Արդյոք հնարավո՞ր է ռազմական բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ե՞րբ, ի՞նչ անվտանգային խնդիր է լուծում Վրաստանը ՀՀ-ի հետ ստորագրած ռազմավարական հռչակագրով
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում հարցին՝ քննակվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարվածի հնարավորություն, նա բացասական պատասխան է տվել։
«Մեզ համար ցանկացած ռազմական ներգործություն մնացել է ետևում, որովհետև Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը գործողություններ է իրականացրել միայն «իր տարածքում» (չակերտները.- Մ.Պ.)՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և, դրանով իսկ, Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք: Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցում տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ»,- շարունակել է Հաջիևը:
Մյուս կողմից՝ Ադրբեջանի բանակը շարունակում է հզորանալ, հատուկ նշանակության ուժերը մշտապես զորավարժանքների մեջ են և խաղարկում են «պայմանական հակառակորդի պաշտպանական գիծը ճեղքելու» դրվագներ: Ադրբեջանի բանակը նաև անընդհատ զինվում է ժամանակակից սպառազինությամբ:
Իսկ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից երկու օր հետո Ալիևը գնացել է ռազմաօդային ուժերի օբյեկտներ և հետևել «Աքընջը» (Akıncı) հարվածային ԱԹՍ-ի մարտական թռիչքին: Թուրքական ԱԹՍ-ն վերջերս է մտել Ադրբեջանի բանակի զինանոց:
Ի դեպ, ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում ուզբեկ քաղաքագետ-միջազգայնագետ Ռաֆայել Սատտարովը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման հնարավորությունը չի բացառել՝ նշելով, որ այն կարող է տեղի ունենալ 2024 թվականի երկրորդ կեսին՝ հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, իհարկե, քաղաքագետը սրա պատասխանատվությունը գցել է Հայաստանի վրա, ըստ էության: Այսինքն, ըստ նրա, եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Հայաստանի համար լավ չավարտվեն, հնարավոր է տեղի ունենա նոր լոկալ ռազմական կոնֆլիկտ: Եվ ոչինչ, որ գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցին՝ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հարավային շրջանները ևս ադրբեջանական է համարում, արդյո՞ք դրանք գրավելու նպատակ կա, նա նշել էր, որ Ալիևի խոսքը ճիշտ չի ընկալվել:
«Ադրբեջանցիները միշտ ապրել են այսօրվա Հայաստանի տարածքում, իմ նախնիները ևս: Մենք խոսում ենք միջանձնային շփումների մասին: Այսինքն, ադրբեջանցիներն իրավունք ունեն այցելել այդ տարածք, օրինակ, մշակութային վայրեր, գերեզմանատուն: Սա չի ենթադրում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, և ադրբեջանցիներն անխոչընդոտ «դոստուպ» կունենան Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ օրհներգից «թշնամի» բառը հանելու պահանջը և Ադրբեջանին թշնամի չընկալելը հենց վերը ասվածի տրամաբանության մեջ է: Այսինքն, կա՛մ ադրբեջանցիների ելումուտն ու հյուրընկալումն առանց թշնամանքի ապահովվում է, կա՛մ Հայաստանի նկատմամբ ուժի լեզվով են խոսելու: Այստեղ, իհարկե, Ալիևի օգնականը մանիպուլյացիայի և կեղծիքի է դիմում, որովհետև Արցախն ամբողջությամբ գրավելուց հետո Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացվել և ներկայացվում: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը չի օգտագործել և չի օգտագործելու Ադրբեջանի պաշտոնյաների, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ «Ադրբեջանն արդեն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»՝ զավթելով ամբողջ Արցախը:
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ է սահմանել, որով, ըստ էության, բանակից պահանջում է խախտել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ ԶՈՒ խնդիրներն են՝ Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, ռազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը` զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ:
Այսինքն, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների կոնտեքստում զինված ուժերի անելիքը տեղավորելուց (իհարկե, սրա տակ նրանք խաղաղության օրակարգով առաջնորդություն են տեսնում) և բանակը պրոֆեսիոնալ դարձնել խոստացող իշխանությունը ՀՀ բյուջեի վրա թանկ նստած Սու-30-ներն օգտագործում է միայն ուսումնական վարժանքների ժամանակ, թեպետ նախկին իշխանություններին Փաշինյանը քննադատում էր, որ չեն ստեղծել կործանիչ ավիացիա:
Նույն միտքը 2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում կրկնել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ «մենք կործանիչ ավիացիա ընդհանրապես չենք ունեցել, և հիմնվում էինք ՌԴ օդուժի կործանիչների հագեցվածության, կիրառման վրա»:
Այլ հարց է, որ 44-օրյայից հետո, եթե Դավիթ Տոնոյանը չհեռանար ՊՆ պաշտոնից, հնարավոր է, կարողանար հասնել իր օրոք ձեռք բերված պայմանավորվածության կատարմանը և այսօր ունենայինք առնվազն 8 հատ Սու-30, որոնք միայն վարժանքներին չէին կիրառվի: Հնարավոր է: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, և հայտնի չէ՝ արդյո՞ք ՌԴ-ից պահանջել ենք Սու-30-ների նոր խմբաքանակ՝ համապատասխան զինամթերքով: Կամ արդյո՞ք Հայաստանը հարվածային ԱԹՍ-ների լուրջ արտադրություն է ապահովում իրականում, ոչ թե այն, ինչ ասում են ՀՀ իշխանությունները: Մյուս կողմից, եթե մենք միայն պաշտպանվելու ենք, ապա ինչ ենք անում կործանիչ ավիացիան, և ոչինչ, որ Ադրբեջանը զինվում է թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ներով:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:
Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:
Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները»:
Այս առաջարկներն իրականություն չեն դառել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Եվ եթե այսօր էլ գտնվում են փորձագետներ, լրագրողներ, որոնք արդարացնում են Փաշինյանի իշխանությունը՝ ասելով, որ 2.5 տարում չէին կարող հասցնել ունենալ այս ամենը, ապա ոչ մի քննադատության չի կարող դիմանալ 44-օրյայից հետո 3 տարի դրսևորած անգործությունը:
Եվ այսօր հնդկական ու ֆրանսիական որոշակի սպառազինության ձեռքբերման քայլերը դեռ չեն ենթադրում, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, ինչպես գեներացնում է ադրբեջանական կողմը, Ադրբեջանն ինչ-որ պահի համար պատրաստվում է:
Ի դեպ, ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում վրաց քաղաքագետ Զաալ Կասրելիշվիլին գաղտնազերծել է Վրաստանի՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր ստորագրելու գլխավոր նպատակը:
«Ռուս-վրացական պատերազմի ժամանակ մենք Հայաստանի հետ չունեինք նման համաձայնագիր, և այդ ժամանակ ՀՀ տարածքից ռուսական զորքը հարվածում էր Վրաստանի ենթակառուցվածքներին: Հիմա, այս համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանը պարտավոր է կատարել դրանում ամրագրված պահանջը»,- ընդգծել է նա:
Իսկ թե նման կարգի ինչ խնդիր է լուծում Հայաստանը, կամ Վրաստանը ինչ պարտավորություն է ստանձնել, ըստ էության, հայտնի չէ: Միայն հայտնի է, որ դրանում ներգրավված են բոլոր ուղղությունները:
Նշենք, որ Հայաստանն ու Վրաստանը հունվարի 26-ին ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Համաձայնագրի ստորագրումը տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում։