«Նեյտրոն»-ի խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը ՀՀ-ում սկսելու է նաև փամփուշտների արտադրություն

168.am-ն արդեն գրել էր, որ մոտ մեկ ամսից ՀՀ-ում կբացվի «Կալաշնիկովի» գործարանը: Ավելի կոնկրետ՝ սկզբից լինելու է AK-103-ի հավաքման գործարան, որտեղ աշխատելու է շուրջ երեք տասնյակ աշխատակից, հիմնականում՝ նախկին սպաներ: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել մի քանի տասնյակ հազար հատ AK-103: Պայմանագիրը 10 տարվա համար է նախատեսված:

Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսին հայտարարություն եղավ Royalsys Engineering LTD ընկերության (ընկերության բաժնետերն ու նախագահը Դավիթ Գալստյանն է, որը Հայաստանում մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է. այդ ընկերությունները մասնագիտացած են ռազմական արդյունաբերության մեջ) և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով նախատեսվում էր Հայաստանում հիմնել «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։

Մենք գրել էինք նաև, որ Դավիթ Գալստյանն ինտենսիվորեն զբաղվում է ՀՀ-ում ևս մեկ արտադրություն հիմնելու գործով. արտադրվելու են գիշերային տեսադիտարկման համակարգեր: Դրանք նախագծվել են ՀՀ-ում, որին մասնակցել են նաև դրսի մասնագետներ՝ հաշվի են առնվել մեր բանակի պահանջները, աշխարհագրական պայմանները:

168.am-ին հայտնի դարձավ, որ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը սկսելու է նաև փամփուշտների արտադրություն՝ Աբովյան քաղաքի տարածքում, որտեղ և կազմակերպվելու է AK-103 ինքնաձիգների հավաքման գործընթացը, և ոչ միայն:

168.am-ն այցելել է Աբովյան քաղաք և տեղում ծանոթացել նշված արտադրությունների նախապատրաստական աշխատանքներին:

«Մենք հիմա գտնվում ենք մեր միավորման երկրորդ արտադրական տարածքում, որտեղ նախատեսվում է ստեղծել 4 շատ խոշոր արտադրություն, այն է՝ փամփուշտների արտադրություն, զենքի հավաքում, դրանց կոնկրետ դետալների արտադրություն, ինչպես նաև՝ ավտոմեքենաների և զրահատանկային տեխնիկայի կապիտալ վերանորոգում»,- տեղեկացրեց «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի արտադրական գծով տեղակալ Իգոր Գորդիենկոն՝ հավելելով, որ փամփուշտների արտադրության բուն գործընթացը կսկսվի հաջորդ տարի:

Կարտադրեն ոչ միայն 7.62×39մմ և 5.45×39 տրամաչափի, այլև «Մակարով» տեսակի 9×18 փամփուշտներ, նաև՝ ոչ մարտական:

Բացի նշվածներից, ևս մի քանի տեսակի փամփուշտներ կարտադրվեն:

«ՀՀ-ում փամփուշտ արտադրելու նպատակը ծնվել է դեռ 1986-ին, այդ ժամանակվանից կատարվել են նախագծային աշխատանքներ, և 1992-ի  մայիսի 1-ին կրակվել է առաջին հայկական փամփուշտը: Պարզ է՝ այդ ժամանակ պատերազմող երկիր էինք, շատ անհրաժեշտ էր մեր երկրի համար փամփուշտ ունենալը, և սկսել ենք հավաքել այդ փամփուշտները ձեռքով սարքած ինքնաշեն սարքերի վրա: Ժամանակի հետ արդեն սկսել ենք ձեռք բերել: Ժամանակի հետ արդեն ձեռք ենք բերել հոսքագծեր, որոնք ակադեմիկոս Կոշկինի ստեղծած հոսքագծերն են: Դրանք նախկին խորհրդային տարածքի գործարաններում մինչ այժմ աշխատում են: Մեր գործարանում ներկայում այս հաստոցների վրա կատարվում են մոդեռնիզացման աշխատանքներ, փորձում ենք փոխարինել նրանց էլեկտրոնային և հիդրավլիկ մասերը, որպեսզի փամփուշտի ինքնարժեքն էժանացնենք»,- մանրամասնեց «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման գլխավոր ինժեներ Արմեն Բախշյանը՝ հավելելով, որ նախատեսվում է նաև նոր ժամանակակից սարքավորումների ներկրում արտերկրից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից 168.am-ին հայտնել էին, որ ժամանակին ՀՀ-ին ոչ միայն փամփուշտների շուկայական ձեռնտու գին են առաջարկել, այլև «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում գործարանի կառուցում:

Ավելի ուշ ՊՆ-ի մեր աղբյուրները հաստատեցին գործարան կառուցելու առաջարկի փաստը, բայց պարզվում է, որ ռուսական կողմը կոնկրետ պայմաններ էր առաջարկել: Մասնավորապես այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից երաշխիքներ են պահանջել, որ փամփուշտները միշտ պետք է իրենցից գնեն: Այսինքն՝ մենաշնորհային կարգավիճակ էին պահանջել, որին ընդառաջելու դեպքում ռուսական ընկերությունը կարող է դառնալ շուկայում գին թելադրողը, հատկապես, երբ «Պրոմտեխնոլոգիան» ՌԴ-ի մասշտաբով խոշոր արտադրող է:

Վերադառնալով «Նեյտրոն»-ի փամփուշտների արտադրության գաղափարին՝ նշենք, որ այն հետագայում ոչ միայն լրացնելու է հայկական զինուժի պահանջները, այլև արտահանվելու է՝ հաշվի առնելով խորհրդային ինքնաձիգների օգտագործման ծավալներն աշխարհում, միաժամանակ այն փաստը, որ, ըստ էության, սպառվում են ՌԴ-ի՝ Խորհրդային Միությունից մնացած փամփուշտների պաշարները:

Տեսանյութեր

Լրահոս