648.000 «այո» նա ստանալ չի կարող. դա իր համար ֆանտաստիկ, անհասանելի նշաձող է այս պահին. Սուրեն Սուրենյանցը՝  Փաշինյանի ու ցլերի մասին

«Պատկերացրեք՝ մենք իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի ա կետից գնանք բ կետը: Իրար հետ, գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, մենք այդ ճանապարհով քայլում ենք և տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք,- սա գեղարվեստական գրքից հատված չէ.  Փաշինյանի վերջին հարցազրույցից մի դրվագ է, որում Նիկոլ Փաշինյանը դարձյալ ու դարձյալ փորձում էր հիմնավորել ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ինչպես խաղաղության պայմանագիր կոչվածի դեպքում, այս դեպքում ևս շեշտելով,- Չեմ կարող 100 տոկոսով երաշխավորել, որ մենք կանցնենք այդ ճանապարհը»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը շեշտեց՝ սա հարցազրույցի միակ մեսիջը չէր:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց. «Այդ հարցազրույցը, ընդհանուր առմամբ,  երկու մեսիջ ուներ: Նախ՝ նա փորձում էր ամեն կերպ հիմնավորել, որ մեր պետության հիմքում ընկած փաստաթղթերն են խանգարել մեզ: Նույնիսկ մի անհեթեթության հասավ՝ ասեց, որ Վրաստանը մեզ հետ ռազմական գործընկերություն այս պատճառով չի արել:

Մեր փաստաթղթերում որևէ բան չկա, որը կարող է Վրաստանին անհանգստացնել. բացարձակապես այլ իրողություններով է թելադրված եղել այն հանգամանքը, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցություն չի եղել:

Կարդացեք նաև

Վրաստանն աշխարհաքաղաքական այլ կուրսի կրող է եղել, մենք անվտանգային այլ միջավայրում ենք եղել, և այլն: Բայց եթե Վրաստանի թեման թողնենք, իր ամբողջ ելույթի գլխավոր ուղերձն այն էր, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, Անկախության հռչակագիրը պետք է փոխվի: Ընդ որում, նա շատ անհաջող կերպով փորձեց հակադարձել այն խոսույթին, թե իբր այս գործընթացն Ալիևի պահանջով չեն անում. շատ անհաջող փորձեց, ըստ էության, հաստատելով, որ Ալիևի պահանջն էլ դեր ունի:

Եվ երկրորդ կարևոր մեսիջը. հարցազրույցի մի կարևոր դրվագ կար, որտեղ նա արձանագրում էր, որ Ռուսաստանն այլևս չի կարող լինել մեր ռազմաքաղաքական հիմնական պարտնյորը»:

Քաղաքագետը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի՝ թե՛ Ղարաբաղի հարցում ուրացման քաղաքականությունը, թե՛  Սահմանադրական գործընթացի այս կոնցեպտն իր համար ածանցյալ գործընթացներ են. իր գլխավոր նպատակը ՀՀ ստրատեգիական կողմնորոշումը փոխելն է, և այս ամենն ինքը ծառայեցնում է այդ նպատակին:

Հարցին՝ հաշվի առնելով, որ Փաշինյանին կարծեք հաջողվում է երկրի ներսում ստանալ այն, ինչ ուզում է, այս անգամ և՞ս կհաջողի, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց. «648.000 «այո» նա ստանալ չի կարող. դա իր համար ֆանտաստիկ, անհասանելի նշաձող է այս պահին:

Բայց եթե ընդդիմությունը չկազմակերպվի և այս հնարավոր հանրաքվեն չդարձնի նրան անվստահություն հայտնելու միջոց, նա Սահմանադրական հանրաքվեի տապալման,  այլընտրանքի պարագայում ունի պլան բ՝  հնարավոր պատերազմի ռիսկերի պատասխանատու կնշանակի հայ ժողովրդին:

Բայց նա այնքան միամիտ չէ, որ կարծի, թե 648.000 «այո» կարող է ստանալ. այս պրոցեսը նրան պետք է, ըստ ամենայնի, Ադրբեջանին և արևմտյան շրջանակներին սիրաշահելու համար: Իսկ եթե երբ կնշանակի հանրաքվեն, կախված է հանգամանքից՝ դրսից երաշխիքներ կստանա՞, թե՞ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս