Ռուսաստանը Սյունիքից՝ Մեղրիից դուրս չի գալիս. Պուտինին Փաշինյանի խնդրանքի, քարոզչական շեշտերի ներքին և արտաքին նպատակները

Կրեմլում մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցից կամ Փաշինյանի մոսկովյան այցից հետո հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ կետերը դուրս են գալու։ Ավելի ուշ Կրեմլից հաստատել էին այս տեղեկությունը և նշել, որ հարցի շուրջ ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարները համաձայնության են եկել՝ հաշվի առնելով, որ իրավիճակ և պայմաններ են փոխվել:

Այս համատեքստում հիշեցնենք մի քանի փաստ:

Առաջին, այս տարվա մարտին 24News-ին տված հարցազրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետեր են տեղադրվել:

«Ի դեպ, հայկական կողմն այդպես էլ իրավական առումով չգնաց դրանց օրինականացմանը»,– ընդգծել էր դեսպանը:

Կարդացեք նաև

Երկրորդ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ արդեն ստորագրված էր նոյեմբերի 9-10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունը, 2020 թվականի նոյեմբերի 13-ին «ՌԻԱ Նովոստին» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խորհրդակցության որոշ մանրամասներ էր ներկայացրել։

Բորտնիկովը Պուտինին զեկուցել էր, որ ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 հենակետ է ավելացրել, ընդ որում, 2-ը՝ նախիջևանյան թևում, 2-ը՝ հայ-իրանական սահմանի ուղղությամբ: Իսկ «ՏԱՍՍ» գործակալությունն էլ, հաստատելով հավելյալ ռուսական ուժերի տեղակայումը, հայտնել էր, որ սահմանապահ հավելյալ ուժեր են տեղակայվել նաև պատերազմից հետո ձևավորված բնագծերին և բնակավայրերին մոտ հատվածներում, մասնավորապես՝ Տեղում և Սըղըրթ բարձունքի մոտ (Սյունիքի մարզ):

2021-ի հունվարին ԱԱԾ-ն, ի պատասխան «Հետքի» հարցման, թե ինչ իրավական հիմքով են ՌԴ սահմանապահ զորքերը տեղակայվել հայ-ադրբեջանական առաջնագծում, հայտնել էր, որ դա արվել է «2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կենսագործման շրջանակներում՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը և սահմանային հենակետերի տեղակայման անհրաժեշտությունը»:

2022 թ. աշնանն էլ վերոնշյալ հարցով «Հետքը» դիմել էր Նիկոլ Փաշինյանին, սակայն լրատվամիջոցի հարցին պատասխանել էր ԱԳՆ-ն.

«Որոշ հատվածներում ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ստորաբաժանումների ծառայողների ներկայությունը պայմանավորված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ, որոնց նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի մոնիտորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է»:

168.amգրել էր, որ 2021 թվականից հայտնի էր դարձել Տավուշի մարզի տարբեր հատվածներում ռուսական ուղեկալների տեղակայման մասին՝ Ոսկեպար, Ազատամուտ:

Ավելին, 2022 թվականի հունիսի 21-ին գրել էինք, որ ռուսական կողմն Այգեպարի հատվածում մոդուլային ավան է կառուցում:

Երրորդ, 2022 թվականի հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»:

Նշվում էր նաև, որ արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում մատնանշված անվտանգային, արտաքին քաղաքական մի շարք գործոններից:

Եթե հիմք ընդունենք ՀՀ-ում ՌԴ դեսպանի ասածը, ապա ստացվում է, որ 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետեր տեղադրվել են ժամանակավոր, գուցե դրա համար էլ չեն օրինականացվել: Նույն սկզբունքով էլ գուցե Տավուշում է եղել 44-օրյայից հետո:

Ինչ վերաբերում է 2022 թվականի հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հավանությանն արժանացած որոշմանը, արդյո՞ք այն չեղարկվել է: Իսկ Պուտինի համաձայնությամբ ռուս սահմանապահ կետերի դուրսբերումը ՀՀ որոշ հատվածներից, գուցե սահմանազատման և սահմանագծման գործընթացի տրամաբանության մեջ է: Այլ հարց է, որ այստեղ ինչ-ինչ հանգամանքներից բխող, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական նպատակներ կան, որոնք օգտագործվում են քարոզչական դաշտում, հատկապես շեշտադրելով, թե «ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից»:

Եվ սա այն դեպքում, երբ Կրեմլից հայտնել էին, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները մնալու են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, այսինքն, Ռուսաստանը Սյունիքից դուրս չի գալիս և շարունակում է մնալ Մեղրիում:

Ի դեպ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է  Պուտին-Փաշինյան հանդիպմանը ու հատկապես այս հարցին:

«Այսինքն՝ ՀՀ վարչապետը խնդրել է Պուտինին, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանի վրա ՌԴ սահմանապահ զորքերն իրականացնեն իրենց ծառայությունը։ Նախ Հայաստանը պաշտոնական մակարդակում նման օրակարգ չի ունեցել, որ Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Իրան սահմանից ռուսական սահմանապահներին պետք է հանենք: Նման պահանջ ՀՀ-ն չի ներկայացրել: Դա եղել է փորձագիտական դաշտի պահանջ: Հիմա հարց է առաջացել. Ի՞նչ է եղել Կրեմլում, որ ՀՀ վարչապետը խնդրել է Պուտինին, որ Հայաստան-Իրան սահմանի վրա շարունակեն ՌԴ սահմանապահ զորքերը ծառայել: Իրանը մեր բարեկամն է, և այնտեղից մենք վտանգ չունենք, չէ՞: Հայաստան-Թուրքիա սահմանի մասով ակնհայտ է, որ երկկողմ հարաբերություններ չկան, և Թուրքիան մեր բարեկամը չի, չնայած ՀՀ-ում մեծ ջանքեր են գործադրվում Ցեղասպանության ուրացման առումով, որը թուրքական լոբբինգ է, թուրքերն են ուզում՝ դա լինի, և ՀՀ-ում դա իրականացվում է, միևնույն ժամանակ ՌԴ-ին խնդրում ենք, որ հայ-թուրքական սահմանին ռուսական զորքերը շարունակեն ծառայությունը»,– ասել էր Մարուքյանն՝ առաջարկելով, որ փորձագիտական և մեդիադաշտում այս հարցը բացվի:

Մենք այս հարցին՝ առաջարկած կոնտեքստում մանրամասն կանդրադառնանք, այս հոդվածի նպատակը ցույց տալն է, որ ՌԴ-ն շարունակելու է մնալ Սյունիքում՝ Մեղրիում, որ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական և արտաքին քաղաքական նպատակներով դաշտ է նետում, թե ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Սյունիքից:

Այս համատեքստում նշենք, որ ապրիլին «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ Ալիևն, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին» և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, մասնավորապես, նշել էր.

«Բայց այնտեղ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես: Եվ արդեն 3 տարի է՝ Հայաստանը փաստացի խախտում է այս պայմանը: Իսկ հիմա էլ փորձում են, այսպես ասած, ազատվել այդ իրավիճակից: Բայց դա հնարավոր չէ»,- շեշտել էր Ալիևը:

Ի դեպ, 2020 թվականի դեկտեմբերին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն էր տարածել, որտեղ առաջարկվում էր Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսել:

Եվ քանի որ խոսք գնաց Մեղրիից, հավելենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ անդրադառնալով պատերազմի օրերին Սյունիք իր գործուղմանը, մանրամասնել էր.

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում, և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը»,– ասել էր Տոնոյանը:

Արդեն ավելի ուշ նիստի ընթացքում հնչեցրած հարցերին ի պատասխան՝ Տոնոյանը հավելել էր, որ իր այդ այցն արդյունավետ է եղել.

«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում՝ ՀՀ սահմանից 2-5 կմ հեռավորության վրա, ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։ Պաշպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈՒ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։

Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել. դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում: Դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ամեն դեպքում, ես նաև ունեի այլ գործառույթ՝ հստակ համագործակցություն, համադրված և շատ լուրջ համագործակցություն հաստատվեց, որի համար ես շատ շնորհակալ եմ տեղի ՌԴ սահմանապահ ուժերին, որոնք այնտեղ գտնվում էին անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»:

Իսկ թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ՌԴ-ին խնդրելու մնալ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին, կփորձենք հասկանալ: Գուցե ՌԴ-ն այս հայտարարությամբ իր ներքին և արտաքին քաղաքական խնդիրներն է փորձում լուծել, ինչ-որ մեսիջներ հղելով կոնկրետ ուղղություններով: Բայց փաստ է՝ ՀՀ-ն պաշտոնապես չի հերքել Կրեմլի այս հայտարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս