Հայաստանը՝ զենքի շուկայում խաղացողների քաղաքական և բիզնես շահերի կիզակետում

2023 թվականի դեկտեմբերի 25-ին 168.amը գրել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկել ռազմատեխնիկական հարաբերությունները՝ հիմնվելով նաև երկու երկրների պաշտոնյաների հարցազրուցային հայտարարությունների վրա:

2024 թվականի հունվարի 14-ին էլ անդրադարձել էինք Ռուսաստանի՝ Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև, թե ինչի՞ դիմաց է Վրաստանը տարանցիկություն ապահովում ֆրանսիական զենքի համար, կամ Հնդկաստանը՝ զենք վաճառում:

Իսկ ավելի վաղ՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ արդյոք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության և ՍՌՏ ձեռքբերումների իրականացման պլանային կարգում կա՞ն շեղումներ, ինչը բացառվել էր 2022 թվականի սեպտեմբերին:

 Մոտ մեկ ամիս հետո՝ հունվարի 18-ին, երբ արդեն իշխանության ներկայացուցիչները ռուսական զենքի որոշակի խմբաքանակի Հայաստան հասնելու մասին տեղեկություններ սկսեցին շրջանառել, ՀՀ ՊՆ-ից մեզ պատասխանել էին, որ «ՍՌՏ ձեռքբերումների գործընթացի շրջանակներում ծագող խնդիրները լուծվում են կնքված պայմանագրերի դրույթներին համապատասխան»:

Կարդացեք նաև

Իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանին էլ ՊՆ-ից ասել են, որ «սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված»:

Այս ամենը, ըստ էության, սպասելի էր, չնայած ՀՀ իշխանության հակառուսական հայտարարություններին, քանի որ 2023 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ հայկական կողմը, News.am-ի տեղեկություններով, պաշտոնապես չէր դիմել ՌԴ-ին՝ երկրի ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ դեռևս 2021թ. կնքված միլիոնավոր դոլարների սպառազինության մատակարարման պայմանագիրը միակողմանիորեն խզելու և պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար տուգանք վճարելու պահանջով, չնայած նրան, որ պայմանագրով նախատեսված սպառազինությունը Հայաստանն այդպես էլ չէր ստացել:

Մինչդեռ 2022 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշել էր միակողմանի ամբողջությամբ լուծարել հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել էր 2021-ի օգոստոսի 6-ին:

Տնտեսական և գնումների հարցերով Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակում՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, նշվում էր, որ վերջինս չի մատակարարել պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդանանյան ընկերությունից պահանջում էր ծանուցումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում Հայաստանին վճարել մոտ 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք: Թե ինչ եղավ հետո, պաշտպանության նախարարությունը չի գաղտնազերծել:

Իհարկե, Հորդանանը ՀՀ ռազմավարական դաշնակիցը չէ, բայց փաստ է, որ ՀՀ իշխանությունները, ամեն դեպքում, այս առումով կտրուկ քայլերի չեն գնացել՝ անկարողությունից կամ այլ հանգամանքներով պայմանավորված:

Իսկ թե կոնկրետ ո՞ր թվականին կնքված պայմանագրերի շրջանակում է ՌԴ-ն սկսել կատարել իր պարտավորությունները, և իրականում ինչի՞ մասին է խոսքը, դեռ հայտնի չէ, պաշտոնական որևէ հրապարակված տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ «Իրավունք»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ասել էր, որ Հայաստանին մատակարարվելիք զենքը «մեծամասնությամբ եղել է պատրաստ, եղել է պահեստավորված»:

«Պատկերացրեք՝ երկու-երեք տարի եղել է պահեստներում, ռուսական կողմը սպասարկել է, պահպանել է: Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, թե ինչի է պայմանագրերը կնքվել, որ պետք է հայկական կողմը վերցներ Մոսկվայից, ինչի՞ չէր կարելի այնպիսի պայմանագիր կնքեին, որ արտադրողը պետք է հասցնի Երևան: Մարդիկ ասել են՝ եկեք և ձեր զենքը տարեք»,– փակագծերը բացել էր ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Մեր տեղեկություններով, նման պայմանավորվածություն ավելի վաղ է եղել, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով:

Բացի այս, 2021 թվականին Մոսկվայում անցկացված «Բանակ-2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, որ Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ, սակայն մանրամասներ չէր նշել։

«Պայմանագրեր ստորագրողների շարքում մեր ավանդական գործընկերներն են՝ Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը և, իհարկե, Հնդկաստանը, Չինաստանը, Մյանման»,- ասել էր Շուգաևը։

«Рособоронэкспорт»-ի («Ռոսօբորոնէքսպորտ») տնօրեն Ալեքսանդր Միխեևն էլ լրագրողներին փոխանցել էր, որ «Բանակ-2021»-ի շրջանակում կնքվել է ավելի քան 20 գործարք՝ շուրջ 2 միլիարդ եվրո արժողությամբ։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 2021-ի օգոստոսի 10-ին մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Օգոստոսի 11-ին Շոյգուն Կարապետյանի հետ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել և խորհրդանշական նվերը հանձնելով՝ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:

Իսկ 2021-ի օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր.

«Ունենք լիովին աջակցություն, և կարող եմ ասել` չէ՛ բառ չեմ լսել։ Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով և նոր սպառազինություն: Մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու է»:

Այս թեման չեն շրջանցել նաև ադրբեջանական լրատվամիջոցները, իհարկե, հիմնականում հղում են տվել հայկական աղբյուրներին: Մասնավորապես, որ 2023 թվականի սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր.

«ՀՀ պաշտպանության նախարարության և «ՍՄԵՐՉ» տեսակի հրթիռներ արտադրող ռուսական «Սպլավ» գործարանի միջև պայմանագիր է կնքվել: Այս պայմանագրի համաձայն` ռուսական գործարանը գումար է ստացել և արտադրել ՀՀ-ի համար անհրաժեշտ հրթիռներ:

Այնուհետև գործարանից ՀՀ ՊՆ-ին տեղեկացրել են, որ ապրանքը պատրաստ է մատակարարման, կարող են ՊՆ-ի մասնագետներին ուղարկել ապրանքը ընդունելու: Ընդունելուց հետո ՀՀ ՊՆ-ն 1 տարի 3 ամիս չի կարողացել ապրանքը տեղափոխել Հայաստան: Գործարանը 3 անգամ դիմել է ՊՆ-ին, որպեսզի սեղմ ժամկետներում գնան իրենց ապրանքի հետևից, քանի որ այդ չափի ապրանք չի կարող երկար ժամանակ մնալ պահեստներում, սակայն ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չի կազմակերպել ապրանքի տեղափոխումը: Հետո սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ-ն օգտագործել է այդ հրթիռները, բայց տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ին, որ հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ ապրանքն այնուամենայնիվ կմատակարարվի խմբաքանակներով»:

Այս առնչությամբ պաշտոնական պարզաբանում, ըստ էության, չի եղել:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Ռուսաստանը որոշել է զենքի որոշակի խմբաքանակ ուղարկել, որպեսզի չկորցնի հայկական շուկան և այն չթողնի Հնդկաստանին և Ֆրանսիային, չնայած որ ուկրաինական պատերազմի ֆոնին ինքը հրթիռների կարիք ունի:

Իր հերթին՝ life.ru-ն մանրամասն վերլուծել է Հնդկաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու շարժառիթները և մատակարարված զենքի որակական հատկանիշները:

Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի՝ Հնդկաստանից գնած զենքը 2-3 անգամ թանկ է ռուսականից, և, որ միայն դրան կից «գրականության» հայերեն թարգմանության համար վճարվել է 2-3 միլիոն: Սրան գումարած՝ գործ ունենք «նատօ-ական տրամաչափերի հետ», որոնք այդքան էլ համադրելի չեն ռուսական սպառազինության հետ, իսկ դրանք դեռ ՀՀ ԶՈւ զինանոցի հիմնական մասն են:

Կայքը գրում է, որ շատ մեծ հարցեր կան կապված ՀՀ-ին մատակարարված հնդկական սպառազինության որակի հետ, և, որ մասնագետները, մեղմ ասած, գոհ չեն փորձարկման արդյունքներից: Այսինքն, Հնդկաստանից զենքի գնումը եղել է զուտ քաղաքական որուշում՝ չհիմնված մասնագիտական լուրջ կարծիքի վրա: Իսկ Հնդկաստանին, որը նոր «խաղացող« է համաշխարհային զենքի շուկայում, պետք են գնորդներ՝ ով էլ դա լինի:

Երկրորդ՝ Հայաստանի զինումը «պատասխան է» Պակիստանին, որը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմն է բռնել, և ըստ տարբեր տեղեկությունների՝ պատերազմի ժամանակ ռազմական որոշակի աջակցություն է ցուցաբերել՝ զենքից մինչև ռազմական մասնագետներ: Եվ ոչինչ, որ Հնդկաստանից Ադրբեջանին վստահեցրել էին՝ «ничего личного, это просто бизнес»:

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա ըստ life.ru-ի, Ֆրանսիան աշխարհում զենքի առաջատար արտադրող երկիր է և շուկան ընդլայնելու խնդիր ունի, ինչը փորձում է անել ՀՀ-ին զենք վաճառելով, հատկապես, երբ դրանից խոշոր գումարներ է աշխատում:

Իհարկե, ռուսական լրատվամիջոցը կարող է այս դեպքում որոշ առումով սուբյեկտիվ տեսակետներ արտահայտել, բայց դրանցում նաև ճշմարտության տարրեր կարող են լինել:

Մյուս կողմից, մի փոքր աբսուրդային է, երբ ՀՀ-ում պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց չկա, ինչի մասին հայտնել են մեզ ՊՆ-ից, բայց փորձում ենք զենքի նոր մատակարարներ գտնել:

Մի բան պարզ է՝ բոլոր երկրներն այս պատմության մեջ իրենց շահերն ունեն, դա չեն անում հանուն Հայաստանի, այլ հարց է, որքանով է ՀՀ իշխանությունը կարողանում ճիշտ համադրել հայկական շահը և դրա ուղղությունը:

Տեսանյութեր

Լրահոս