Ճոխ, թանկարժեք ծախսերի համար փող կա, դատարան պահելու համար՝ ոչ. Մեղրին չի ունենա նաև դատարան

Վերջին շաբաթների ընթացքում սոցիալական ցանցերում ավելի ու ավելի են սաստկանում մտահոգություններն առ այն, որ Հայաստանի հարավային դարպաս Մեղրին այս իշխանությունները միտումնավոր կտրում են կենսական անհրաժեշտության կառույցներին հասանելիություն ունենալուց, որ մեղրեցիների համար բացեն արտագաղթի ճանապարհը՝ դրանից բխող բոլոր կանխատեսելի ու, ցավոք, սպասելի հետևանքներով:

 Մասնավորապես, նշվում էր, որ ներկայումս Մեղրիում չկա մաքսակետ, ոստիկանության բաժին, դիահերձարան, դատարան, կադաստրի կոմիտեի գրասենյակ: Այսինքն՝ այս ծառայություններից օգտվելու համար մեղրեցիները ստիպված են գնալ Սյունիքի մարզի այլ բնակավայրեր:

Իշխանությունն իր խոսափողների միջոցով փորձեց դուրս գալ այս անհերքելի իրողության տակից՝ չհերքելով ակնհայտը, բայց նշելով, որ, օրինակ, «Մեղրիում կառուցվում է նոր մաքսակետ 21 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներով, ոստիկանության ստորաբաժանման տիպային շենք, որը օրինակելի է լինելու մյուս ստորաբաժանումների համար, պետական միջոցներով այս տարի կսկսվի նոր դիահերձարանի կառուցման շինարարությունը»:

Երեկ էլ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) անդրադարձավ խնդրին՝ հայտարարելով, որ Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն, և, որ Մեղրիի նստավայրը փակվում է բացառապես այս համատեքստում:

Կարդացեք նաև

«Դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի փակման վերաբերյալ՝ Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի։ Նշված նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։ Մյուս 7 նստավայրերում գործել են մեկ կամ երկու դատավորներ, այս դատարանները ևս բավարար չափով ծանրաբեռնված չեն գործել, և տեղի է ունեցել պետական ռեսուրսների ավելորդ ծախս:

Կարևոր է նաև ընդգծել, որ 9 նստավայրերից 8-ն այնպիսի անմխիթար շենքային պայմաններում են գործել, որ պարզապես հարիր չեն դատարանի բարձր դիրքին, և այնտեղ մտնող քաղաքացիների համար վնասում էին դատարանի հեղինակությանը»,- նշված էր ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ:

Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը նաև անմխիթար վիճակում գտնվող դատարանների լուսանկարներ էր հրապարակել՝ Տաշիրի, Թալինի, Վեդու, Մարտունու, Աշոցքի դատարաններ: Եվ թեպետ 8 անմխիթար դատարանների մասին էր նշվում, հրապարակված էին միայն 5-ի լուսանկարները: Մյուսների լուսանկարները միգուցե չեն ունեցել:

Գրառման վերջում Կարեն Անդրեասյանն «ավետել» էր, որ այս որոշման արդյունքում պետությունը կխնայի 200 միլիոն դրամ: Այսինքն՝ 9 նստավայր փակելով՝ պետությունը խոսում է 200 միլիոն դրամ խնայված գումարի մասին:

Իսկ հաշվե՞լ են, օրինակ, թե միայն կալանավորված անձանց տեղափոխության վրա որքան գումար կծախսվի, օրինակ, եթե Մարտունի նստավայրի փակման արդյունքում ստիպված լինեն գնալ Ճամբարակ, կամ Թալինի տարածաշրջանը գա Արագածոտնի երկու նստավայրերից, ենթադրենք, Աշտարակ, որովհետև հուսով ենք, ամեն դեպքում, Ապարանի նստավայր չեն ուղարկի այդ մարդկանց:

Իսկ հաշվե՞լ են՝ օրինակ, ձմեռային եղանակային պայմանները, դատավարության մասնակիցների, կալանավորների հարազատների տեղաշարժերի վրա ծախսվող գումարների չափերը, թե՞ դա, բնականաբար, իրենց չի հետաքրքրում: Օրինակ՝ ձմռանը որևէ մեկը պատկերացնո՞ւմ է՝ Աշոցքից ինչպե՞ս է հնարավոր հասնել որևէ այլ նստավայր: Եվ սա այն դեպքում, երբ առաջին իսկ տեղացած ձյունը կաթվածահար է արել հանրապետության ճանապարհները:

Դե, իսկ ռազմավարական հեռահար մանր-մունր հանգամանքները, իհարկե, հաշվի չեն առնվել:

Լավ է, որ անմխիթար շենքային պայմաններ ունեցող դատարանների շարքում Մեղրու նստավայրը չեն նշել, որովհետև դատարանի այդ նստավայրը գտնվում է իդեալական շենքային պայմաններում:

Մեղրու պարագայում անմխիթարի ողբը չէր աշխատի, և օգնության է հասել «Նշված նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի» «կուտը»:

Այո՛, փաստ է, որ Մեղրիում դատավորի խնդիր է եղել, և այդ մասին դեռևս 2019թ. նաև «Սյունյաց երկիրն» էր գրել, բայց մի՞թե հնարավոր չէր Մեղրու նման զգայուն սահմանամերձ բնակավայրում մշտական դատավորի հարց լուծել: Ամեն ինչ կարողանում են անել այնպես, ինչպես ուզում են, չե՞ն կարողանում Մեղրիում աշխատելը գրավիչ դարձնել, թե՞ դա պետք  չէ նրանց: Այնպես չէ, որ Մեղրիում քննվող գործեր չկային:

Դավադրությունների տեսությանը տուրք չտալով հանդերձ՝ փաստերը բավականին խոսուն են: Այս իշխանությունների կրեդոն քանդելն է, ոչնչացնելը, որը, ցավոք, ունի ոչ միայն մենթալ, այլև աշխարհաքաղաքական հստակ նպատակներ:

Եվ վերջում՝ առանց մեկնաբանության պարզապես ներկայացնենք դատարանների վրա 200 միլիոն դրամ խնայող ՔՊ-ական իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության վերջին 2 տարիների ճոխ, ոչ պարտադիր ծախսերի որոշ, կրկնում ենք՝ ընդամենը որոշ դրվագներ, որպեսզի ընթերցողը համոզվի, թե ինչպես են մսխում պետական հանրային միջոցները:

Եվ այսպես.

  • Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել էր 202 միլիոն 406 հազար դրամ:
  • Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի և ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցների ամանորյա բանկետի համար էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով «Լուսինե Ղազարյան» ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի գինը՝ 1 միլիոն 944.000 դրամ:
  • «ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ Ա/Ձ»-ի հետ՝ այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բարձրակարգ ռեստորանում կազմակերպվելիք միջոցառման համար կնքված պայմանագրի գինը՝ 2 միլիոն 786.000 դրամ:
  • «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» ԱՁ-ինպատվիրակում է X վարչական շրջանի համար ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ աշխատակազմի հյուրասիրություն, պարգևատրում ժամացույցներով և պատվոգրերով: Պայմանագրի գինը՝ 1 միլիոն 500.000 դրամ:
  • Էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով դեկտեմբերի 12-ին քաղաքապետարանը «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ից 8 միլիոն 217.000 դրամովձեռք է բերել ամանորյա ձևավորման ծառայություններ:
  • Նույն ընկերության հետ նույն ընթացակարգով արդեն դեկտեմբերի 8-ին կնքված մեկ այլ պայմանագրով, որի գինը 14 միլիոն 377.000 դրամէ, քաղաքապետարանը ֆինանսավորում է Արաբկիր վարչական շրջանի տարածքի ձևավորումը` Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների ձևավորումը:
  • Իսկ արդեն դեկտեմբերի 14-ին կնքված մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով կնքված պայմանագրով, որի արժեքը 7 միլիոն դրամէ, քաղաքապետարանը «ԲԻԼԴ ԷՆԵՐԳՈ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին է տվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տոնական տրամադրությունն ապահովելու հայտը:
  • 2023թ. ԱԳՆ-ին պետբյուջեից հատկացվում է հավելյալ 300.000 դոլարին համարժեք դրամ՝ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը կազմակերպելու և իրականացնելու համար։
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հերթական դրամաշնորհի պայմանագիրն է կնքում Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի հետ: 313 միլիոն 992.000 դրամով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հեռահաղորդակցության և կապի կանոնակարգում:
  • Նույն ՊՈԱԿ-ի համար ավելի վաղ ձեռք է բերվում 2023թ. արտադրության և 46 միլիոն դրամ կամ շուրջ 115.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Տոյոտա» ավտոմեքենա:
  • Մոտ 150 000 դոլարանոց Lexus LX՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկելու համար:
  • Վարչապետի աշխատակազմը հունվարի 17-ին «Մուրան ՍՊԸ»-ից նոր մեքենա է գնում՝ «Միցուբիշի Էլ 200» մոդելի պիկապ, որի գինը 16 մլն 296 հազար դրամ է:
  • Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերում 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, աղբյուրի փոխանցմամբ, 000 ԱՄՆ դոլար է։
  • Բյուջեից միայն 200 միլիոն դրամ են հատկացրել 2025 թվականի ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունենալիք «Ապագա հասարակության ստեղծումը մեր կյանքի համար» խորագիրը կրող «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին։ 
  • 216 միլիոն դրամ կտրվի Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով ամենամյա համերգ-մրցանակաբաշխությանը:
  • Հերթական համաժողովը Երևանում կազմակերպելու համար այս անգամ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 543 միլիոն դրամ և 900 հազար ԱՄՆ դոլար` հարկերը հետը, որպես միջոցառման գծով մասնակցային վճար։ Գումարը տրվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
  • 57 միլիոն դրամով կուժեղացնեն ԱԳՆ շենքի անվտանգությունը:
  • ԱԺ-ի տարեսկզբի ճոխ-ճոխ գնումների, պաշտոնական պատվիրակությունների հյուրասիրության և ընդունման համար 5 միլիոն դրամի պայմանագրեր են կնքվել:
  • Փաշինյանի աշխատակազմը 12 միլիոնով կուժեղացնի սեփական անվտանգությունը: 
  • Միայն 2023 թվականին Փաշինյանի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են 413 միլիոն 495 հազար դրամով։ 
  • 7 մլն դրամ ամբողջությամբ ուղղվել է ՆԳՆ պարգևատրման ֆոնդ։
  • Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2023թ. մարտի 13-ին դրամաշնորհի պայմանագիր է կնքել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (հանրության շրջանում առավել հայտնի է՝ որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»): Դրամաշնորհը 74 միլիոն 800 հազար դրամ է և նախատեսված է ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար:

Տեսանյութեր

Լրահոս