Ալիևը համոզում է, որ Հայաստանի վրա չի հարձակվելու, իսկ Թուրքիան պատրաստվում է լրացում կատարել ազգային անվտանգության քաղաքականության մեջ. քննարկումն ապրիլին է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ՝ «ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական հիմնական միջոցներից մեկը հոդված է տպագրել, որտեղ արտահոսքի միջոցով փորձում է Հայաստանին մեղադրել առաջիկայում նախապատրաստվող գործողության մասին»:
«Ըստ այդ կեղծիքի, Հայաստանը Ֆրանսիայի և այլ արտատարածաշրջանային ուժերի օժանդակությամբ հարձակում է գործելու մի քանի բարձունքների ուղղությամբ, որի նպատակը բանակցային գործընթացում հայկական դիրքերի ուժեղացումն է:
Չափազանց վտանգավոր եմ համարում ադրբեջանական այս ապատեղեկատվության դաշտ նետելը, որն ավելի շատ Ադրբեջանի կողմից նոր գործողության նախապատրաստություն է հիշեցնում»,- շարունակել է պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանի հիշատակած ադրբեջանական հոդվածում նախ հիշեցվում է Ներքին Հանդում «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումը», որին հաջորդել է ադրբեջանական «Հատուցում» գործողությունը, ինչի հետևանքով մենք 4 զոհ ունեցանք:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կամ նրա քաղաքական հրամանով ՀՀ ռազմական ոստիկանության «թեթև ձեռքով» ի լուր աշխարհի մեղավոր կարգվեց հայկական կողմը, ինչն ադրբեջանական կողմից օգտագործվել և օգտագործվելու է:
Իսկ ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական լրատվամիջոցի հոդվածում, ինչպես նշեցինք, թուրք-ադրբեջանական հետագա սադրանքների կամ «հատուցումների» համար քարոզչական ֆոն է ստեղծվում և պնդում արվում, թե իբր «Հայաստանը Ֆրանսիայի և այլ արտատարածաշրջանային ուժերի օժանդակությամբ հանկարծակի հարձակում է նախապատրաստում հայ-ադրբեջանական պայմանական սահմանի մի քանի բարձունքների ուղղությամբ, որպեսզի բանակցային գործընթացում ամրապնդի հայկական դիրքերը»: Եվ որպես ապացույց՝ բերվում են ադրբեջանական ՊՆ հաղորդագրությունները՝ Քարվաճառի, Նախիջևանի և այլ ուղղություններով «հայկական կրակոցների մասին», որոնք ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն էր որակել:
Ադրբեջանական լրատվամիջոցի խմբագրականում միաժամանակ ասվում է, որ Ֆրանսիան ոչ միայն զինում է հայկական բանակը, այլև զբաղվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մարտական ուսուցման հարցերով:
Իհարկե, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ռազմական խորհրդատվությունների մասին ակնարկներ արել է, դրանից հետո իշխանամերձ փորձագետները տարբեր առիթներով սկսեցին հայտարարել արևմտյան երկրներից ՀՀ զինված ուժեր խորհրդականների «ներթափանցման» մասին (այս թեմային առաջիկայում առանձին կանդրադառնանք), բայց մի փոքր աբսուրդային է, որ այս մասին ասում է մի երկիր, որի բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարում էին թուրք գեներալները, ինչը շարունակվում է մինչև այսօր, և Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականը թուրք գեներալ է։
Ավելին, նման մեղադրանք առաջադրում է մի երկիր, որի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներն են «պայմանական հակառակորդի վրա» հանկարծակի հարձակման դրվագներ խաղարկում հարձակողական զորավարժանքների ժամանակ, ինչից զերծ է մնացել ՀՀ ԶՈՒ-ն, որին Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել չկատարել օրենքով սահմանված լեգիտիմ խնդիրները, չտրվել սադրանքների և, լավագույն դեպքում, միայն պաշտպանվել:
Այլ հարց է, որ հաճախ Նիկոլ Փաշինյանը և նրա մերձակա շրջապատն անում են հայտարարություններ, որոնց տակից բանակը չի կարողանալու կամ թույլ չեն տալու դուրս գալ, և անգամ տեղեկատվական պատերազմում համապատասխան քայլեր չեն արվում:
Օրինակ, ինչպես ասացինք, իշխանամերձ փորձագետները խոսում են արևմտյան երկրներից խորհրդականների «ռազմական» այցերի մասին, Փաշինյանի ընտանեկան թերթը հետախուզական գործարքի մասին «գաղտնազերծում» է անում, որը, թեև հետո պարզվեց՝ ֆեյք տեղեկություն էր, բայց ՀՀ-ի դեմ քարոզչական ֆոն է ստեղծում և Ադրբեջանին սադրանքների և մեղադրանքների լեգիտիմ իրավունք տալիս, որ Փարիզն ու Երևանը փորձում են դիմել 3-րդ ռեյխի պրակտիկային: Այսինքն, երբ պետք է՝ համարձակություն չունեն, երբ պիտի լռեն՝ խոսում են: Եվ Ալիևը, ով առանց թաքցնելու՝ հզորացնում է իր բանակը և համալիր կերպով պատրաստվում նոր պատերազմին, այսօր հերթական անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր իրենք չունեն, դա Մակրոնի հորինվածքն է: Մինչդեռ France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում: Այսինքն, սա, բնավ, ֆրանսիական հորինվածք չէ, այլ իրականություն: Այլ հարց է՝ Ադրբեջանի կողմից հավանական գնահատվող ռազմական գործողություններին Նիկոլ Փաշինյանն ինչպես է պատրաստում պետությունն ու բանակը:
Չմոռանանք, որ 2021-2022 թվականներին Ադրբեջանն ինքն է ՀՀ ինքնիշխան տարածքում վերահսկողության տակ առել հայկական ռազմավարական նշանակության բարձունքները, տարածքները, որոնցից չի պատրաստվում հեռացնել իր զորք, իսկ հայկական կողմը դրանցից ադրբեջանական զինուժի հեռացման ռազմական քայլեր ի սկզբանե չի արել:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, գրել են, որ Թուրքիան պատրաստվում է լրացումներ կատարել ազգային անվտանգության քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, և, որ համապատասխան նախագիծն ապրիլին քննարկվելու է Թուրքիայի ԱԽ նիստում՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ:
Նշվում է, որ համապատասխան փաստաթղթի վերանայման նախորդ քննարկումները տեղի էին ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 30-ին: Այսինքն, 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ:
Իսկ այսօր տարածաշրջանում անվտանգային վտանգները գնալով սրվում են, կոմունիկացիաների համար գլխավոր խաղացողների մրցակցությունը՝ ևս, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որը թուրքական նախագիծ է, ըստ էության: