Երեխաների դժվարություններն ուսման ընթացքում

Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են:

Դատողության կարողությունը կօգնի նրանց առաջադիմել, եթե նրանք հանդարտվեն: Երեխաները, որոնք դատողության ու դյուրըմբռնման ընդունակություն չունեն՝ չունեն նաև դժվարություններ, սակայն, իր հերթին, նրանք չեն աշխատում (ներքուստ), չեն խորհում (կյանքի մասին)՝ բառի լավ իմաստով:

Գիտե՞ք, թե որքան ուսանողներ կան, որ քննություններին պատրաստ լինելով ու ամեն ինչ անգիր իմանալով՝ վախենում են, որ կտապալվեն ու այդ պատճառով էլ քննություններին չեն գնում: Ի վիճակի լինելով ուսումը հաղթահարել, այդպիսի ուսանողներն իրենք իրենց խուճապի են մատնում իրենց վախկոտությամբ: Սակայն, եթե նրանք խոնարհաբար խնդրեն. «Աղոթեք, որովհետև ինքս չեմ կարողանում ուսումը գլուխ բերել, բայց ձեր աղոթքներով կփորձեմ քննությունները լավ հանձնել», ապա խոնարհության համար նրանք և՛ Աստծո բարեշնորհությունը կընդունեն, և՛ աստվածային լուսավորումը: Դրանից զատ, ուսանողները պետք է իրենց հովանավոր Սրբին աղոթեն, որը կօգնի նրանց՝ ըստ իրենց հավատի ու ակնածանքի:

– Հա՛յր, արտասահմանում սովորող մի աղջիկ գրել է ինձ. «Միտքս ասում է ինձ, որ երբևէ չեմ կարողանա հոգևոր աճ ունենալ: Երևում է միշտ էլ այսպիսին կմնամ»:

Կարդացեք նաև

– Ա՜յ քեզ տարօրինակ աղջիկ: Նստել է Եվրոպայում ու այդպիսի եզրահանգման է եկել: Ախր նա չի գնացել այնտեղ, որ հոգևոր աճ ունենա և ոչ էլ ընդմիշտ է այնտեղ մնալու, այլ գնացել է, որպեսզի ստանա այն գիտելիքները, որ անհրաժեշտ են իր մասնագիտությանը: Թող փորձի պահպանել հոգևոր այն վիճակը, որն այժմ ունի և չձգտի այնտեղ հոգևոր զարգացման: Չէ՞ որ եվրոպացիները (աշխարհիկ) գիտությունների մեջ են զարգացել, այլ ոչ թե՝ հոգևոր: Թող չճնշի ինքն իրեն և ամեն ինչ սրտին մոտ չընդունի: Չարժե այդ ամենը սրտին մոտ ընդունել ու տառապել դրա պատճառով:

Թող իր այնտեղ գտնվելը ժամկետային զինվորական ծառայություն համարի: Զինվորը բանակում քրտնաջան աշխատում է, ուժասպառ է լինում, ուրիշները երբեմն շատ կոշտ են վարվում նրա հետ:

Իսկ մարդիկ նրան գոնե հարգալից են վերաբերվում Եվրոպայում, թեկուզ և արտաքնապես միայն ու կեղծ՝ ըստ եվրոպական հոգեկերտվածքի: Կարելի էր ենթադրել, որ նա այդպիսի դժվարությունների կհանդիպի, որովհետև Հունաստանում ևս տեսնում ենք այդ ամենը, միայն այն տարբերությամբ, որ քանի որ մենք ուղղափառ ժողովուրդ ենք, ապա նաև հոգևոր օգնություն կա նրանց համար, ովքեր մտահոգված են իրենց հոգևոր կյանքով: Մի քիչ համբերություն, մի քիչ ուշադրություն և դժվարությունները կհաղթահարվեն:

Դե, եթե նա այնտեղ է հայտնվել, ապա պետք է իր ազատ ժամանակն ընթերցանությանն ու աղոթքին նվիրի, որպեսզի հոգևոր սնունդ նույնպես ստանա: Ուսման մեջ առաջադիմելու համար թափած ջանքերը կօգնեն նրան ամբողջովին դրա մեջ սուզվել և այդժամ նրան օտար կլինեն բոլոր չար խորհուրդներն ու պատանեկան գայթակղությունները:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս