Մինչև սրանց իշխանության գալը նման այլանդակություն չի եղել. եղել է ուժի կիրառում, բայց նման այլանդակ ձևեր, այլանդակ ծավալներ ու սադիստական դրսևորումներ չեն եղել. Գագիկ Համբարձումյան
Մայիսի 9-ից, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղափոխվեց Երևան և Հանրապետության հրապարակում բազմահազար մասնակիցներով հանրահավաքից անցան փողոցներ փակելուն, ոստիկանությունն էլ անցավ բիրտ ուժի կիրառմամբ քաղաքացիներին բերման ենթարկելուն: Կարմիր և սև բերետավորները քարշ տալով՝ քաղաքացիներին նստեցնում են մեքենաներն ու տանում ոստիկանական բաժանմունքներ։ Խոչընդոտվում է նաև լրագրողների աշխատանքը, մի դեպքում նրանց հրմշտոցի հետևանքով լրագրող է ուշագնաց լինում, մեկ այլ դեպքում պարզապես աստիճանների վրա հրում են օպերատորին կամ վիրավորում են լրագրողին։
168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանն ասաց՝ ոստիկանների գործողությունները երկար մեկնաբանելու կարիք չկա, քանի որ նրանք խախտում են բոլոր օրենքները։
«Մինչև սրանց իշխանության գալը, նման այլանդակություն երբեք չի եղել։ Եղել է ուժի կիրառում, բայց նման այլանդակ ձևեր, այլանդակ ծավալներ ու սադիստական դրսևորումներ չեն եղել։ Պարզապես մնում ենք զարմացած, թե այդքան հաստավիզ, խոտակեր ստահակների որտեղից են հավաքել բերել»,- շեշտեց Գագիկ Համբարձումյանը։
Նախկին փոխոստիկանապետի խոսքով՝ եթե ոստիկանները չենթարկվեն վերևից իջեցված ապօրինի հրահանգներին և ակցիաներ իրականացնող բնակիչների, մասնավորապես՝ կանանց նկատմամբ բիրտ ուժ չկիրառեն, դրա համար նրանց որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկի։
«Ինչ-որ առումով իշխանությունների հրահանգները չկատարող ոստիկանները կփրկվեն՝ կազատվեն իրենց «ստոր ծառա» լինելու կարգավիճակից, այդքան բան։ Քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, ասում եմ՝ կազատվեն այդ «ծառա» լինելու կարգավիճակից»,- եզրափակեց Գագիկ Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ապրիլի 19-ին բողոքի ակցիաներ սկսեց նախ Տավուշում՝ դեմ արտահայտվելով ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացին, համարելով, որ այն սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում Ադրբեջանին, իսկ մայիսի 4-ին Տավուշից մեկնարկած երթով շարժումը մայիսի 9-ին հասավ Երևան և առ այսօր շարունակվում է։