Ինչո՞ւ է անհանգիստ Սասուն Խաչատրյանը

Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ Դատական դեպարտամենտը դատավորներին ծանուցում էր ուղարկել առ այն, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը կանցկացվի Կառավարության նիստերի մեծ դահլիճում:

Այս անօրինակ այլանդակությունը մեկ պատճառ կարող էր ունենալ՝ դատավորների վրա գործադրել հոգեբանական ճնշում, որ վերջիններս կամ չգնան Ժողովին, կամ գնան, բայց ընտրեն իշխանության սրտի թեկնածուին:

Իսկ ընտրությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թափուր տեղի համար է, որն առաջացել է Արայիկ Թունյանի ԵԱՏՄ դատավոր դառնալուց հետո:

Պարզ է, որ եթե ձախողվի Սահմանադրությունը փոխելու փաշինյանական ծրագիրը, ինչը բավականին ռեալ հեռանկար է՝ հաշվի առնելով, որ 600.000-ից ավելի կողմ ձայներ նա դժվար թե կարողանա ապահովել, Փաշինյանին իր ծրագրերը մինչև վերջ իրագործելու համար անհրաժեշտ է լինելու կատարյալ կառավարելի ՍԴ: Եվ այդ ճանապարհին այն ևս մեկ յուրայինով համալրելը այսրոպեական խնդիր է Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան զույգի համար:

Կարդացեք նաև

ՍԴ դատավորների թեկնածուները 3-ն են՝ նախկին փաստաբան, ՀԱԿ համակիր, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի փեսան, այժմ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը, ընդամենը 3 ամիս առաջ Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կառավարող խմբակցության կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը, ով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, և Երևանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը:

Հենց նրանց միջև պետք է ընտրություն կատարեն դատավորները ու իրենց թեկնածուին ներկայացնեն ԱԺ-ի դատին:

Կարապետ Բադալյանի քաղաքականացված լինելն ու այս իշխանությունների համակիր լինելը քննարկման առարկա չեն. դրա վառ ապացույցն են առնվազն մինչ դատավոր դառնալը նրա հարցազրույցները: Եվ այն, որ նա հիմա դատավոր է, ոչինչ չի փոխում, ինչպես Կարեն Անդրեասյանի մոտ ոչինչ չի փոխել ԲԴԽ նախագահ դառնալուց 5 րոպե առաջ ՔՊ-ական կուսակցական տոմսը վայր դնելը:

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախկին  նախագահ Դավիթ Խաչատուրյանի «սկզբունքայնությանը» կարելի է նախանձել: ԲԴԽ-ից վերջապես ազատված, Կարեն Անդրեասյանի հետ չշփվելու բերկրանքը որևէ վայրում վայելելու համար ընդամենը 3 ամիս առաջ Վճռաբեկ դատարանում հաստատված Խաչատուրյանը հիմա էլ որոշել է, որ իր լավագույն տեղը Սահմանադրական դատարանն է: Սա նաև ցույց է տալիս այս իշխանությունների ու նրանց թեկնածուների մասնագիտական սկզբունքայնության բացակայությունը, իրենց աշխատանքին ու աշխատանքի վայրին անլուրջ վերաբերվելու տենդենցը:

Ակնհայտ է, որ այս 2-ի ֆոնին սկզբունքային դատավոր Դավիթ Բալայանը շահեկան դիրք ունի, և հենց նրան չեզոքացնելու համար էլ կազմակերպվեց Դատավորների ընդհանուր ժողովը կառավարության նիստերի դահլիճում անցկացնելու օպերացիան:

Մեծ հաշվով Կարեն Անդրեասյանը Դավիթ Խաչատուրյանին անցկացնելու խնդիր չունի, եթե հաշվի առնենք նրա լարված հարաբերությունները վերջինիս եղբոր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Թերևս հենց այդ նպատակով էլ իշխանությունը Դավիթ Բալայանի դեմ երկու թեկնածու է առաջադրել՝ ով անցավ, անցավ:

Հիշեցնենք՝ Դավիթ Բալայանն այն դատավորն էր, ով, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել էին դատարանների մուտքերը, փորձեց պատուհանից մտնել իր աշխատավայր, սակայն նրան հրեցին ու գցեցին գետնին:

Ըստ ամենայնի իշխանությունները Դավիթ Խաչատուրյանին հստակ երաշխիքներ չեն տվել, ու թերևս հենց դա է պատճառը, որ նրա եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով, անցել է եղբոր լոբբինգն անելու նվիրական գործին:

Մեր տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հատ-հատ զանգում է բոլոր այն դատավորներին, ում կարող է զանգել,  ու նրանց հորդորում փետրվարի 2-ին կայանալիք Ժողովի համար քվեարկել իր եղբոր օգտին:

Այս իշխանության սիրելի բառերից է «աննախադեպ» բառը: Իսկապես աննախադեպ է, երբ դատավորների վերաբերյալ վարույթներ քննող իրավապահ կառույցի ղեկավարը զանգում է դատավորներին ու նրանց բարեկամաբար հորդորում քվեարկել իր եղբոր օգտին:

Հույս ունենք՝ դատավորներն այս անգամ էլ ցույց կտան, որ, Աջափնյակ նստավայրում թե Կառավարության շենքում, իրենց ընտրությունը կատարելու են համոզմունքով, այլ ոչ թե պայմանական Կարեն Անդրեասյանի, Սասուն Խաչատրյանի կամ ավելի վատ՝ Նիկոլ Փաշինյանի կամքով:

Միայն հիշեցնենք, որ դատավորներն ընտրելու են ՍԴ դատավորի թեկնածուի, ով պիտի գործով ապացուցի՝ Արցախից ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն իր համար խնդի՞ր է, թե՞ ոչ:

Ու մի բան էլ.

Փետրվարի 2-ին ընտրություն կատարող դատավորների համար, հասկանալի է, բարդ է ճնշումներին դիմանալը, սակայն նրանք ընտրություն կատարելիս պիտի առաջնորդվեն Հայաստանի 3-րդ Հանրապետությունում, այլ ոչ թե թուրքական վիլայեթում ապրելու, արարելու ու արդար դատական ակտեր կայացնելու համոզմունքով:

Տեսանյութեր

Լրահոս