Երբ Բրյուսելը չի կարողանում Բաքվին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, Վրաստանն այդ ամենը չի կարող անել. վրացագետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան ու Ադրբեջան սպասվող այցերը վրացագետ Ջոնի Մելիքյանը համարում է ճանաչողական:
«Իր նշանակումից հետո նա մեկնեց Բրյուսել, իսկ հիմա՝ տարածաշրջանային այցերն է սկսում»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց Ջոնի Մելիքյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ եկող շաբաթ՝ Հայաստան:
Իսկ մինչ Վրաստանի վարչապետի այցը՝ տեղեկություն տարածվեց, որ այսօր Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով՝ «Բաքվի հռչակագիր» է ստորագրվել։
Բաքվում մարտի 15-ին տեղի ունեցող Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն:
Ի դեպ, արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում հայտարարել է. «Մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»։
Արտգործնախարարների հանդիպմանն անդրադառնալով՝ վրացագետ Ջոնի Մելիքյանը հիշեցրեց, որ այս ֆորմատը 2011 թվականից է ձևավորվել, և այդ շրջանակներում տարբեր տարիներին տարբեր հուշագրեր են ստորագրվել: Ուստի անդրադառնալով այսօր ստորագրված հուշագրին, նշեց՝ թե հանդիպումը, և թե դրա արդյունքում ընդունված փաստաթուղթը պրոտոկոլային էին:
«Վրաստանի պարագայում՝ հստակ է, որ Ադրբեջանի վերջին տարիների ոչ կոնստրուկտիվ ու ագրեսիվ քաղաքականությունը մեր նկատմամբ նաև ստեղծում է ոչ այդքան կայուն վիճակ տարածաշրջանում, ինչը նաև դեմ է Վրաստանի շահին: Բայց այդքանը հասկանալով՝ վրացական կողմը ևս իր հերթին՝ փորձում է նախաձեռնողական լինել այդ հարաբերություններում, որպեսզի կարողանա սեփական շահերն առաջ մղել այդ համագործակցություններով»,- հավելեց Ջոնի Մելիքյանը:
Հարցին, թե վրացական կողմի վերջին ակտիվության համատեքստում, ի՞նչ դերակատարում պետք է սպասել Վրաստանից, այսպես կոչված, խաղաղության գործընթացում, Ջոնի Մելիքյանը պատասխանեց. «Վրաստանը ցանկությունն ունի, բայց այս պարագայում, երբ տեսնում ենք՝ Բրյուսելը չի կարողանում Բաքվին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, Վրաստանն այդ ամենը չի կարող անել: Մաքսիմումը՝ հարթակ տրամադրի, որ Հայաստանը և Ադրբեջանը բանակցեն, բայց այսօր տեսնում ենք, որ սահմանային հանդիպումները, ապագա փաստաթղթի տեքստը նույնիսկ երկկողմ ֆորմատով է քննարկվում»:
Հենց այս հանգամանքը հաշվի առնելով, ըստ վրացագետի, վրացական կողմը գուցե այդքան նախաձեռնողական չլինի՝ սահմանափակվելով երկկողմ գործակցության շրջանակներով: