Էսպիսի Հայաստա՞ն էիք դուք ուզում, ժողովո՛ւրդ. էսպիսի Հայաստանը ո՛չ իրենց «սիրելի» Արևմուտքին է պետք, ո՛չ իրենց «չսիրելի» Ռուսաստանին. Ռուբեն Մխիթարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, հանրային գործիչ  Ռուբեն Մխիթարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ես պատրաստ եմ աշխարհի բոլոր հանցագործությունները վերցնել ինձ վրա, ներառյալ՝ Նիկոլին բերելը, միայն թե հայկական տիտղոսային ընդդիմության համար դաշտ ազատեմ Նիկոլին հեռացնելու մասին մտածելու համար։
  • Մարդը սկսում է անցյալը քչփորել, երբ զգում է, որ ինքը ներկայում անճար է։ «Ո՞վ բերեց Նիկոլին» թեզն առաջ մղելու ուղղորդողն այս իշխանությունն է։ Տարբեր խնդիրներ են լուծում։ Մեկը խնդիր է լուծում՝ հարվածել Ռոբերտ Քոչարյանին, մյուսը՝ Սերժ Սարգսյանին, մեկ ուրիշը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, չորրորդը՝ եկեղեցուն, հաջորդը՝ Սփյուռքին…
  • Այսօր բոլորի խնդիրը պետք է լինի մեկը՝ հեռացնել Նիկոլին։ 
  • 2018թ իշխանազավթումն այդքան պրիմիտիվ գործողություն չէր։ Սկսած աշխարհաքաղաքական ընդհանուր կոնսենսուսից, տարիների ընթացքում դեղին մամուլի կողմից գեներացվող կեղծ թեզերի պոպուլյարիզացիայից, ամեն ինչ նպաստեց դրան։ 
  • Փաշինյան Նիկոլի գլխավոր թեզը ոչ թե այն էր, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին, բայց հավակնել է, այլ այն, որ Նիկոլը հասկացավ, որ մարդկանց պետք է սոցիալական թեմաներով կեղծ խոստումներ տա։ Նա սխալ Ռոբին Հուդ դուրս եկավ։
  • Գյումրիում տրամադրությունները փոխվել են: Հիմա Գյումրին իր էմոցիոնալ ֆոնով ու վերաբերմունքով էականորեն չի տարբերվում մյուս մարզերից։ Գոնե թե 60%-ը շատ լավ գիտակցում է, թե այս մարդն ինչ չարիք է մեր երկրի համար։
  • Գյումրիում շարժ կա միայն շաբաթ-կիրակի օրերին, մնացած 5 օրերին կյանքը մեռած է։ Իսկ շաբաթ-կիրակի օրերի աշխուժությունն էլ իշխանությունների շնորհքը չէ։ Դա արվում է տեղի թասիբով գյումրեցիների, գործարարների, անհատ մարդկանց ջանքերով։ Գյումրեցիները հասկանում են, որ ազգային արժեքները ոտնահարող մարդը չի կարող լավ բան բերել մեր աշխարհին։
  • 2008թ․ միտինգներից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ օգտագործեց «հպարտ» բառը, մարդկանց աչքերում փայլ տեսավ ու հասկացավ՝ բռնել է նյարդը։ Ինքն այս ժողովրդին երբեք էլ իրականում հպարտ չի՛ համարել, չի՛ համարում և չի՛ համարելու։ Փաշինյան Նիկոլի համար ժողովուրդը միջոց էր իշխանություն վերցնելու, դրա բարիքներից օգտվելու, վոյաժների գնալու, բոլոր հնարավոր լափերը լափելու համար։
  • Շուտով իրենց հռչակած Քաղաքացու օրն է։ Եկե՛ք տեսախցիկներով այդ օրը դուրս գանք փողոց, տեսնենք՝ «դուխով» գլխարկով ու Նիկոլ Փաշինյանի մայկայով քանի՞ մարդ կտեսնենք։

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանը միայն մի բանից է վախենում՝ Քադաֆիի պես մեռնելուց։ Նույնիսկ ոչ թե Սադամ Հուսեյնի, այլ Քադաֆիի պես մեռնելուց։
  • Նիկոլ Փաշինյանն աստվածավախ չէ։ Աստվածավախ մարդը չի ստում, մերձավորին ծեծել չի տալիս…
  • Եթե նախորդ իշխանություններից զզվում էին, սրանց ատում են, որովհետև այս մարդիկ արել են անպատկերացնելի բաներ։ Եթե 2018թ․ հավաքեիք Հայաստանի լավագույն սցենարիստներին ու ասեիք՝ գծեք Հայաստանի՝ ձեր պատկերացրած արմագեդոնի սցենարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այն, ինչ այսօր տեղի է ունեցել Հայաստանի հետ։
  • Իրենք ռուսական «Блестящие» խումբն են, միայն թե այդ խմբում միշտ մի սիրուն սև մազերով աղջիկ էր լինում, որի համար էդ խմբի երգերը լսում էին, սրանց մեջ բոլորը գեշ են։
  • «Женщина-кошка» ֆիլմ կար, հիմա սա «Кепка-кошка»-ն է։
  • Փորձեք տաքսի նստել, տրամադրությունների փոփոխությունը կտեսնեք։ Տաքսիստները, որոնք 2018թ․ երկրպագում են Փաշինյանին, հիմա տեսնում են, որ ընտանիք չեն կարողանում պահել։
  • Հենց ժողովուրդը տեսնում է, որ Ալեն Սիմոնյանն իրեն թանկարժեք BMW պադավատ է առնում, նրա մոտ ինչ-որ բան փոխվում է։ Նիկոլը պադավատապետությունից էր խոսում, ավելի շատ պադավատներ ոչ մի իշխանություն չի ունեցել։
  • Երբ դու Ալեն Սիմոնյանի հետ Հյուսիսային պողոտայում իբր առանց վախենալու զբոսնում էիր՝ տասնյակ թիկնապահներով, իրականում դու ցույց ես տալիս, որ քո վախի պատճառով ես դուրս եկել «զբոսանքի»։ 
  • ԱԱԾ-ն իր տակ մտցնելով, ուժային կառույցների՝ ոստիկանների քանակի ավելացմամբ՝ նա իրեն ապահովագրում է այն երազների իրականացումից, որոնք վստահաբար տեսնում է։ 
  • Լավ է անում, որ ինքը ոչ մեկի չի վստահում։ Երբ դու պատժի ես սպասում, ավելի զգույշ ես լինում։
  • Վստահ եմ՝ Նիկոլը մտել է Յութուբ ու նայել բոլոր եղած մահափորձերը։ Ու դրանցից մեկում նա տեսել է երևի, որ պայթուցիկը դրված է կամերաների մեջ։ Դրա համար էլ լրագրողների համար շարունակ խոչընդոտներ է ստեղծում…
  • Ալեն Սիմոնյանն այն անձն է, ով լկտի ձայնով ցինիկաբար ծիծաղում էր, ծափահարում ու ասում՝ «Հայաստանն ու Արցախն ապագա ունեն»․․․ Ո՞ւր է Արցախը։
  • Այսօր մարդու հիշողությունն ապրում է 24 ժամ, հերոսներն ու հակահերոսները՝ նույնպես։ Ժամանակակից աշխարհում դա նորմա է։ Պետք է դրա դեմն առնել, խոսել անդադար, հիշեցնել անդադար…

  • Արմեն Գրիգորյանի մահվան կադրերը դատարանում ես դրել եմ իմ վերջին տեսանյութի մեջ, ու մարդիկ կային, որ գրում էին՝ մարդու մահվան կադրերն ինչի՞ եք դրել։ Այսինքն՝ եթե ես այդ կադրերը չդնեի, նշանակում է՝ Արմեն Գրիգորյանն այդպես չի՞ մահացել։ Ապագայի Հայաստանում դատավորները դատի մտնելուց առաջ 15 րոպե պիտի նայեն Արմեն Գրիգորյանի մահվան կադրերը, որպեսզի հասկանան, որ իրենց կայացրած որոշումներից մարդը կարող է մահանալ կամ չմահանալ։ Ի՞նչ էր արել Արմենը, ինչի՞ էիք նրան փակի տակ պահում։ Ինչի՞ եք 2 տարի փակի տակ պահում Մամիկոն Ասլանյանին։ 
  • Հասկանում եմ, որ իմ ներկայացրած տեսանյութերում ներկայիս դաժան իրականության կադրերն են, բայց դա չի նշանակում, որ դա չի եղել։ 
  • Այսպիսի պետությո՞ւն էիք դուք ուզում, ժողովուրդ։ Այդ կադրերը պիտի ամեն օր նայեք, որ հասկանաք՝ ինչ է կատարվում։ Դուք ուզում էիք, որ հիմնը հնչելիս հաղթանակ խորհրդանշող, վեր բարձրացող դրոշ տեսնեի՞ք, թե՞ այդ դրոշի մեջ փաթաթված երիտասարդի թաղում… Ոնց որ Ռադիոտան դուռը ջարդեցին, այնպես քացով խփելու են, ձեր տան դուռը ջարդեն, մտնեն, իմացե՛ք։
  • Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու վերաբերյալ հայտարարությամբ, կարծում եմ, Մակրոնն իր վրա վերցրեց Զելենսկուն ինչ-որ բան բացատրելու ֆունկցիան։ Բոլորը հասկացել են՝ Ուկրաինայում պատերազմն ավարտվում է։
  • Լավրովը հիմա ՀՀ իշխանություններին ինչ ասես, կարող է հիշեցնել, բայց փաստն այն է, որ իրենք 2021թ․ ամեն ինչ արել են, որ Նիկոլը մնա իշխանության, որ կատարի այն փաստաթղթային պարտավորությունները, որոնց տակ ստորագրել է։
  • Ադրբեջանցի «երիտասարդի» հարցին պատասխանելով՝ Պեսկովը, չգիտես ինչու, հիշեցրեց, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Աշխարհում է՛լ ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, բայց Հայաստանում ապրող հայերը, ինչքան էլ արտագաղթեն, գոնե նրանց 1.5 միլիոնը պատրաստ է ապրել, պայքարել ու մեռնել Հայաստանում։ Հա ի՞նչ անենք՝ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում։ Դուք, ավելի լավ է, ասեք՝ ձեզ ընդհանրապես պե՞տք է, որ այստեղ հայեր ապրեն։
  • Մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ Պուտինը հաստատ լսել է Փաշինյանի մասնակցությամբ այն ձայնագրությունը, որտեղ նա ասում է՝ մի քիչ գիժ կխաղամ, կանցնի… Արջը ցանկացած կենդանու հետ խաղալիս կարող է թույլ տալ իրեն մի քիչ կծել, բայց եթե ջղայնացավ, կուտի։ Եթե մենք շարունակենք մեզ էշի պես պահել, արջը հաստատ կուտի մեզ։ 
  • Քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ մեզ էշերը ղեկավարեն, մեր գերբում զռռացող էշը կլինի, ու դրա բացատրությունը Նիկոլը վստահաբար կտա։ Կասի՝ էշն ամենաաշխատող կենդանին է։ Այդ մարդը ինչ-որ պահերի իր ֆետիշներն ունի՝ ցնցուղ, կախիչ, փիփերթ, Հրայր Թովմասյանի գրիչ… 
  • Իր էլեկտորատին նա պահում է՝ «փող, փող, փող» ասելով։ Մեկը դրան հարցնի՝ իսկ էդ փողը որտեղի՞ց է գալիս… Եվրոպայից չի գալիս։ Սրանք էշ են, բայց ապուշ չեն, հասկանում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն կարող։ Քանի դեռ չկա կոնկրետություն, էշերը, որոնք ապուշ չեն, քաղաքական հայտարարություններ անելու են, բայց կտրուկ գործողություններ՝ ոչ։
  • Նիկոլ Փաշինյանը բոլորին «քցելով»՝ իշխանություն է պահում։ Սա «քցողների» իշխանություն է։ Աշխարհի պատմության մեջ Փաշինյանի նման երկրորդ կերպար չկա։ Պե՞տք է Քերոբյանին փուռը տալ՝ կտա՛, պե՞տք է Ալեն Սիմոնյանի հարսին փակել՝ կանի՛։
  • Ես պրետենզիա չէի ունենա քո՝ դեպի Արևմուտք թեքվելու վերաբերյալ, եթե դու ասեիր՝ տե՛ս, ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել, բայց ԱՄՆ-ը, Եվրոպան այս-այս երաշխիքներն են տալիս, ճանաչել են մեր 29 800 քկմ սահմանները ու մեր տարածք ներխուժած Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ են կիրառում։ Բայց այդպես չէ։

  • Մենք հիմա գտնվում ենք անտեր ծաղրածուի ձեռքում։ Ցավոք սրտի, մեզ հենց այդպես էլ վերաբերվում են։
  • Ես համոզված եմ, որ ժողովրդի մի զգալի հատված հոգնել է նախկին-ներկա դիսկուրսից, ու հասկանում է, որ դրա տակ ոչ մի բան չկա։ Փաշինյան Նիկոլը դա աշխատեցնում է իր փոքր էլեկտորատի վրա։
  • Թվերի դեմ պայքարել չես կարող։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ձայն չունի։ Նա գտնվում է իր լեգիտիմության ամենացածր աստիճանի վրա։
  • Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններում Հայաստանի վերաբերյալ գրվում են տարբեր սցենարներ։ Այստեղ կարևորն այն է, թե դրանցում ի՞նչ դեր է կատարելու հայ ժողովուրդը։ Որ Հայաստանին ու հայ ժողովրդին նոր լիդերներ են պետք՝ փաստ է։ Եկել է քաղաքական իսթեբլիշմենթի նորացման ժամանակը։ Հայ քաղաքական միտքն ու պետական այրերը պետք է գիտակցեն՝ Հայաստանին պետք է նոր միսիա ու նոր գաղափարախոսություն, որի շուրջ պետք է համախմբվեն խելացի, հայրենատեր մարդիկ, ու դրանք կան։ Միայն թե պետք է անջատել ամբիցիաները։ Կա՛մ մենք կունենանք պետություն, կա՛մ Նիկոլն իր ասֆալտած ճանապարհներով մեզ կտանի դժոխք։ 
  • Իշխանությունը պատրաստ է ամեն ինչ զոհել, միայն թե պահի իր իշխանությունը։ Դա անելու համար նա չի խորշի որևէ բանից, ներառյալ՝ պատերազմի մեջ ներքաշվելուց։ Այդ մարդը տեսել է, որ մի անգամ պարտվել է ու վերընտրվել։ Քանի դեռ հակառակը չի ապացուցվել, նա այդպես էլ մտածելու է։ 
  • Ի՞նչ է ուզում ընդդիմությունը, ես չգիտեմ։ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն կարող է անել միայն նոր ուժը։ 6 տարի չի ստացվել, էլի չի ստացվելու, եթե այդ նոր ուժը չլինի, որն իր շուրջը կհամախմբի համազգային կոնսոլիդացիա։ Ինչքան մենք ասենք՝ չկան այդ մարդիկ, այնքան նպաստելու ենք, որ նրանք ի հայտ չգան։ 
  • Բարի կամքի դրսևորումը բարոյական հաղթանակի պես անհասկանալի երևույթ է մեր իրականության մեջ։
  • Հայաստանի Հանրապետությունը դադարել է իր գոյությունը 2018թ․մայիսի 8-ին։ Գոյություն ունի Նիկոլ Փաշինյանի անվան պետություն։
  • Այսօր որոշ մարդիկ կուսակցություններ են բացում՝ հայտարարելով, թե գալիս են փրկելու պետությունը. Նիկոլին ծառայելուց հետո՝ 2 տարի անց, հայտնվել փրկչի դերո՞ւմ… Ավելի լավ է՝ նախ պատմեք՝ ինչ հրամաններ եք ստացել Նիկոլից։
  • Տոնոյան Դավիթ, դու քո կյանքում գերագույն հրամանատարներ ես տեսել ու գնացել Նիկոլ Փաշինյանի համար ապահովել ես չկրակող զենքերով թատրոնը… Էն Խնձորեսկի մոստի վրայի պարողներն ովքե՞ր էին դհոլ-զուռնայի տակ… Մոռացել ե՞նք: 
  • Ժողովուրդն ուզում է փող և անվտագություն և հենց ա՛յս հաջորդականությամբ։ Աստված ոչ անի, եթե վաղը թուրքը Սյունիք ներխուժի, Լոռու կամ Շիրակի մարզերի բնակիչները դա չեն զգալու, մինչև թուրքն իրենց դուռը չծեծի։ 
  • Հենց ժողովուրդը հասկանա, որ իր փող աշխատելու հնարավորությունը գալիս է պետության անվտանգությունից, սկսելու է տեղից շարժվել։ Հենց դու անվտանգ եղար, դու կարող ես ստեղծել փող։ Բայց սա չի կարողացել մարդկանց այս 6 տարվա ընթացքում բացատրել ընդդիմությունը։ 
  • Խելացի մարդկանց համախմբելը դժվար է։ 
  • Նոր ուժը պետք է բացառի այն մարդկանց ներկայությունն իրենց շրջապատում, ովքեր երբևիցե կասկածի տակ են դրել Հայաստանի՝ կադաստրի վկայական ունենալը, չպիտի լինեն մարդիկ, ովքեր տարիներով ծափահարել են Նիկոլ Փաշինյանի ստախոսությանը, ֆեյքերով հայհոյողներին, մարդիկ, ովքեր կասկածի տակ են դրել Հայոց ցեղասպանությունը, մարդիկ, ովքեր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալը շոուի են վերածել, մարդիկ, ովքեր մեդիաներում ապահովել են այն ամբողջ սուտը, կեղծիքն ու պարտվողական քաղաքականությունը, որոնք նպաստել են Փաշինյանի վերարտադրությանը, ովքեր իրենց երգ ու պարով կոչ են արել ապահովել Ալմա Աթայի հռչակագրի թեզերի տարածումը…

  • Արմեն Աշոտյանն ուղնուծուծով քաղաքական գործիչ է, և ինքն իրենով վտանգ է այս իշխանության համար։ Արմենը ՀՀԿ-ի համար վերածննդի խորհրդանիշ է, ու դա Նիկոլի համար, իհարկե, վտանգ է։ Նիկոլն էնքան կեղտ է, որ իրեն ուղղակի «դզում» է, որ ինքն Արմենին կտրել է ընտանիքից ու ընկերներից։ Արմենը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանն այդ 4 պատերի մեջ ավելի ազատ են, քան դրսում գտնվող, Փաշինյանին քննադատող շատերը։ 
  • Նիկոլ Փաշինյանը մնաց պետություն կառավարելու ծանր շտանգի տակ, բայց ինքն իր վրա այն գցելու փոխարեն՝ գցեց ժողովրդի վրա։
  • Ես դեմ եմ բռնությանը, բայց պետք չի մարդկանց հասցնել այն վիճակին, որ մարդիկ չհասկանան՝ ինչ են անում։
  • 3 միլիոն վարչապետները կհեռացնեն 1 վարչապետի, ու դա կանեն ոչ պակաս ուրախ, երգելով ու պարելով, քան 2018 թվականին։ Ու Աստված ոչ անի, եթե իշխանությունը կրակելու հրաման տա։ Ինքը կմնա իր այդ հրամանի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս