Հայաստանը՝ աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ փոթորկի կիզակետում․ ՀՀ-ին ՌԴ-ից ու Իրանից կտրելու գործին միացավ Մեծ Բրիտանիան
ՀՀ իշխանությունների՝ դեպի Արևմուտք արտաքին քաղաքական շրջադարձի փորձի հետևանքով ՀՀ-ն և Հարավային Կովկասը հայտնվել են աշխարհաքաղաքական ծանր փոթորկի կիզակետում` աշխարհաքաղաքական գրեթե բոլոր խաղացողների ակտիվ մասնակցությամբ։ Խոսքը Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Իրանի մասին է։ Եվ սա՝ մի փուլում, երբ ՀՀ-ի դեմ պատերազմն ավարտված չէ, ավելին, ըստ որոշ գնահատականների, Հայաստանը գտնվում է նոր պատերազմի շեմին, երբ պատրաստվում է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որն էլ զուգորդվում է Ադրբեջանի, ինչպես նաև՝ Թուրքիայի կողմից ամենօրյա սպառնալիքներով և ՀՀ-ից նոր տարածքային զիջումների պահանջներով։
Մինչ ՀՀ իշխանությունները փորձում են քիչ-քիչ մոտենալ ՀՀ տարբեր տեղանքներում տեղակայված ռուսական կոնտինգենտին երկրից հանելու գործին, դրան լծելով նաև սեփական քարոզիչներին, փուլ առ փուլ փորձելով ռուսական կողմի արձագանքը և սրա սահմանները, ՀՀ արտաքին քաղաքական փոփոխության վերաբերյալ ուշագրավ ուղերձներ են հնչում Իրանից, Մեծ Բրիտանիայից և այլ կենտրոններից։
Ինչպես և կարելի էր սպասել, հատկապես ակտիվ է Իրանը, որն այլևս բաց հայտարարություններ է անում և հասկացնում, որ Ռուսաստանի փոխարեն՝ ինքը կարող է ստանձնել ՀՀ անվտանգության երաշխավորի դերակատարությունը, այլապես տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքի է հանգեցնելու` տարածաշրջանը վերածվելու է ուժերի բախման կետի և ավելի շատ մարտահրավերներ է ստեղծելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար:
Հարկ է նշել, որ անվտանգային նման ցածր մակարդակ ունեցող երկիրն արտաքին քաղաքական թիվ մեկ գործընկերոջը փոխելու գործընթացի մեջ է մտել՝ առանց Արևմուտքից հստակ երաշխիքներ ունենալու։
Չեզո՞ք, թե՞ ԵՄ անդամ երկրի կարգավիճակ է ունենալու ՀՀ-ն, հայտնի չէ որևէ մեկին։ Այնուամենայնիվ ԵՄ անդամակցության կուրսի որդեգրման դեպքում նույնիսկ այն լինելու է երկարատև և ձգձգված գործընթաց, ինչը ենթադրում է ՀՀ-ի շուրջ աշխարհաքաղաքական ցնցումների շարունակականություն։
Օրերս թուրքական TRT-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արտաքին քաղաքականության կողմնորոշման վերաբերյալ նշել էր, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։
«Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև Եվրամիությանն անդամակցության գաղափարը»,- հայտարարել էր նա։
Ուշագրավ է, որ այս ամենն ակտիվ փուլ մտավ Մյունխենի Անվտանգային կոնֆերանսից հետո, որի շրջանակում, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Եվ հետաքրքրական է, որ հայտարարություններ է սկսել անել նաև Մեծ Բրիտանիան։ ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպին նշել է, որ Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք, և աշխատելու է եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում։ Նա նշել էր, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները, միաժամանակ բրիտանացի պաշտոնյան նկատել էր, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնական դուրս գալ:
«Միացյալ Թագավորությունը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինությունների էմբարգոն, և, որպես այդպիսին, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով»,- ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման՝ նշել էր Ջեյմս Հիպպին։
Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեցօր արևմտյան ավելի շատ ղեկավարներ են սկսում ՀՀ արևմտյան ինտեգրացիայի թեմային անդրադառնալ, որի նպատակը ՀՀ-ին դեպի Արևմուտք քայլեր իրականացնելու հարցում ոգևորելն է և Ռուսաստանի հետ դաշնակցային կառույցներից հրաժարվելուն մղելը։
Ըստ նրա, Հայաստանին ցանկանում են Արևմուտքից ցույց տալ, թե որքան մեծ կոնսոլիդացիա կա Հայաստանի շուրջ։ Սակայն, նրա խոսքով, իրականում այդ կոնսոլիդացիան Ռուսաստանին թուլացնելու համար է, և ոչ՝ հանուն Հայաստանի։
«Մեծ Բրիտանիան առավել ակտիվ աջակցել է մշտապես ու կաջակցի Ադրբեջանին։ Միշտ է այդպես եղել։ Այո, Մեծ Բրիտանիան կաջակցի և կոգևորի Հայաստանին Ռուսաստանից կտրվելու և Իրանի հետ հարաբերությունները չխորացնելու հարցում։ Սակայն ՀՀ-ին իրական աջակցությունը ենթադրում է աջակցություն ՀՀ անվտանգությանն Ադրբեջանի դեմ, ռազմական ներուժի զարգացում։ Սակայն նույնիսկ Ֆրանսիան, որն իրեն դիրքավորում է՝ որպես ԵՄ-ում ՀՀ-ի ամենասերտ դաշնակից, տրամադրում է որոշ սարքեր և հայտարարում առանձնահատուկ կերպով, որ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ։ Իսկ Բրիտանիայի դեպքում սահմանափակող հանգամանքները չափազանց շատ են, Բրիտանիան Ադրբեջանի դաշնակիցն է ու կա, պատերազմում աջակցել է Ադրբեջանին»,- ասաց Արեշևը։
Վերլուծաբանի խոսքով, բնականաբար, Իրանի զգուշացումները չափազանց կարևոր են, դրանք կարևոր նշանակություն ունեն, քանի որ Իրանը փորձում է ՀՀ իշխանություններին վերջնական շրջադարձից ետ պահել։
«Այսինքն՝ Իրանի համար սկզբունքայինն այն է, որ չլինի շրջադարձ դեպի Արևմուտք, չմեծանա Արևմուտքի անվտանգային ներկայությունը ՀՀ-ում՝ իր հարևանությունում, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը փոփոխելու հարցին, կարծում եմ, Իրանը նորմալ է վերաբերվում։ Բայց ՀՀ ակտիվ բանակցություններն Արևմուտքի հետ՝ Իրանին անհանգստացնում է»,- նկատեց Արեշևը։
Վերլուծաբանը գտնում է, որ իրական անվտանգությունը, զսպման մեխանիզմները հենց ռեգիոնում են, ոչ թե դրանից դուրս։
«Դրանից դուրս միայն աշխարհաքաղաքական մրցակցությունն է, Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելու նպատակը։ Առանց այդ ամենի գիտակցության՝ քայլերը, բնականաբար, կարող են հանգեցնել անբարենպաստ արդյունքների։ Այնուամենայնիվ այս փուլում, կարծում եմ, կարևոր դեր է ստանձնել Իրանը և մինչ հնարավոր լուրջ քայլերն Իրանը համապատասխան զգուշացումներն է անում, փոխարենը՝ ՀՀ-ին առաջարկելով դաշնակցություն, որի կենտրոնում՝ անվտանգություն և զսպման մեխանիզմներ»,- ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով, Ադրբեջանը ևս կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։
«Կարծում եմ՝ Իրանի ուղերձները հաշվի չառնելը կնշանակի մերժել իրական դաշնակցին և գնալ խոստումներ տվողների ետևից, խոստումներ, որոնց ներքո Հայաստանի համար որևէ լուրջ աջակցություն չկա թաքնված»,- նկատեց նա։