Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինից և արդյո՞ք խնդրել է, թե՞ ոչ

Հայաստանյան ներքաղաքական բուռն իրադարձությունները ստվերեցին մայիսի 8-ին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին բանակցությունները։

Ինչպես հայտնի է, մայիսի 8-ին Կրեմլում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը, որից հետո տեղի ունեցավ ամիսների դադարից հետո Փաշինյան-Պուտին առաջին շփումը՝ առանձնազրույցը հայկական կողմի մի շարք հակառուսական հայտարարությունների ու քայլերի ֆոնին։ Իշխանական գործիչները հանդիպումը ձեռքբերում որակեցին, նշելով, թե համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, ՌԴ սահմանապահների գործունեությունը կդադարեցվի նաև «Զվարթնոց» օդանավակայանում։ Սակայն սրան զուգահեռ՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին, սակայն դրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։

«Այո, դա ճիշտ է, 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասել է, որ այսօր փոփոխված պայմանների պատճառով այլևս դրա անհրաժեշտությունը չկա, այդ պատճառով էլ նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է Պեսկովն «Ինտերֆաքս»-ին:

Միաժամանակ նա նշել է, որ «կրկին հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին»։ «Նրանք կմնան այնտեղ և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ընդհանուր առմամբ, ըստ Պեսկովի, Պուտինի և Փաշինյանի հանդիպմանը «հիմնականում քննարկվել է մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան»։

Կարդացեք նաև

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը փորձեց մեկնաբանել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն խոսքը, թե հայկական կողմը խնդրել է, որպեսզի սահմանապահները մնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։

Տարասովը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանդիպումը տևել էր մոտավորապես մեկ ժամ, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, հենց այս կոնկրետ հարցերն էին քննարկվել, բացի առևտրատնտեսական հարաբերությունների մանրամասները քննարկելուց։ Ըստ նրա, ՌԴ նախագահի նախնական խոսքից պարզ դարձավ, որ այս հանդիպման օրակարգում հարաբերությունների անվտանգության բաղադրիչ գրեթե չկա։

«Սակայն սա, իհարկե, սիմվոլիկ արձանագրում էր, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքն անվտանգության ոլորտում հարաբերություններն են, որոնք ներկայումս Փաշինյանի իշխանության շնորհիվ հասել են իրենց պատմական մինիմումին, և այս հանդիպման ընթացքում երևի թե առաջին անգամ որոշում կայացվեց ոչ թե խորացնել այդ ոլորտում համագործակցությունը, այլ կրճատել, և այս դեպքում՝ կրճատել 44-օրյա պատերազմի հետևանքով ռուս սահմանապահների տեղակայումները։ Վստահաբար ռուսական կողմին հետաքրքիր է եղել, թե բացի այդ գոտիներում ռուս սահմանապահներին դուրս բերելուց, ի՞նչ ծրագրեր ունի հայկական կողմը։ Կարծում եմ, որ պատասխանը եղել է այն, որ մնացած բոլոր գոտիներում սահմանապահները մնում են Հայաստանում, ինչպես և բազան։ Ուստի ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է, որ որոշ հատվածներից սահմանապահները դուրս կգան ՀՀ ցանկությամբ և խնդրանքով, ՀՀ խնդրանքով ռուսական կողմը կմնա մնացյալ հատվածներում։ Կարծում եմ, սա է տեղի ունեցել և «խնդրանք» որակման ներքո հենց այս գործընթացը պետք է նկատի ունենալ։ Բնականաբար, բանակցություններից հետո կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է այն, թե ինչ է ձեռք բերել բանակցությունների արդյունքում։ ՀՀ իշխանությունների համար, թերևս, նորություն չեղավ, որ ձեռքբերում է ռուսական ներկայության որոշակի դուրսբերումը ՀՀ տարածքից»,- պարզաբանեց Տարասովը։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա որակմամբ, կողմերը պարզապես դեռ չեն այրում կամուրջները, պահպանում են հարաբերությունների որոշակի մակարդակ, հասկանալով միևնույն ժամանակ, որ խնդիրները, տարաձայնությունները չափազանց շատ են, սակայն դրանց անդրադառնալու ցանկություն ու ռեսուրս չկա ու չկա ցանկություն գտնելու այդ ռեսուրսը երկուստեք։

Նա նշեց, որ ռուսական կողմը ևս արձանագրում է, որ հարաբերություններում դոմինանտ ոլորտն առևտրատնտեսականն է, որտեղ էական արդյունքներ կան կողմերի համար։ «Իսկ անվտանգության ոլորտում ՀՀ-ն փոքր քայլերով չեզոքացնում է առկա մակարդակը, որից հերթականն էլ ՀԱՊԿ ֆինանսավորումը չհաստատելն էր, մինչ դա ՀՀ-ն հրաժարվում էր ՀԱՊԿ միջոցառումներից, պաշտոններից, չէր միանում փաստաթղթերին, վերջերս կատարվեց նոր քայլ ֆինանսավորման կրճատման տեսքով։ Հետագա զարգացումները կարող են տարբեր լինել։ Այնուամենայնիվ Փաշինյանի իշխանությունը շարունակում է խաղադրույքներ կատարել Արևմուտքի վրա, հուսալով, թե ժողովրդավարության մասին խոսակցությունները ինչ-որ բան են տալու։ Սակայն, կարծում եմ, առաջընթաց կարող է դիտարկվել այսօր Ժողովրդավարության ֆորումում դիտարկումն այն մասին, որ հարցեր են առաջանում ժողովրդավարության ու դրա առավելությունների վերաբերյալ։ Իսկ ինչո՞ւ են առաջանում, որովհետև Արևմուտքն էլ իր շահերն ունի Անդրկովկասում և աշխարհաքաղաքական ներկայիս ծանր պայմաններում էլ ավելի սուր են դրված շահերի հարցերը»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս