Ո՞ւմ ձեռնտու չէր Արշակ Կարապետյանի պահանջը՝ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ չպիտի լինեն միջնորդներ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով այսօր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն է, Մոսկվայում HayqNews-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի՝ սպառազինության գնումներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ֆրանսիական ռադիոլոկացիոն կայանները չեն աշխատելու մեր ունեցած ՀՕՊ համակարգերի հետ:
«Չէ՞ որ ընդհանուր ռադիոլոկացիոն դաշտ է ստեղծվում: Բոլոր ռադիոլոկացիոն համակարգերը և այլ բոլոր միջոցները, որոնք ունակ են հայտնաբերել թռչող սարքեր, իրենք մի համակարգ են բերում: 21-րդ դարում այդպես է: Էդ ֆրանսիական ռադիոլոկացիոն համակարգերը չեն կարող մտնել այդ համակարգի մեջ: Բերել եք, որ ի՞նչ անեք»,- շարունակել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ունի միացյալ ՀՕՊ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր:
2023 թվականին մեզ հետ հարցազրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն իր հերթին շեշտել էր.
«Մեր արդիականացման պլաններում այդ մասին կա, թե ինչ է պետք ուժեղացնելու մեր ՀՕՊ-ը, անվանական և քանակային կոնկրետ չեմ ուզում հիմա նշել: Բանակցություններ վարվել են, նախնական համաձայնություններ եղել են, համենայնդեպս՝ իմ ժամանակ: Եվ որքան տեղյակ եմ, գործընթացը շարունակվում է: Սակայն հաշվի առնելով, որ մեր հիմնական դաշնակիցն ակտիվ մարտական գործողությունների մեջ է, պետք է հաշվի առնենք իր հնարավորությունները՝ արտադրելու և մատակարարելու առումով:
Երկրորդ՝ պետք է հասկանանք, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին տվյալ տեխնիկան արդիականացում է անցնում՝ հաշվի առնելով մարտի դաշտում ձեռք բերված փորձը: Ուզում եմ ասել, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն ավելի մեծ արդյունավետություն են ցույց տալիս, քան Արևմուտքի գոված-գովազդածները»:
Իսկ Արշակ Կարապետյանն անդրադարձել էր նաև Հնդկաստանից փամփուշտների ձեռքբերմանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին IADN-ը X-ի միկրոբլոգում գրել էր, որ «Munitions India Limited»-ը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:
«Բա մեր փամփուշտ արտադրող գործարանն ի՞նչ եղավ: Էն հայտնի բիզնեսմեն կար հայտնի մականունով (Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո» մականունով,- հեղ.), էդ մարդու մականունը նրա համար էր, որ գործարան էր սարքել: Ինչի՞ չեք էդ գործարանից առնում…»,- նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսին 168.am-ը գրել էր, որ զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, սկսելու է փամփուշտների արտադրություն, և, որ արտադրելու են ոչ 7.62 × 39մմ և 5.45 × 39 տրամաչափի, այլև «Մակարով» տեսակի 9 × 18 փամփուշտներ, նաև՝ ոչ մարտական:
Մենք գրել էինք, որ ՀՀ-ում բացվելու է «Կալաշնիկովի» գործարանը, ավելի կոնկրետ՝ սկզբից լինելու է AK-103-ի հավաքման գործարան: Արդեն 2020 թվականի հուլիսի 7-ին Փաշինյանն այցելել էր «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից 168.am-ին հայտնել էին, որ ժամանակին Հայաստանին ոչ միայն փամփուշտների շուկայական ձեռնտու գին են առաջարկել, այլև «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում գործարանի կառուցում:
Ավելի ուշ ՊՆ-ի մեր աղբյուրները հաստատել էին գործարան կառուցելու առաջարկի փաստը, բայց պարզվում է, որ ռուսական կողմը կոնկրետ պայմաններ էր առաջարկել:
Մասնավորապես այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից երաշխիքներ են պահանջել, որ փամփուշտները միշտ պետք է իրենցից գնեն: Այսինքն՝ մենաշնորհային կարգավիճակ էին պահանջել, որին ընդառաջելու դեպքում ռուսական ընկերությունը կարող է դառնալ շուկայում գին թելադրողը, հատկապես, երբ «Պրոմտեխնոլոգիան» ՌԴ-ի մասշտաբով խոշոր արտադրող է:
Իսկ Դավիթ Գալստյանի արտադրած փամփուշտները, ըստ նախատեսվածի, հետագայում ոչ միայն լրացնելու էին հայկական զինուժի պահանջները, այլև պիտի արտահանվեին՝ հաշվի առնելով խորհրդային ինքնաձիգների օգտագործման ծավալներն աշխարհում, միաժամանակ այն փաստը, որ, ըստ էության, սպառվում են ՌԴ-ի՝ Խորհրդային Միությունից մնացած փամփուշտների պաշարները:
Ի դեպ, 2021 թվականին 168.am-ին տված հարցազրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հարցին, թե մենք ռազմական նշանակության ի՞նչ արտադրանք կարող ենք արտահանել, որի մասին մեծ-մեծ խոսում էին գործող իշխանությունները, պատասխանել էր.
«Այդ առումով մեր հնարավորությունները, կարողությունները սահմանափակ են, եթե վերաբերում են նոր միջոցներին և երկրներին, որովհետև տվյալ շուկան շատ հագեցած է, մրցակցությունն էլ՝ շատ ուժեղ: Շուկա գրավելը շատ բարդ է, եթե մեզ հաջողվի մտնել շուկա, դա կարելի է համարել հաղթանակ: Ժամանակին մենք որոշակի քայլեր կատարեցինք, մասնավորապես, Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո,- Մ.Պ.) հետ պայմանավորվել էինք, որպեսզի ինքն օգտագործի իր արտասահմանյան գրասենյակների կարողությունները մեր արտադրանքներն արտահանելու, դրանք գովազդելու, միջազգային շուկա մտնելու համար: Թե հիմա ինչպես կստացվի, ես չգիտեմ, բայց այն ժամանակ մենք ակտիվ աշխատում էինք այդ ուղղությամբ, որովհետև Դավիթ Գալստյանի կարողությունները, կապերը և այս բիզնեսի մեջ լինելը չօգտագործելը ճիշտ չէր լինի, և մենք փորձեցինք դա օգտագործել, ուղղակի մնաց կիսատ»:
Այս համատեքստում վերը նշված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հիշեցրել է, որ ժամանակին ինքը հայտարարել էր, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ չպետք է լինեն միջնորդներ:
«Ու ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչի՞ եք այդ զենք-զինամթերքն առնում էսպես ստեղծված ինչ-որ ֆիրմաներից, ինչո՞ւ չեք գործարանից ուղիղ առնում դրանք, ինչո՞ւ են ձեզ պետք էդ միջնորդ ֆիրմաները: Կհիշեք, երբ ես Պաշտպանության նախարար էի, ասացի, որ բոլոր միջնորդներին հանում ենք ու ուղիղ աշխատում ենք գործարանների հետ: Չեմ ուզում ոչ մի բան ասեմ, ես ուղղակի ասում եմ` մտածեք, ինչի՞ ա դա իրենց պետք: Եվ չի կարող միևնույն ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարը լինի ազգային նպատակ, դա մեթոդ ա, որը կիրառելով՝ մենք պետք է հասնենք մեր ազգային նպատակներին»,- շեշտել է նա:
Հավելենք, որ 2021թ. օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը (նշանակվել է 2021թ. օգոստոսի 2-ին) և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել էին հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։
ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել էր կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը գնումների գործընթացի համար պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել էր բացառել հաջորդ տարվա գնումների ծրագրում անճշտությունների, առավել ևս՝ արհեստական խոչընդոտների հնարավոր առկայությունը։
Նշենք, որ 2021թ. օգոստոսի 20-ին արդեն մեկ շաբաթ էր, ինչ Կարեն Բրուտյանը գնումների գծով պաշտպանության փոխնախարար էր նշանակված:
Իսկ հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո արդեն Արշակ Կարապետյանը Մոսկվա այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առանց միջնորդների աշխատանքն արդիականացված բանակ ունենալու նախապայմաններից մեկն է՝ «չպետք է թույլ տալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով»:
Թե ինչ հասկանալի պատճառներ էր, Արշակ Կարապետյանը փակագծեր չէր բացել:
Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ 2021թ. նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց 2 օր հետո՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»:
«Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր իշխող ուժի՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Այլ խոսքերով, Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը չպետք է խառնվի գնումների գործընթացին, և այս պատճառաբանմամբ էլ օրենսդրական փոփոխությունների գնացին, թեպետ ԳՇ-ն վաղուց միայն պատվիրատու էր:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի կողմից գովաբանված, և գուցե՝ գաղափարական և ոչ գաղափարական «պարտնյոր» պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, ինչպես նշեցինք, ի պաշտոնե «կոմպետենտ» է գնումների գործընթացի և ֆինանսական հոսքերի կառավարման համար: Ընդ որում, նրա աղմկահարույց, կոռուպցիոն դրվագներով հարուստ գործունեությանը մամուլը բազմիցս է անդրադարձել:
Այս թեմային շուրջ օրերս մանրամասն վերլուծություն ենք ներկայացրել, ուստի հիմա մանրամասնությունների մեջ չենք ընկնի:
Միայն հավելենք, որ Արշակ Կարապետյանի նշանակումից օրեր հետո՝ 2021-ի օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդանանյան «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագիր էր կնքել, որը 2022թ. հոկտեմբերի 10-ին Կարեն Բրուտյանի «թեթև ձեռքով» միակողմանի ամբողջությամբ լուծարվել էր, ընդ որում, այս գործարքի հետ Դավիթ Գալստյանն առնչություն չի ունեցել, և սա, ըստ էության, ուղիղ գործարք էր:
Իսկ «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությունը հայտնի է, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։
2020-ի հուլիսին դրա հետ կապված ադրբեջանական կողմը լուրջ նույնիսկ աղմուկ էր բարձրացրել և Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին։
Հորդանանի դեսպանն իր հերթին՝ ասել էր, որ ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի մտահոգությանը՝ հաշվի առնելով իր երկրի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները, և խոստացել ջանքեր գործադրել հարցը կարգավորելու համար: Սրանից հետո ադրբեջանական մամուլը գրել էր, թե իբր Հորդանանի իշխանությունները հերքել են ՀՀ-ին զենք մատակարարելու տեղեկությունը:
Մինչդեռ ավելի վաղ համացանցում փաստաթղթեր էին շրջանառվել, որն իրենից ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև նամակագրություն՝ 2019թ. հոկտեմբերի 11-15-ը։
Փաստաթղթերով երկու երկրները պայմանավորվել էին զենքի առքուվաճառքի մասին, սակայն վերջին նամակով Հորդանանը հրաժարվել է Հայաստանին զենք վաճառել։
Որպես պայմանագրի չեղարկման հիմք՝ պաշտոնական գրության մեջ նշված էր եղել, որ «Ջադարա» ընկերությանը տեղեկություն է հասել, որ հայկական կողմից ներկայացված գործակալ ընկերությունը՝ Royalsys Engineering LTD-ը (Դավիթ Գալստյան-Պատրոն Դավիթ) գրանցված է՝ որպես օֆշորային ընկերություն, ոչ թե նախարարություն, ինչպես հայկական կողմը ներկայացրել է բանակցությունների ընթացքում։
Արդեն 2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով մեկնել էր Հորդանանի Թագավորություն:
Այցի շրջանակում նա հանդիպել էր Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ:
2020թ. փետրվարին էլ ՀՀ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանն էր ընդունել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։
Եվ, փաստորեն, 2022թ. հոկտեմբերին միակողմանի չեղարկվում է հորդանանյան ընկերության հետ պայմանագիրը:
Տնտեսական և գնումների հարցերով Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակում՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, նշվում էր, որ վերջինս չի մատակարարել պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդանանյան ընկերությունից պահանջում էր ծանուցումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում Հայաստանին վճարել մոտ 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք: Թե ինչ արձագանք եղավ Հորդանանից, այդպես էլ չիմացանք:
Իսկ Արշակ Կարապետյանն իր հարցազրույցում խոսել է նաև սերբական զենքի մասին:
«Մենք Սերբիայի հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերում զենքը գնելու, մենք պայմանավորվել էինք, որ իրենք մեր ուզած զենքը բերում են Երևան, մենք Երևանում այդ զենքը ընդունելու էինք, հետո նոր այդ գումարը վճարելու էինք: Բայց ես չհասցրեցի, ինձ հանեցին, ու ես հասկացա, որ այդ պայմանավորվածությունները զորացրեցին»,- ասել է նա:
Նշենք, որ 2020 թվականի հուլիսին Երևանում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անդրադարձել էր Հայաստանին զենք վաճառելու թեմային:
Նա շեշտել էր, որ զենքի վաճառքն ուղղված է երկրի ռազմարդյունաբերությունը փրկելուն, և դա միակ տարբերակն է, որն ապահովում է այդ արտադրության հաջողությունը։
«Թե Ադրբեջանը, և թե Հայաստանը մեր բարեկամներն են։ Վերջին տարիներին մենք տասնապատիկ ավելի շատ զենք ենք վաճառել Ադրբեջանին»,- շեշտել էր Սերբիայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2007-ին «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ սերբական «Զաստավան» ստացել է Հայաստան զենք արտահանելու թույլտվություն: Գործարքի արժեքը 1 միլիոն 750 հազար դոլար էր: Սերբիայից հավելել էին, թե իրենք ակնկալում են ստանալ ևս մեկ թույլտվություն` 900 հազար դոլար արժողությամբ հաջորդ գործարքի համար: Եվ սա այն դեպքում, երբ այդ ժամանակ Սերբիայի իշխանություններից դժգոհություն էին հայտնել այս առնչությամբ:
Իսկ թե որքանով է հնդկական և ֆրանսիական զենքերի մատակարարման գործարքը ուղիղ՝ առանց միջնորդների, չենք կարող ասել: Հնարավոր է՝ ՊՆ-ն ուղիղ արտադրողից է գնում, հնարավոր է՝ միջնորդները ՀՀ-ից չեն: Քանի որ հստակ տեղեկություններ չկան, միայն կարող ենք ենթադրություններ անել: