Արցախից բեռնատարով ենք տեղափոխվել Հայաստան, երեխաները բեռնատարի «կուզովի» մեջ են եղել. Սննդի ու հագուստի կարիք ունենք. Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայր

2023 թվականի սեպտեմբերին 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակիչների դեմ սկսած պատերազմի արդյունքում, հազարավոր ընտանիքների նման, Զինա Գևորգյանի ընտանիքն էլ թողեց հայրենի գյուղը և բռնեց գաղթի ու անորոշության ճանապարհը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը գրավել էր Արցախի մեծ մասը, Զինա Գևորգյանն ամուսնու և 6 անչափահաս երեխաների հետ շարունակեց ապրել Արցախում՝ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում։ Ճիշտ է՝ թշնամին մոտ էր, մշտապես կրակում էր, սադրում, բայց այդ ամենը տիկին Զինային ու նրա ընտանիքին չի ստիպել դուրս գալ Արցախից։ Ծնողի նման են վերաբերվել Արցախին, եթե ծնողը վիրավոր լիներ, նրան նույն կերպ չէին լքի, կպահեին, կփայփայեին։

Սեպտեմբերի 19-ից հետո, երբ բռնի տեղահանվել են Արցախից, բեռնատար մեքենայով մի քանի օր ճանապարհ են անցել, մինչև Ստեփանակերտից հասել են Գորիս։ Սկզբնական շրջանում Քաջարանում ծանոթի տանն են ապրել, այնուհետև տեղափոխվել են Քաջարանի գյուղերից մեկը՝ Գեղի, վարձով տուն։ Այսօր ո՛չ տիկին Զինան, ո՛չ ամուսինն աշխատանք չունեն, չեն կարողանում երեխաների օրվա հացն ապահովել։

«Այսօր ծայրահեղ ծանր պայմաններում ենք ապրում, երեխաներս բոլորն էլ անչափահաս են, մեծս՝ 14 տարեկան, չեմ կարողանում գոնե ցամաք հացով ապահովեմ։ Գյուղում աշխատանք չենք կարողանում գտնել, նույնիսկ գումարով հող փորել չկա, մարդիկ իրենց աշխատանքն իրենք են անում։ Արցախում ես այսքան ծանր պայմաններում չեմ ապրել, Կառավարությունը մշտապես օգնել է՝ որպես բազմազավակ ընտանիք։ Մեր այգին, հողը մշակում ու ապրում էինք։ Այս օգնությունները, որ ՀՀ կառավարությունը տալիս է, երկու անգամ ենք ստացել, հազիվ հասցրել ենք տան վարձը տալ, մի քանի ամսվանը դեռ չենք կարողանում տալ ու կոմունալները վճարել, երեխաներս որևէ աջակցություն, նպաստ չեն ստանում»,- նշեց Զինա Գևորգյանը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ գյուղից ամեն քայլափոխի գումար է պետք, որ տաքսի նստի, գնա այս կամ այն գերատեսչություն ու փորձի իր հարցերը կարգավորել։

«Ռիսկ չենք անում գյուղից դուրս գանք, տաքսիով պետք է գնանք, բայց այդ տաքսու գումարը չունենք։ Ես ինձ վատ եմ զգում, որ այս խնդիրների մասին բարձրաձայնում եմ, բայց հեռախոս էլ չունենք, որ գոնե համար վերցնենք ու զանգենք, տեսնենք՝ ով ինչով կարող է օգնել։ Մեր հեռախոսները գաղթի ճանապարհին են կոտրվել։ Ընտանիքս Արցախից բեռանատարով է տեղափոխվել Հայաստան, երեխաներս բեռնատարի «կուզովի» մեջ են եղել, ամբողջ ճանապարհին այդպես հասել են Հայաստան՝ ցրտին ու անձրևին։

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցի զինվորները կանգնեցրեցին բեռնատարը, բարձրացան զենքերով, մեջը ստուգեցին, հեռախոսը երեխայի ձեռքին է եղել, ադրբեջանցիների մոտ զենք տեսնելիս վախեցել է, հեռախոսը վախից բեռնատարից գցել են ներքև»,- պատմեց մեր զրուցակիցը։

Բամազավակ մայրն այսօր ունի բոլորի օգնության կարիքը՝ երեխաներին սնունդ ու հագուստ է պետք, քանի որ Մյուրիշենից դուրս գալուց որևէ բան չեն վերցրել, ամեն ինչ թողել են ու շտապ հեռացել, քանի որ երեխաներին մեծ վտանգ էր սպառնում, հապաղելու դեպքում՝ երաշխիք չկար, որ գյուղից ողջ դուրս կգային։

«Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը դուրս ենք եկել գյուղից, երեխաների համար էի վախենում, նրանց տարանք կողքի գյուղ, այնտեղ էլ էր վտանգավոր, թուրքերը գրեթե գյուղը շրջափակում էին, այնտեղից տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Ստեփանակերտում տեսան, որ բազմազավակ ընտանիք ենք, մեզ մի բեռնատար տվեցին, ասացին՝ երեխաներին շտապ հանեք այստեղից։

Մենք Գեղի տեղափոխվեցինք, որովհետև գյուղը մեզ հարմար է, մենք սովոր ենք գյուղում ապրել, մտածեցինք՝ այստեղ հող կմշակենք, կապրենք։ Մի քանի ամիս է՝ տան վարձը չենք կարողանում տալ, երեխաների համար մենակ հաց ենք բերում խանութից, խանութպանը բարի մարդ է, ասում է՝ ամեն օր երկու հատ հաց տար, գումարը երբ լինի՝ կտաք։ Չգիտեմ՝ հիմա ինչքան եմ պարտք այդ խանութին: Տան տերն էլ է բարի, մի քանի ամսվա վարձ չենք տվել, բայց դուրս չի հանել»,- շեշտեց տիկին Զինան։

Զինա Գևորգյանի երեխաները 2020 թվականի պատերազմից հետո նկարահանվել են ամերիկաբնակ Վրույր Թադևոսյանի  «Ասք կապույտ երկնքի» վավերագրական ֆիլմում, որտեղ պատմում են իրենց խոհերի ու երազանքների մասին։ Իսկ նրանց երազանքը մեկն էր՝ ապրել Արցախում ու խաղաղ երկնքի տակ։

Հ.Գ. Ընտանիքին օգնելու համար Զինա Գևորգյանը տրամադրել է հետևյալ հաշվեհամարը՝

Հայբիզնեսբանկ՝  1570096407050200

Հակոբյան Գևորգ

Լուսանկարները՝ Վրույր Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս