Բաժանիր, որ հանձնես
Գրողների միությունն (ԳՄ) ընդլայնված նիստ է գումարում և հայտարարություն է ընդունում ԳՄ շենքը խլելու՝ իշխանությունների որոշման անթույլատրելիության մասին։
«Գոյ» թատրոնի կոլեկտիվը նստացույց է կազմակերպել և պայքարում է թատրոնը փաստացի փակելու՝ իշխանության որոշման դեմ։
Վերջերս ալեկոծվել էր երաժշտական համայնքը՝ տարբեր ակցիաներ կազմակերպվեցին Երևանի պետական կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառելու, կրկին՝ փաստացի փակելու՝ իշխանությունների որոշման դեմ։
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիներն ամեն օր ապրում են խոր անհանգստության մեջ՝ իրենց բնակավայրերի հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելու՝ իշխանությունների որոշման պատճառով, տարբեր միջոցառումներ են կազմակերպում, հնչեցնում են բողոքի իրենց ձայնը։
Թվարկված ու նմանատիպ բազմաթիվ այլ դեպքերին միավորում է առնվազն մի քանի հատկանիշ․ տարբեր մասնագիտական համայնքներին, տարբեր բնակավայրերին վերաբերող, մեղմ ասած, խնդրահարույց որոշումներ կայացրել է նույն իշխանությունը, և բոլոր այս ընդվզումներն առայժմ մնում են անարձագանք։
Եվս մեկ կարևոր ու ըստ էության այս խնդիրների չլուծման պատճառ հանդիսացող հանգամանք է այն, որ դրանց վերաբերյալ դժգոհությունն արտահայտվում է միայն դրա անմիջական հասցատերերի կողմից ու նրանց շրջանում․ գրողների կողքին չենք տեսնում կամ գրեթե չենք տեսնում երաժիշտների, դերասանների պայքարն ընթանում է՝ առանց գրողների, Կոնսերվատորիայի փակումը ո՛չ գրողներին, ո՛չ էլ դերասաններին գրեթե չի հուզում, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին նշված խավերից որևէ ներկայացուցիչ, առավել ևս, կանգնած չէ։
Այն դեպքում, երբ բոլոր այս կազմաքանդող, առավելապես նեգատիվ նշանակություն ունեցող որոշումները կայացրել է նույն իշխանությունը, առնվազն տրամաբանական է, որ դրանց դեմ պայքարը բազմապատիկ արդյունավետ կլիներ, եթե մեկուսի բողոքի օջախների փոխարեն՝ այն ընթանար մեկ միասնական ձևաչափով, որի նպատակը կլիներ ամեն ինչ կազմաքանդող իշխանության փոփոխությունը։
Պատճառները՝ ինչո՞ւ դա տեղի չի ունենում, բազմաթիվ են՝ սկսած պարզ կոմունիկացիոն խնդիրներից, մինչև բոլոր այդ խավերի ներկայացուցիչների կոնֆորմիզմն ու իշխանությունների հետ հետագայում հարաբերությունները չփչացնելու ճղճիմ հաշվարկները։ Բայց անկախ պատճառների բազմազանությունից, ի վերջո, խնդիրը հանգում է հանրային մոբիլիզացիայի, հասարակական համերաշխության բացակայությանը, ինչը բոլոր պայքարողների ու նրանց կողքից հետևողների մեծագույն նվերն է իշխանություններին։
Հենց դա է իշխանությանը վստահություն ներշնչում, որ գործնականում կարող է անել ամեն ինչ, փակել ցանկացած հաստատություն, քայլել ցանկացած սրբության վրայով ու մնալ անպատիժ, քանի որ բողոքի փոքր օջախներն այդպես էլ չեն բոցավառվելու և մարելու են ճայթուկների նման։
Նիկոլ Փաշինյանը գործնականում օպտիմալացնում է Հայաստանն ու հայ հասարակությունը, որի անգամ լուսավորյալ անդամների մեծ մասը մեկուսի խավարը գերադասում է հավաքական լույսից՝ դրանով ամրացնելով այն պատնեշները, որոնք ամեն օր ավելի են բարձրանում հասարակության տարբեր շերտերի ու խավերի միջև։ Զուգահեռաբար՝ արտաքուստ իր դեմ ուղղված մեկուսի պայքարի դրսևորումների արդյունքում իշխանությունն ավելի է ամրանում՝ իր քանդարարությամբ սնելով ընդզվման նոր, բայց այդպես էլ միասնական պայքարի չհանգեցնող առիթներ։
Հարություն Ավետիսյան