Իրականության մեջ ՀՀ սահմանը 30.948 քկմ է, Հայաստանը պետք է ոչ միայն հակադարձի Ադրբեջանին, այլև առաջ քաշի իր պայմանները. Ռուբեն Գալչյան
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կրկին խոսել է ՀՀ տարածքային ամբողջականության մասին, տեղեկացնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում խոսք է եղել, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հայտարարում է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու տարածքային պահանջներ չունի.
«Ես առաջին գործողությունը, որ արեցի այդ սենյակից դուրս գալուց հետո, կապվեցի մեր գործընկերների հետ, ասացի՝ խորհրդային վերջին հանրագիտարաններից նկարեք Հայաստանի և Ադրբեջանի տվյալներն ու ուղարկեք։ Ես այդ թիվը հիշում էի՝ 29․800 քկմ, և ԵՄ խորհրդի նախագահին այդ տվյալները փոխանցվեցին, նա այդ թիվը հրապարակեց։
Ես վերադարձա ու այդ թիվը հրապարակեցի։ Հետո, երբ մենք ավելի մանրամասն դիտարկեցինք, տեսանք՝ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան․ տիտղոսաթերթին գրված է՝ 29.800, հետո պարզվեց՝ դա կլորացրած թիվ է, և տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29.743 քկմ։
Հետո ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ պետական մի շարք մարմինների կայքերում (ես ստուգել եմ՝ այդ տվյալն այդտեղ եղել է տասնյակ տարիներ) ՀՀ տարածք նշած է ուրիշ թիվ՝ 29.800-ից պակաս։ Երբ ՀՀ կառավարությունն իր հողային հաշվեկշիռը ժամանակ առ ժամանակ հաստատում է, այնտեղ էլ է գրված մյուս թիվը, իսկ 29.800-ը կլորացրած թիվ է։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»,- երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանն ասաց՝ Խորհրդային Միության 1927 թվականի քարտեզով Հայաստանի տարածքը 30.948 քկմ է։
«Եթե գնում ենք Խորհրդային Միության տարիներին, ապա այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշված է ոչ թե 86.600 քկմ, այլ 84.600 քկմ։ Այդ քառակուսի կիլոմետրերը կարող են տասնյակով տարբերվել իրարից, քանի որ չափագրողների համար դյուրին չէ չափել մեր երկրի ամբողջ տարածքը։ Մի քանի քկմ այս ու այն կողմ ես դնում, որի արդյունքում սահմանների փոփոխություն է տեղի ունենում։ 29.800 քկմ տարածքը մոտավորապես, այսպես ասած, կլորացված թիվն է, իրականության մեջ ՀՀ սահմանները 30.948 քկմ է։ Դրանից հետո, շուրջ 1200 կքմ, նորից ճշգրիտ չափագրումներ չկան, տրվել է Ադրբեջանին տարբեր պատրվակներով, առաջին հերթին՝ որպես արոտավայր քրդերի անասունների համար»,- նշեց Ռուբեն Գալչյանը։
Ըստ նրա, այս ամենն արտացոլված է Խորհրդային Միության զինվորական շտաբի մանրակրկիտ քարտեզներում, որոնք ունեն թե Հայաստանը, թե Ադրբեջանը։ Այդ քարտեզները վավերացված են եղել ժամանակին։ Խորհրդային Միության անդամ և հետագայում անկախություն ձեռք բերած հանրապետություններն անկախացել են հենց այդ քարտեզներում նշված սահմանների հիման վրա։
«Եթե այսօր որևէ մեկն ասում է, որ չգիտի, թե որտեղ են այդ սահմանները, նշանակում է, որ անկախացած 12 հանրապետությունները, ներառյալ՝ Ռուսաստանը, իր սահմանները չգիտի՝ որտեղ է։
Երեկ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որ ցուցադրում էր քարտեզը, դա 1991 թվականի քարտեզներով էր գծված, որը գծել է խորհրդային շտաբը։ Այդ քարտեզի ներսում կան «անկլավները», Իսկ 1927 թվականին Արծվաշենը եղել է ՀՀ տարածքում, որը հետո Ադրբեջանը վերցրել է։ Եթե սահմանները գծվեն այդ քարտեզով, մեզ համար շահեկան կլինի, թե ոչ, խիստ կասկածում եմ՝ Ադրբեջանը պատրվակներ կփնտրի այլ ձևերով սահմանազատումն իրականացնելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ Ռուբեն Գալչյանի, եթե այսօր Ադրբեջանն է թելադրում, որպեսզի Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, և եթե հանկարծ այդ պահանջով Սահմանադրությունը փոխվի, Ադրբեջանը կարող է հանկարծ հայտարարի, որ՝ Սահմանադրությունում գրեք, որ Հայաստանի պետական կրոնը ոչ թե քրիստոնեությունն է, այլ իսլամը։
«Նման պահանջ դնելն Ալիևից հեռու չէ, երբ նրա մի պահանջը կատարում են, դրանից հետո նրան կանգնեցնել հնարավոր չէ։ Երբ Ադրբեջանը պահանջներ է դնում, հայկական կողմից դրան միայն երբեմն հակադարձում են, փոխարենը՝ հայկական կողմը ևս պետք է դնի պահանջներ։ Երբ Ադրբեջանն ասում է, որ Տիգրանաշենն ադրբեջանական է, քանի որ այնտեղ 200 տարի ադրբեջանցիներ են ապրել, հայկական կողմը նախ պետք է հակադարձի, որ 200 տարի առաջ Ադրբեջան չի եղել, և Տիգրանաշենում ադրբեջանցիներ չեն ապրել: Ապա նախապայման պետք է առաջ քաշի՝ Արցախում 2 հազար տարի ապրել են արցախահայեր, այն պետք է լինի հայկական անկլավ։
Նրանց պահանջները միայն հերքում են, փոխարենը՝ մենք մեր պահանջները պետք է ներկայացնենք»,- եզրափակեց Ռուբեն Գալչյանը։