեն՝ ինչ կանի նախարարությունը, կանի, ոչ, ինքը իր սեփական նախաձեռնությամբ և ՈՄԱ-ի օգնությամբ, որոշակի աշխատանքներ է կատարել: Եվ այս պահին Տիգրանաշենը կամ պաշտպանական շրջան է, եթե մենք չենք փոխարինում կամ հանձնում այդ տարածքը թուրքին: Իսկ եթե հանձնում ենք, ապա այն ուժային օղակի մեջ է՝ պաշտպանության հնարավորություններով»:

Հիմա հարց՝ տեղի հրամանատարը ինքնագործունեությո՞ւն է թույլ տվել, թե՞ ՊՆ ղեկավարությունը տեղյակ է եղել և թույլ է տվել: Եթե թույլ է տվել, ստացվում է, որ ՈՄԱ-ի հետ այս առումով կա համագործակցություն:

Ի դեպ, նման ծրագրեր Վարդանովն ունի նաև Տավուշի հետ կապված՝ տարածքների հանձնման տրամաբանության մեջ: Սա առանձին մասնագիտական քննարկման թեմա է: Ինչ վերաբերում է ամրացման կամ պաշտպանական շրջանների կառուցման գործում ՈՄԱ-ի ներգրավմանը, ապա այս մասին ՊՆ գրավոր հարցում կուղարկենք:

Հնարավոր է, որ իշխանության ներսում ՈՄԱ-ի հետ կապված տարբեր կարծիքներ լինեն՝ պաշտպանողներ կամ չպաշտպանողներ… Մի բան հստակ է՝ բանակը բացարձակ դասական պրոֆեսիոնալ բանակ դառնալու ճանապարհին չէ, մեղմ ասած…

Չի կարող պրոֆեսիոնալ անվտանգային մոտեցման մասին խոսք լինել մի իշխանության օրոք, որի ղեկավարը մի բան է խոստանում ու հայտարարում, իսկ Պաշտպանության նախարարը՝ այլ, իսկ իշխանական պատգամավորն էլ առանձնապես կողմ չլինելով ռազմամարզական հասարակական կազմակերպություններին շատ հնարավորություններ տալուն, հրավիրում է նրանց Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի շուրջ քննարկան, որի վերաբերյալ հայեցակարգն արդեն ԱԽ-ն հաստատել է, և իր որոշմամբ չէ, որ կարող է ինչ-որ բան նորից փոխվել։ Այսինքն՝ ընդամենը փորձում է կամ «լավամարդ» երևալ, կամ սեփական անձը կարևորելով միջնորդի դեր ստանձնել և «հալեցնել» «սառեցված» համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս