Վերջին պահին փոխել են Դատավորների ընդհանուր ժողովի անցկացման վայրը. Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Անդրեասյանը կախվում են փրփուրներից

Նախորդ տարվա վերջում Սահմանադրական դատարանում (ՍԴ) դատավորի թափուր տեղ առաջացավ: ՍԴ-ն լքեց Արայիկ Թունյանը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավոր ընտրվելու պատճառով:

Արայիկ Թունյանից հետո առաջացած թափուր տեղը դատավորի քվոտայով պետք է համալրվի, և փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի այն դատավորին, որի թեկնածությունը պիտի ներկայացվի Ազգային ժողովի (ԱԺ) դատին:

168.am-ը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի համար խնդիր է Դատավորների ընդհանուր ժողովով անցկացնել սեփական թեկնածուին:

Եվ ահա փաստորեն իշխանությունը ՍԴ դատավորի սեփական թեկնածուն ունի, որին անցկացնելու համար դիմել է ծայրահեղ միջոցի:

Կարդացեք նաև

Քիչ առաջ 168.am-ին հայտնի դարձավ, որ Դատավորների ընդհանուր ժողովը, որի անցկացման վայրը, ինչպես նախապես հայտարարվել էր, պետք է լիներ Աջափնյակի նստավայրը, տեղի կունենա այլ վայրում: Դատավորները վերջին պահին ծանուցումներ են ստացել, որ Ժողովի անցկացման վայրը տեղափոխվում է, և այն անց է կացվելու… ՈՒՇԱԴԻՐ… ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում: Այսինքն՝ իշխանության անկախ ճյուղի՝ Դատական իշխանության աշխատաժողովը անց է կացվելու Գործադիր իշխանության շենքում:

Երևանում բազմաթիվ դահլիճներ կան, ուր կարող էր անցկացվել Ժողովը, եթե ինչ-ինչ պատճառներով այն Աջափնյակի նստավայրում հնարավոր չէր անցկացնել: Եվ Դատավորների ընդհանուր ժողովը Կառավարության շենքում անցկացնելն ունի մեկ նպատակ՝ ահաբեկել դատավորներին, հոգեպես ճնշել, որ ընտրությունը կայացվի հօգուտ իրենց թեկնածուի:

Ինչ խոսք, բավականին առաջադիմել են: Հիմա արդեն Լիլիթ Թադևոսյանին չեն կանչում Կառավարություն, այլ բոլոր դատավորներին:

Մեր հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք՝ ովքեր են իշխանության թեկնածուները, ով է նրանցից ֆավորիտը, և ինչ է արվում նրան ամեն կերպ Ժողովի թեկնածուն դարձնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս