Կարեն Անդրեասյանը դահլիճի վարձակալության փողը խնայում էր, որ 34 միլիոն դրամով գնի 4 ավտոմեքենա

Երբ Դատավորների ընդհանուր ժողովից առաջ 168.am-ը գրեց, որ վերջին պահին դատավորները ծանուցում են ստացել այն մասին, որ Ժողովը տեղի է ունենալու ոչ թե Աջափնյակ նստավայրում, ինչպես նախօրոք ծանուցված էր, այլ Կառավարության նիստերի մեծ դահլիճում, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը մի լալահառաչ, բացառիկ հարցազրույց տվեց իր խոսնակին, որում ասել էր.

«Մեր ունեցած դահլիճը փոքր է, և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով՝ վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր: Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»:

Վառ երևակայություն Կարեն Անդրեասյանը համարել էր մեր այն պնդումը, որ դատավորներին կառավարության շենք տանելով՝ նրանց վրա փորձելու են հոգեբանական ճնշում գործադրել, որ վերջիններս, որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ ընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ 3 ամիս առաջ Վճռաբեկ դատարանի դատավոր դարձած Դավիթ Խաչատուրյանին:

Դատարաններ փակող իշխանության ԲԴԽ նախագահի այս ողբը՝ դատարաններ վերանորոգելու համար կոպեկ-կոպեկ խնայվող փողի մասին, կարելի էր համարել պահի համար անկապ արդարացում, բայց…

Կարդացեք նաև

Նույն հունվարի 31-ին, երբ Կարեն Անդրեասյանը իր խոսնակի էջով տարածում էր իր այս լացացնող տեքստը, ԲԴԽ նախագահը մի ուշագրավ որոշում էր ստորագրել:

«Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/50» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Ռեդինետ Մոթորս» ՍՊԸ-ի միջև 29.12.2023թ. «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/50-1» ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում 4 ծառայողական ավտոմեքենա ձեռքբերելու նպատակով «5121 Տրանսպորտային սարքավորումներ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 34 000 000 (երեսունչորս միլիոն) ՀՀ դրամ»,- գրված է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ստորագրած որոշման մեջ:

168.am-ի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից 3-ը սպասարկելու են Երևանի քաղաքացիական դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների նախագահներին: Ըստ տեղեկությունների՝ մեքենաները 8 մլն. դրամ արժողության են, «Շևրոլե» մակնիշի: Թե ում է սպասարկելու 4-րդ, ավելի թանկարժեք ավտոմեքենան, կտեղեկացնենք առաջիկայում:

Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակության մոտ գերխնայող ղեկավար խաղացող Կարեն Անդրեասյանը, ով 100-200 000 դրամ է խնայել որևէ դահլիճ վարձակալելու համար, որ իբր դատարան վերանորոգի, որևէ ծպտուն չի հանում այն մասին, որ, օրինակ, դատական կազմի ամենախոցելի ու ամենածանր աշխատանք կատարող խավի՝ դատավորների օգնականների, նիստերի քարտուղարների, գործավարների՝ առանց այդ էլ ցածր աշխատավարձն են իջեցրել՝ նվազեցնելով նրանց ամենամսյա հավելավճարի թիվը:

168.am-ի տեղեկություններով՝ նույն ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը «լացում են», թե Ֆինանսների նախարարությունը փող չի տալիս: Այսինքն՝ կարելի է այս անձանց աշխատեցնել զօրուգիշեր ու փողը չտալ, բայց դահլիճ վարձակալելու համար փող չկա, որ շոուի տարրն ապահովվի, ու ձեռքի հետ էլ մտածածն իրագործեն, որը, բնականաբար, չստացվեց:

Կամ կարելի է 200.000 դրամ գումար խնայել, որ 34 միլիոն դրամի ծառայողական ավտոմեքենա ձեռք բերեն:

Տեսանյութեր

Լրահոս