«Նվագախումբը մի ամբողջ գնացք է, պետք է ձեռքերով կանգնեցնել այն. պետք է փորձես կառավարել ընթացքը, ուղղորդել». Հարություն Արզումանյան

Երաժիշտների հետ լեզու գտնելու համար դիրիժորը պետք է նաև դիվանագետ լինի։ Արդյո՞ք այդպես է։ Պարզել ենք ԱլՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ զրույցում։

Նախնական կրթությունը ստացել եք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ սովորելով ջութակի բաժնում, ապա սովորել եք բանասիրական ֆակուլտետում, սակայն երաժշտությունը Ձեզ հետ է կանչել։ Ինչպե՞ս գաղտնի ընդունվեցիք Կոնսերվատորիա։

– Երկու աշխարհում եմ միշտ եղել՝ գրականության և երաժշտության։ Հայրս գրականագետ, ԳԱԱ ակադեմիկոս Սևակ Արզումանյանն էր, ունեինք ահռելի գրադարան, և մանկուց տարբեր լեզուներով գրականություն եմ կարդացել, բայց տարիների հետ երաժշտությունն ինձ ավելի գրավեց։ Մի պահ մտածեցի, որ հայրս ուզում է՝ իր գիծը շարունակողը լինեմ և լինեմ նաև գրականության մասնագետ, և ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ։

Ավարտական քննության ժամանակ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Է․ Ջրբաշյանը, ով հանձնաժողովի նախագահն էր, ասաց․ «Տղա ջան, դու արի ինձ մոտ ասպիրանտ»։ Ընդունվեցի այնտեղ, «Ազգային բնավորությունը Վիլյամ Սարոյանի ստեղծագործության մեջ» թեմայով թեկնածուական թեզ պաշտպանեցի, և հայրս շատ ուրախ էր, որ իր գիծը շարունակողն եմ։ Միևնույն ժամանակ հասկացա, որ երաժշտություն լսելով՝ միայն այն սիրող մնալը շատ քիչ է։ Լսում էի ոչ միայն գործիքային, այլև նվագախմբային երաժշտություն, սիմֆոնիաներ, օպերաներ․ դա ուրիշ աշխարհ էր։ Հասկացա, որ պետք է փորձեմ զբաղվել դրանով, իմանալ դիրիժորության գաղտնիքները, և ընդունվեցի Կոնսերվատորիա։

Կարդացեք նաև

Հայրս իմացավ, ասաց, որ ափսոս է, խոստացա, որ երկուսով էլ կզբաղվեմ։ Անկեղծ, փորձում էի, բայց զբաղվածությունն այնքան շատ եղավ, որ հիմա գրականություն միայն ընթերցում եմ։ Կոնսերվատորիայում սկզբում սովորել եմ Արամ Քաթանյանի դասարանում, ով եղել է Օպերայի գլխավոր դիրիժորը, ապա՝ Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբորորդու՝ Էմին Խաչատրյանի մոտ, հետո դարձա նրա ասիստենտը։ Եթե նայեք խորհրդային շրջանի բոլոր ֆիլմերը՝ սկսած «3+2» կոմեդիայից, վերջում գրված է՝ դիրիժոր Էմին Խաչատրյան։ Ի դեպ, շատ նման է Արամ Խաչատրյանին։

Ընդունվելու ժամանակ գաղտնիությունն ինչպե՞ս եք ապահովել, պետք չէ՞ր պարապել։

– Հարցազրույց էր, կային բազմաթիվ նշանավոր դիրիժորներ, ովքեր Հայաստանի երաժշտարվեստի պատմությունն էին կերտել՝ Ռաֆայել Մանգասարյան, Հակոբ Ոսկանյան, Արամ Քաթանյան, Էմին Խաչատրյան․․․ Հարցեր տվեցին, հասկացան, որ բոլոր սիմֆոնիկ ստեղծագործություններից և օպերաներից քաջատեղյակ եմ, և ընդունեցին։

Մի գաղտնիք ասեմ․ բոլոր երեխաները ծնողներից փող վերցնում էին բուֆետ գնալու կամ խաղալիք գնելու համար, իսկ ես, երբեմն սոված մնալով, հավաքում էի, որ ձայնասկավառակ գնեմ։ Ժամանակի հետ երաժշտական մեծ պաշար ձեռք բերեցի, որ զարմանքով և ուրախությամբ լսեցին ուսուցիչներն ու երևի ասացին՝ արժանի է սովորելու դիրիժորական բաժնում։ Քննությունից հետո նոր այդ մասին ասացի հորս։ Նա, թե՝ արդեն պատրաստի դասախոս ես, բայց դա ինձ երբեք չի ձգել։ Ինքն էր սիրում դասախոսություն կարդալ։ Ես Կոնսերվատորիայում դասավանդում եմ օպերային պատրաստություն, աշխատում ենք ապագա երգիչների հետ, փորձում ենք տեսարաններ ստեղծել, որպեսզի ոչ միայն կանգնեն բեմում և երգեն, այլև խաղան, համագործակցեն մյուս երգիչների հետ անսամբլներում, զուգերգերում։ Դա ինձ հետաքրքիր է՝ անհատական աշխատանք է, ոչ թե դասախոսություն։ Յուրովի ես մոտենում ամեն մեկին։

– Նշեցիք, որ օպերային երգիչներ եք պատրաստում շատ երաժիշտներ կարևորում են, որ դիրիժորները նաև ուսանելու տարիներին փորձ ձեռք բերեն, նվագախմբի հետ ելույթ ունենան։ Մեզ մոտ նման փորձեր արվո՞ւմ են։

– Ճիշտ եք։ Նման փորձեր արվում են։ Ուղղակի խնդիրը հետևյալն է․ երբեմն գալիս էին ուսանողներ, որոնք ո՛չ բազա ունեին, ո՛չ գիտելիք։ Պատահական չէ, որ դիրիժորությունը միշտ երկրորդ մասնագիտություն է։ Պետք է երաժշտական գործիքի տիրապետես կամ լինես երգչախմբի խմբավար։ Կոնսերվատորիան ունի իր նվագախումբը, փորձեր արվում են, երբեմն հնարավորություն է տրվում դիրիժորներին փորձ ձեռք բերել։ Առանց փորձի դիրիժոր դառնալը շատ դժվար է։ Դու պետք է ազդակ տաս, որ երաժիշտը, նվագախմբի անդամը, երգչախումբը դրան հաջորդի։ Պետք է նախորդես երաժշտին, նվագախմբին՝ քո նոր շարժումն ինչ-որ միլիվայրկյան շուտ հաղորդելով։

Հիմնական կարծիքն այն է, որ դիրիժորը դիկտատոր է, ինչ-որ տեղ դա ճիշտ է, ուղղակի նաև խելացի դիվանագետ պետք է լինի և կարողանա շփվել նվագախմբի հետ, միայն պահանջելով չէ։ Փորձել եմ տարբեր երկրներում վարպետության դասերի ժամանակ կամ որպես հանդիսատես լինելով՝ ինչ-որ բաներ վերցնել։ Իմ կարծիքով, դա է միակ ելքը, որովհետև, եթե մեկ ուսուցչի մոտ ես սովորում, մեկ ուղղություն ես ձեռք բերում, ու հաճախ կրկնօրինակում են ուսուցչին, որը լավ բան չէ։ Իսկ տարբեր ուսուցիչներից վերցնելով՝ քոնն ես ձևավորում։ Չեմ հիշում, թե ով ինձ ասաց, որ երբեք չի կարելի կանգնել գնացող նվագախմբի դիմաց։ Այսինքն, նվագախումբը մի ամբողջ գնացք է, պետք է ձեռքերով կանգնեցնել այն։ Դու պետք է փորձես կառավարել ընթացքը, ուղղորդել։ Լսել էի ու իմ փորձից հասկացա, որ նվագախմբի անդամների կեսից ավելին չկայացած դիրիժոր է։ Իրենք կարծում են, որ շատ ավելի լավ կանեին այդ ամեն ինչը, քան այն մարդիկ, ովքեր կանգնում են իրենց դիմաց, «անիմաստ հոգնեցնում» ու «չարչարում»։ Չեմ կարող ասել, որ անիմաստ չարչարող դիրիժորներ չկան, բայց ես փորձում եմ այդպես չանել։

Երբ դասավանդում էի դիրիժորական դասարանում, գալիս էին սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ, ովքեր ուզում էին դիրիժոր դառնալ՝ կարծելով, որ նվագախմբում նվագում են ու բավականին երգացանկ գիտեն։ Բնական է, որ այդպես չէր․ պարտիտուրները չգիտեին, ուղղակի մեղեդիները գիտեին։ Մեկ ամիս կամ մի երկու տարի չարչարվելուց հետո բոլորը դուրս էին գալիս։ Դու պետք է այնպես անես, որ փորձի մթնոլորտը նորմալ լինի, որովհետև հաճախ նվագախումբը պահաջկոտ է։

Նվագախմբին առաջին անգամ հանդիպելու ժամանակ ի՞նչ էիք մտածում։

– Բնականաբար, շատ հուզվում ես, մտածում ես՝ կկարողանա՞ս ասել՝ ինչ ուզում ես։ Բացի այն, որ պահանջկոտ են, նաև կան նվագախմբի որոշ անդամներ, որոնք դիրիժորներին փորձում են ծուղակը գցել։ Ինձ հետ էլ է եղել։ Փորձել են ինչ-որ հարցում վիճել։ Երբ նոր էի ընդունվել Օպերա, եղել է նաև կոնֆլիկտ։ Ինչ-որ մի երաժիշտ փորձում է ասել՝ տեսնում եք, այս ջահելը ինչ պահանջներ է ներկայացնում։ Իրենց թվում էր, որ երիտասարդ է եկել՝ ինչ ասեն, պետք է համաձայնի, ինչքան ուզեն՝ այնքան փորձ անեն, և այլն։

Շատ դիրիժորներ նշում են, որ երաժիշտները երբեմն դիտավորյալ արարքներ են անում։ Օրինակ՝ դեպք է եղել, երբ պարտիտուրն ամրացրել են ամրակներով, և դիրիժորը չի կարողացել թերթել, և փրկել է այն, որ անգիր է իմացել։

– Հա՞։ Այդպիսի բան չեմ տեսել, բարեբախտաբար։ Լսել էի, որ բալետի պարողներն են նման բաներ արել՝ ոտնամանների մեջ ինչ-որ բաներ են գցել։

Ինչ վերաբերում է դիրիժորներին, ապա ես էլ եմ շատ անգիր ղեկավարել, բայց այնպես չէ, որ իմաստ ունի ամեն ինչ անգիր անել։ Ինձ թվում էր, թե ինչքան անգիր իմանաս, այնքան լավ։ Համաձայն եմ, մեկ-մեկ հանգստության, վստահության համար դիմացս լինում է, բայց չեմ թերթում, քանի որ անգիր եմ ղեկավարում, հետո մի 40 էջ պետք է թերթեմ, որ հասնեմ այն տեղին, որտեղ՝ եմ։ Մի խոսք կա՝ եթե պարտիտուրը քո գլխում չէ, այլ գլուխդ է պարտիտուրում, ուրեմն դու լավ դիրիժոր չես կարող լինել, որովհետև ուշադրությունդ դեպի պարտիտուրն է լինելու, և այդ դեպքում ամեն ինչ չես նկատի։

– Հայաստանում և արտերկրում քիչ են կին դիրիժորները սա բացատրում են նրանով, որ սովորաբար դիրիժորներին չեն սիրում, իսկ կանայք սիրում են, որ իրենց սիրեն։

Լավ թեզ է (ծիծաղում է։- Ա․Կ.)։ Չէի լսել այդ մասին։ Ճանաչում եմ կանանց, որոնք փորձում են աշխատել։ Բայց երբեմն ցանկությունը կա, բազան՝ ոչ։ Աղջիկներ եմ տեսել, ովքեր եկել են՝ ասելով, որ ուզում են դիրիժոր դառնալ։ Ինչ կոնցերտից, սիմֆոնիայից հարցնում եմ՝ ոչինչ չգիտեն։ Բանկերից մեկն ավանդույթ ունի՝ տարեվերջին լավագույն աշխատողներին նվեր է անում, նրանց ցանկությունն է կատարում։ Եվ մի տարի ինձ զանգեցին՝ խնդրելով, որ աջակցեմ աշխատակցին։ Հարցրի՝ ի՞նչ է ցանկանում, թե բա՝ ուզում է ղեկավարել Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Հարցիս, թե երաժշտական կրթություն ունի՞, ասացին՝ ոչ։ Միայն ցանկությունը քիչ էր, տարիների քրտնաջան աշխատանք էր պետք։

Արտասահմանում էլ կան կին դիրիժորներ, բայց չեմ կարծում, որ ամեն ինչում պետք է ձգտել հավասարվել։ Եթե որոշ պաշտոնների համար կինն է լավ, նա թող լինի, կամ՝ հակառակը։ Ես կողմ չեմ, որ որոշ սպորտաձևերի կանայք են մասնակցում։ Ունենք ծանրամարտի մասնակցող հոյակապ կանայք, հպարտանում ենք, բայց․․․ Եթե լավ դիրիժոր աղջիկ է, թող ղեկավարի, ուղղակի պետք է մի կողմ թողնի ձեր ասած՝ կանացի ցանկություններն ու լծվի ամենօրյա սև աշխատանքին՝ փորձերին։

– Շատ կոմպոզիտորներ՝ Արամ Խաչատրյանը, Մոցարտը, Բեթհովենը նաև դիրիժորներ են եղել։ Դուք՝ որպես դիրիժոր, երբևէ երաժշտություն գրե՞լ եք։

Ուսանող ժամանակ։ Ինձ մի պահ թվում էր, թե հես ա այնպես կստեղծագործեմ, որ․․․ Հետո տեսա, որ դա միայն ուղեղի աշխատանք չէ։ Իմ կարծիքով՝ մուսան պետք է գա, դրա համար հասկացա, որ հաճույք ստանում եմ հանճարեղ կոմպոզիտորների ստեղծագործությունները կյանքի կոչելով։ Եթե մուսան չի գալիս, ապա այդ գործերը հաճախ «մեռածին» են լինում։ Օրինակ, պատմում են, որ երբ Չայկովսկու ծնողները հարցրել են, թե ինչո՞ւ չի քնում, լացել է՝ ասելով, որ ուղեղում երաժշտություն է հնչում ու չի թողնում քնի։

Ո՞վ է Ձեր սիրելի կոմպոզիտորը։

– Բախն ու Մոցարտն անհասանելի մեծություններ են։ Հետո Բեթհովենը, Բրամսը, Շուբերտը, Մալերը, Շտրաուսը… Մեր մեծությունները Կոմիտասն ու Արամ Խաչատրյանն են։ Շատ եմ սիրում Էդվարդ Միրզոյանին, Առնո Բաբաջանյանին, Տիգրան Մանսուրյանին։

– 2015թ 13-ամյա գերմանացի ջութակահար աղջկա էիք բացահայտել, ով հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Իսկ Հայաստանի ներսում նման բացահայտումներ անո՞ւմ եք։

Լառա Բոշկոն էր, ով այդ տարիքում մրցույթների էր մասնակցել, հաղթել և այժմ աշխարհի լավագույն բեմերում է ելույթ ունենում։ Հիշում եմ, երբ առաջին անգամ լսեցի 12-ամյա ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, ապշած էի։ Ասացի, որ մեծագույն երաժիշտ է դառնալու․ այդպես էլ եղավ։ Ժամանակին ինձ հետ ելույթ էր ունենում Դիանա Ադամյանը, ով այժմ մեծ երաժիշտ է դառնում։ 10 տարի անընդմեջ ղեկավարել եմ նոր անունների փառատոների համերգները․ ինձ հետ ելույթ են ունեցել հարյուրավոր հայ և արտասահմանցի երեխաներ։ Ընտրել ենք 10-20 երեխայի, ովքեր ելույթ են ունեցել նվագախմբով։ Վերջին տարիներին, ցավով պետք է նշեմ՝ երեխաների թիվը պակասել է։ Լավ ուսուցիչների կարիքը շատ է զգացվում դպրոցներում։ Տարիների հետ խորհրդային դպրոցի լավագույն ուսուցիչների մի մասը մեկնեց արտասահման, մյուս մասը թոշակի անցավ, ոմանք մահացան։ Եվ նրանց միշտ չէ, որ գալիս են փոխարինելու հավասարազոր ուսուցիչներ, իսկ ուսուցչից ամեն ինչ կախված է։

– ՀՀ-ում դասական երաժշտությամբ հետաքրքրվողները շա՞տ են, թե՞ քիչ։ «Սիմֆոնիկ Հոլիվուդ», «Հայ ֆիլմ» նոն ստոպ նախագիծ իրականացվեց։ Դրանով կարողանո՞ւմ եք գրավել։

– Կարծում եմ՝ այո։ Ցանկացած տիպի երաժշտության կողմնակից եմ, եթե դա բարձրորակ երաժշտություն է։ Ունեցել ենք «Սիմֆո ռոք» համերգ, կատարել ենք ֆիլմերի սիմֆոնիկ երաժշտություններ, որոնց կոմպոզիտորները բարձրորակ երաժշտություն են գրել։ Իմ կարծիքով՝ այդ համերգները նպաստում են, որ մարդիկ, ովքեր դպրոցներում դասական երաժշտություն չեն սովորում, ինչ-որ ձև շփվեն։ Զարմանում եմ, որ շատերը ռաբիս երաժշտություն են լսում։ Զարմանում եմ, որ հեռուստաալիքները, ռադիոն այդ երաժշտությանը շատ են տեղ տալիս՝ ասելով, որ պահանջարկը դա է։ Իհարկե, պահանջարկը դա կլինի, եթե ամբողջ օրը դա են լսում, դրան են ծանոթ։ Հիմա մարդը, ով երբեք գիրք չի կարդացել, ձեռքը տաս «Համլետ»-ը, կասի՝ այս ինչ ստից բան է։ Դրա համար կրթություն, դաստիարակություն է պետք։ Մի կատակ կա․ հարցնում է՝ հայրիկ, ի՞նչ է օպերան, պատասխանում է՝ դա այնպիսի ներկայացում է, որ 19։00-ին սկսվում է, երկու ժամ հետո ժամացույցին նայում ես, պարզվում է 19։15 է։ Այսինքն, ձանձրալի է։ Բայց երբ շփվում են, տեսնում են, որ բավական հետաքրքիր է, ձանձրալի չէ։

Փառք Աստծո, ունենք լավ հանդիսատես, որը չի պակասել։ Մի քաղաքականություն է պետք վարել, որ որոշ, օրինակ, փողային գործիքների ուսուցիչներ բերենք նաև արտերկրից։ Ֆիլհարմոնիկ նվագախմբում հրավիրյալ փողային երաժիշտներ ունենք, որոնք հաճախ դասավանդում են։ Տեսել եմ, թե ինչպիսի ոգևորությամբ են գալարափողի դասերի գնում մեր երիտասարդ գալարափող նվագողները։ Չմոռանանք, թե ինչպես մեզ մոտ զարգացավ բալետը․ եկան ռուս պարողներ, և այդ շփումների միջոցով է, որ զարգացում ունեցանք։

Քանի որ Ձեր ատենախոսության թեման է եղել «Ազգային բնավորությունը Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններում», ի՞նչ եք բացահայտել ուսումնասիրության ընթացքում, և եթե դուրս գանք այս սահմաններից, ապա, ըստ Ձեզ, ինչպիսի՞ բնավորություն ունի հայ ազգը։ Բնավորության ո՞ր գծերն են դուր գալիս և որո՞նք նյարդայնացնում։

– Ցավոտ հարց եք տալիս։ Վերջերս շատ եմ այդ մասին մտածել։ Վիլյամ Սարոյանը, հեռվում ապրելով, հիացական է խոսել ամեն ինչի մասին։ Իր համար մեծ հպարտություն էր հայ լինելը․ շատ կոպիտ է պատասխանել նրանց, ովքեր ասել են, թե ինչո՞ւ ազգանունը չի փոխել։ Ժամանակին Հեմինգուեյի հետ ամենաշատ կարդացվող ամերիկացի գրողն է եղել։ 1960-ական թթ․ ասում էին՝ ամենաշատ կատարվող կենդանի կոմպոզիտորը Արամ Խաչատրյանն էր։ 5 րոպեն մեկ աշխարհի մի ծայրում ստեղծագործության մեկ հատված գոնե կատարվում էր։

Շատ եմ մտածել այդ մասին ու հանգել եմ այն եզրակացության, որ ծայրահեղ բնավորություն ունեցող ազգ ենք։ Շատ լավ կառուցող, ստեղծող, շինարար, ստեղծագործող, օգնող, միևնույն ժամանակ՝ ծայրահեղ վատ գծերով ազգ ենք։ Իսահակյանն ասել է՝ երկար տարիներ չունենալով պետականություն և լինելով հաճախ քոչվոր շատ ցեղերի լծի տակ, նրանցից ենք շատ վատ գծեր վերցրել։ Ուզում եմ հավատալ դրան։ Ուզում եմ հավատալ, որ ժամանակի ընթացքում կփորձենք մաքրվել այդ գծերից։ Բնավորության ահավոր գծեր կան, որոնք հաճախ նույնիսկ սարսափելի են, և վերջին տարիներին մեզ պատած չարությունն էլ՝ այդ թվում․ այն ավելի ակներև է դարձնում միմյանց հանդեպ թշնամանքը։ Եվ երաժշտությունը միջազգային այն լեզուն է, որ մարդու հոգին խաղաղեցնում է, գեղեցիկ ու բարի դարձնում։ Ես ինձ այդ առումով երջանիկ եմ զգում, որ շփվում եմ այն հանճարների գործերի հետ, որոնք համամարդկային են։

Տեսանյութեր

Լրահոս