Երբեք որևէ մեկից օգնություն չեմ խնդրել՝ կարիքը չեմ ունեցել, հիմա մեծ օգնության կարիք ունեմ. Արցախից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքի մայր
Արցախից բռնի տեղահանված 39-ամյա Լյուդմիլան 6 երեխաների մայր է, ամուսնու և երեխաների հետ այսօր վարձով բնակվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղում։
Մինչև բռնի տեղահանվելը, բազմանդամ ընտանիքն ապրում էր Արցախի Կարմիր Շուկայում, ունեին սեփական տուն, որը ստացել էին պետությունից, ունեին աշխատանք, զբաղվում էին այգեգործությամբ: Երջանիկ ապրում ու աշխատում էին։ Իսկ հիմա՝ բռնի տեղահանվելուց ու Հայաստան տեղափոխվելուց հետո, բախվել են բազմաթիվ խնդիրների՝ չունեն աշխատանք, չեն ստանում ոչ մի աջակցություն ու մնացել են Աստծո հույսին։
168.am-ի հետ զրույցում Լյուդմիլան պատմեց, որ Կարմիր Շուկայից դուրս են եկել սեպտեմբերի 20-ին, սկզբում գնացել են Մարտունու շրջանի Գիշի գյուղ, որն այդ օրերին համեմատաբար ավելի անվտանգ էր, այնուհետև տեղափոխվել են Ստեփանակերտ, Ստեփանակերտից էլ բռնել են գաղթի ճանապարհը դեպի Հայաստան: Տեղ են հասել ավելի քան 30 ժամ հետո։
«Ես 6 երեխա ունեմ՝ 3 տղա, 3 աղջիկ, 4-ն անչափահաս են, ես Արցախում նրանց պահելու որևէ խնդիր չեմ ունեցել, քանի որ աշխատնք ունեինք, տուն ունեինք, բայց այստեղ ես նրանց կերակրելու խնդիր ունեմ, որովհետև ոչինչ չունենք՝ չկա սեփական տանիք, աշխատանք։ Ոչ մի ձևի օգնություն պետությունից չենք ստացել, բացի 50 հազար դրամներից, մի քանի տեղ դիմել եմ, որպեսզի հասկանամ՝ խնդիրն ինչ է, սակայն որևէ պատասխան չեմ ստացել, նպաստ չենք ստանում։
Տան վարձը 150 հազար դրամ է, կոմունալների հետ ամսական 200 հազար դրամ վճարում եմ»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ 43-ամյա ամուսինը տարբեր տեղեր է դիմում աշխատանքի համար, սակայն դեռևս որևէ դրական արդյունք չկա։
«Աղջիկս 3-րդ կուրսի ուսանող է, այստեղ չկարողացավ սովորել, քանի որ իր բոլոր փաստաթղթերն Արցախում այրվել են։ Մյուս աղջիկս էլ դպրոցում է սովորում, ուզում է դուրս գալ, եթե գումար լիներ, գոնե մի արհեստ կսովորեր։
8 հոգանոց ընտանիքիս համար օրը մոտ 3 հազար դրամը ես եմ վաստակում՝ խանութից ալյուր եմ վերցնում, բակում թոնիր ունեմ, լավաշ եմ թխում ու տալիս խանութին։ Օրը մոտ 3 հազար դրամ է մնում, դրանով էլ օրվա հացն եմ առնում, ձեթ, շաքարավազ ու բերում տուն»,- նշեց բազմազավակ մայրը։
Լյուդմիլան պատմեց նաև, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, սկզբում գնացել են Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, սակայն ցրտի պայմաններում հարմարավետ տուն չունենալու պատճառով երեխաները հիվանդացել են և տևական ժամանակ չեն լավացել։ Դրանից հետո որոշել են տեղափոխվել Երևանին ավելի մոտ բնակավայր՝ հարմար տուն ու աշխատանք գտնելու ակնկալիքով։ Երկարատև փնտրտուքներից հետո հաստատվել են Նորաշեն գյուղում։
«Կարմիր Շուկայից դուրս գալուց ոչինչ մեզ հետ չենք վերցրել, երեխաների թղթերից բացի։ Այդ պահին մտածում էինք միայն երեխաներին փրկելու մասին, ուզում էինք ժամ առաջ նրանց անվտանգ վայր տեղափոխել։
Ես երբեք որևէ մեկից օգնություն չեմ խնդրել, որովհետև դրա կարիքը չեմ ունեցել, հիմա մեծ օգնության կարիք ունեմ, որովհետև փոքր երեխաներ ունեմ։ Ես ցանկացած օգնություն սիրով կընդունեմ։ Եթե վաղն էլ Արցախում թուրք չլինի, առանց մեկ վայրկյան սպասելու՝ երեխաներիս կվերցնեմ ու կվերադառնամ իմ տուն, իմ այգին կմշակեմ ու կապրեմ։
Ամուսինս ու ես միշտ էլ աշխատել ենք, գինու գործարանում, դրան զուգահեռ՝ միս էինք վաճառում, երբեք գումարի խնդիր չենք ունեցել, բայց հիմա ունենք։ Ձմեռ է, երեխաներս տաք հագուստի, կոշիկի կարիք ունեն, փոքրս 10 տարեկան է։ Պետությունը չի աջակցում, գոնե անհատներ լինեն, որոնք ուշադրություն կդարձնեն մեզ»,- եզրափակեց տիկին Լյուդմիլան։