Ալիևը համալիր կերպով պատրաստվում է նոր պատերազմին. նշվել են հստակ քայլեր

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ երկրի անվտանգային հարցերի լուծումը և սեփական բանակի մարտունակության բարձրացումն ու խնդիրների առաջադրումը պետք է լինի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների կոնտեքստում:

Նույն բանն Ալիևն է ասում: Այլ հարց է, որ նշվածի վերաբերյալ Փաշինյանի և Ալիևի պատկերացումները տարբեր են:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ մեր անվտանգային պատկերացումները պետք է հարմարեցնել արտաքին կամ աշխարհի պահանջներին ու ընկալումներին և վերացնել առկա ճեղքը: Իսկ սա նշանակում է, որ բանակը պետք է օրենք խախտի և չկատարի իր լեգիտիմ խնդիրները, որը Փաշինյանը համարում է ոչ լեգիտիմ: Եվ չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ իր խաղաղության օրակարգը տապալվել է, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել ՀՀ սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով:

Իսկ ինչ է ասում Ալիևը, ով հաղթել է 2020 թվականի պատերազմում, Արցախն ամբողջությամբ վերցրել իր հսկողության տակ, օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքները 2021-2022 թվականներին: Ալիևն ասում է, որ իր պահանջները, գործողությունները, բանակի առջև իր դրած խնդիրները միանգամայն լեգիտիմ են, միջազգային իրավունքի հիման վրա, և աշխարհը դա պիտի ընդունի այնպես, ինչպես կա:

Կարդացեք նաև

Արտահերթ նախագահական ընտրություններում սպասելի հաղթանակից հետո Ալիևն իր երդման արարողության ժամանակ հստակ նշել է նաև, որ իր գլխավոր խնդիրն առաջիկա տարիներին ևս մնալու է Ադրբեջանի զինված ուժերի ամրապնդումը:

«Այսօր անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում մեր զինված ուժերի հետագա զարգացման համար, ձեռք է բերվում անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա, ստեղծվում են նոր զորամիավորումներ: Հատուկ նշանակության ուժերի թվակազմը մի քանի անգամ ավելացել է, և այս գործընթացը շարունակվում է,- իր երդման արարողության ժամանակ շեշտել է Ալիևը՝ շարունակելով,- Մենք ստեղծում ենք ռազմարդյունաբերական համալիր, առաջին փուլն արդեն ավարտված է, երկրորդ փուլն ավելի լայնամասշտաբ է լինելու: Միայն այս տարի այդ նպատակով ներդրվել է ոչ պակաս, քան 1 միլիարդ, և այսուհետ մենք առավել մեծ ծավալով պիտի ապահովենք ինքներս մեզ սպառազինությամբ և տեխնիկայով: Այսինքն, այս բնագավառում բավականին չափով կկարողանանք ազատվել արտաքին կախվածությունից»:

Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը նկատել է, որ աշխարհը փաստացի մոտ է 3-րդ համաշխարհայինին, ավելին, ըստ նրա, ոմանք գտնում են, որ այն արդեն սկսվել է: Իսկ ժամանակակից պատերազմները, Ալիևի դիտարկմամբ, նախկին պատերազմներից տարբերվում են, 2-րդ համաշխարհայինը հնարավոր չէ համեմատել այսօրվա պատերազմների հետ, ուստի շատ երկրներ հատուկ ուշադրություն են դարձնում ռազմական ոլորտին:

«Սա ևս մեկ անգամ հիմք է տալիս ասելու, որ բանակաշինությունը և ռազմական ներուժի հզորացումը հիմնարար խնդիր է: Ես պետք է նշեմ, որ շատ երկրներում դա արդեն այդպես էլ կա, ինչը կարելի է տեսնել նրանց ռազմական դոկտրիններում, ռազմական բյուջեներում և այլ քայլերում»,- ասել է Ալիևը՝ միաժամանակ հավելելով, որ Ադրբեջանը պետք է շատ ուժեղ պաշտպանի իր սահմանները, ինչի ուղղությամբ արդեն կարևոր քայլեր են արվում:

Այսինքն, Ալիևի խոսքով, պետք է ուշադրության կենտրոնում լինեն սահմանակից ենթակառուցվածքները, հատկապես, երբ 44-օրյա պատերազմից հետո «վերադարձան ադրբեջանա-իրանական երբեմնի սահմանին և տեղակայվեցին հայ-ադրբեջանական պայմանական սահմանին»:

«Մեր սահմանը պետք է շատ ամուր փակ լինի, որ անգամ թռչուն չկարողանա մտնել: Մեր սահմանների պաշտպանությունը՝ մեզ պաշտպանելու արտաքին վտանգներից»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Վերադառնանք Ադրբեջանի՝ պատերազմի պատրաստվելուն կամ սանձազերծելուն, և հավելենք՝ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ Ադրբեջանի զինված ուժերում հրամանատարաշտաբային մոբիլիզացիոն դասընթացներ են սկսվել, որի նպատակն է՝ ստուգել մոբիլիզացիայի իրականացման կարողությունները՝ ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչպես նաև երկրի մոբիլիզացիոն ռեսուրսը, դրանց վերատեղաբաշխման հնարավորությունները հարձակողական օպերացիաների իրականացման դեպքում և այլն:

Այսինքն, Ալիևի գործողությունները միանգամայն տեղավորվում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների տրամաբանության մեջ, և սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի դեպքում հարձակվողը հենց Ադրբեջանն է լինելու: Իսկ Նիկոլ Փաշինյանի գործնական քայլերը, առաջադրած պահանջները կտրված են իրականությունից, ավելին, թույլ չեն տալիս, որ բանակը գործի առկա իրականությանը համապատասխան:

Մինչդեռ նոր պատերազմն ամեն օր ավելի հավանական է դառնում, երբ անգամ Հայաստանից միայն կառուցողական և զիջողական առաջարկներ են արվում, իսկ զինված ուժերին էլ հրահանգվում է պատասխան կրակ չբացել…

Տեսանյութեր

Լրահոս