Փաշինյանի նախկին խորհրդական, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի բացահայտումները
ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021թթ.՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերջերս հայտարարել էր քաղաքական գործունեություն սկսելու մասին։ Նա գտնվում է Մոսկվայում և հանդես է գալիս որպես իր կողմից վերջերս ստեղծված «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ:
Օրերս նա Մոսկվայից հարցազրույց էր տվել, որում որոշ հայտարարություններ էր արել: Ներկայացնենք դրանք թեզերով:
Բանակում անցկացվող ատեստացիայի և, այսպես կոչված, ռեֆորմների մասին
- Ով գալիս է` ռեֆորմ է անում բանակում, որը սխալ է:
- Պատմում են՝ ատեստացիայի ընթացքում կանգնած են եղել մի քանի երիտասարդներ՝ սիգարետը բերաններին, և քննություն էին ընդունում գնդապետներից, մարդկանցից, ովքեր գեներալի հաստիքներում էին… գնդապետը, որը մի քանի պատերազմ է անցել, վազում էր, որ աշխատավարձը բարձրացնեն… Գնդապետից քննություն ընդունողը պետք է առնվազն լինի իր կարգավիճակին համապատասխան, օրինակ՝ գնդապետ:
- Զարմացած եմ, երբ որ նման նախարարության ղեկավարը կոլեգիայի նիստի ժամանակ ասում է` եթե դուք ինչ-որ մի հարցի չհամապատասխանեք` ես ձեզ կվառեմ ու կառնեմ ոտքերիս տակ: Դե, եթե էդքանը կարողանում եք անել` առաջարկում եմ դա անեք սահմանում: Գնացե՛ք սահման, էնտեղ կա հակառակորդ, ու եթե էդքան կաք` հակառակորդին վառեք ու առեք ոտքերի տակ: Սեփական բանակի սպաներին կոլեգիայի նիստի ժամանակ նման բան ասե՞լ: Նաև զարմացած եմ, թե ինչո՞ւ որևէ մեկը նրան պատասխան չի տվել: Եվ դա վախի հետևանք է, որ որևէ մեկը չի պատասխանել:
- Իշխանությունները հեղինակազրկում են սպաներին և նպաստավոր պայմաններ են ստեղծում, որ փորձառու սպայակազմը, զինվորականը լքի բանակը:
- Սպան իր անձնական պատիվը պետք է պահի, իսկ սպայի պատիվը ժողովուրդը պետք է պահի, և սպայի պատվի համար պատասխանատու է հենց երկրի ղեկավարությունը:
- Այսօր ոչ ոք չի ցանկանում սպա դառնալ:
- Ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ սպայական կոչումը դարձել է ոչ լավ բան, սպաներն ամաչում են համազգեստով ման գալ քաղաքում… Գեներալների դեմ են վարկաբեկիչ գործընթացներ տանում: Այն դեպքում, երբ պետությունը 25 տարի այդ գեներալի վրա ներդրում է կատարել` կրթելով, պատրաստելով… մի քանի հարյուր հազար դրամի համար կապիտանի դեմ քրեական հետապնդումներ են ձեռնարկում` մեղադրանքներ են առաջադրվում, կամ մի քանի քրեական գործերով մեղադրյալ, վկա են, և այլն, օրը քանի անգամ հարցաքննվում են…
- Ոստիկանության ցածր մի աշխատակից գնդապետին կալանավորում է…
- Ցանկացած դեմոկրատական երկրում մի սխալ նախադասության համար պատասխանատվության են ենթարկվում, իսկ Հայաստանում այդքան հանցանքներ են կատարում իշխանությունները, երկիրը կործանում են, ու ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում, չեն ընդունում իրենց սխալները, ում վրա ասես՝ բարդում են:
- Չերչիլն ասում էր . «Դեմոկրատիան բերում են այն երկրներ, որն ուզում են դնեն արտաքին կառավարման»: Հայաստանը դրված է արտաքին կառավարման: Պարզ ասում եմ՝ մենք հստակ ու արագ գնում ենք կործանման:
Խաղաղության պայմանագրի մասին
- Մեզ հետ ոչ մեկը չի ուզում կնքի խաղաղության պայմանագիր: Ադրբեջանը չի ուզում մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքել, լավագույն դեպքում կլինի շրջանակային որևէ պայմանագիր, որը ոչինչ չի պարտադրելու ադրբեջանական կողմին: Ադրբեջանն ասում է` եկեք առանց միջնորդի պայմանավորվենք: Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, իսկ այդ բանակցություններում լինում են միջնորդներ: Եթե Նախիջևանի կարգավիճակի գարանտը չլիներ Թուրքիան, գիտեք` Թուրքիան էր և Ռուսաստանը, եթե 90-ականներին Նախիջևանը չունենար այդ երաշխավորներին, այսօր Նախիջևանի հարց չէր լինի, ու մենք ավելի հեշտ կլուծեինք Նախիջևանի հարցը, քան Ղարաբաղի: Մենք այսօր Նախիջևան չենք կարողանում մտնել, չնայած հայկական հող է: Ո՞նց կարելի է երաշխավոր կողմ չլինի բանակցություններում:
Փաշինյանը մերժել է ռուսական կողմից ստացված՝ Արցախի կարգավիճակի և Արցախը հայկական մնալու առաջարկը:
- Նույնիսկ, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք, ռուսական կողմն առաջարկ է արել` ոնց անել, որ այդ տարածքները մնան հայկական և ունենան կարգավիճակ: Իրենք դրանից էլ են հրաժարվել: Չեմ ուզում հիմա դա մանրամասնեմ, բայց տեղյակ եմ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եղել է այստեղ` Մոսկվայում, իրեն այդ առաջարկությունն արվել է, նա գնացել է Երևան, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, որը չի թույլատրել… Մանրամասները կարող եմ ասել բավականին հետո: Հիմա ուղղակի չեմ ուզում բանակի տոնի առիթով խոսեմ Արցախի կորստի մասին:
Ի՞նչ է պետք հաղթող բանակ ունենալու համար
- Հաղթող բանակ ունենալու համար շատ բան պետք չէ, պետք է համապատասխան մասնագետները վերադառնան բանակ, բանակը պետք է ղեկավարեն մասնագետներ: Մենք ասում ենք` առողջապահության նախարարությունը պետք է ղեկավարի բժիշկ, բայց չենք հասկանում, որ բանակն էլ պետք է ղեկավարի զինվորական:
…Մտեք մեր պաշտպանության նախարարություն, զինվորական համազգեստով համարյա ոչ մեկին չեք տեսնի… ո՞նց կարա էդպես բանակ լինի: Մեղադրում են սպաներին՝ բանակի անհաջողության մեջ: Բայց սպան ի՞նչ անի, եթե իր ղեկավարները քաղաքացիական անձնավորություններ են, որոնք մասնագիտորեն ոչ մի կապ չունեն բանակի հետ: Նույնիսկ ինքներդ եք ասում, որ այսօր բանակում կան մարդիկ, որ չեն ծառայել, բայց նախարարությունում պաշտոններ են զբաղեցնում: Ո՞նց կարող է այդ պայմաններում բանակը լինել հաղթող: Բայց մենք հնարավորություն ունենք տարածաշրջանում լինել ուժեղ երկիր:
Ալիևի հայտարարությունների և տարածաշրջանի մասին
- Ադրբեջանը որ էդպես խոսում ա, իրենց ղեկավարը վերջերս խոսել ա Զերմուկի մասին, թե` տեսեք, մենք ինչ լավն ենք, որ հլա որ Զերմուկը չենք վերցնում… Իստիսու ասեց Ջերմուկ քաղաքի անունը, ասում է՝ մեր քաղաքն ա… Ես ուզում եմ այդ պարոն նախագահին հիշեցնեմ, որ Իստիսուն Ալթայի շրջանում ա, էդ խոսքերն էնտեղից են գալիս… ես ուզում եմ իրենց հիշեցնեմ, որ իրենք հյուր են այս տարածաշրջանում: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե Ադրբեջանն այդպես շարունակի, ինքն ապագա չի ունենալու, չի լինելու տարածաշրջանում: Ու ես մի անգամ ասել եմ, որ հայկական պետությունն Ադրբեջանին պետք է: Մենք միակ ազգն ենք, որ էսօր ապահովում ենք Ադրբեջանի անկախությունը Թուրքիայից: Մենք իրենց պետք ենք, իրենք մեզ` չէ, պետք չեն: Տարբերությունը դրա մեջ ա:
- Մենք հայերս, միևնույն է, դուրս ենք գալու էս վիճակից, դրա համար պետք է Սահմանադրություն փոխենք ու ձևավորենք մեր ժողովրդին բնորոշ Սահմանադրություն, երկիրը դարձնենք Նախագահական կառավարման, պետք է ունենանք զինվորական համակարգ, սկսած նախագահից՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, և վերջացրած վերջին զինվորով, պետք է հստակ զինվորական կառավարում լինի, պետք է հասկանանք` ովքեր են մեր բարեկամ երկրները, մեր ստրատեգիական բարեկամը Ռուսաստանն է, տարածաշրջանում Իրանն է մեր բարեկամը… Մենք պետք է Իրանի հետ աշխատենք, Ռուսաստանի հետ պետք է ունենանք ռազմական դաշինքներ: Իրանը մեր կողքին, Իրանին թողած` ընկել ենք օվկիանոսից այն կողմ ինչ-որ պետություններ ենք ման գալիս, որ գան մեզ պաշտպանեն: Մենք իրավունք չունենք ոչ մի երկրի հետ լավ չլինել, բայց մենք պետք է ունենանք մեր հետաքրքրքությունները: Եվ պետք է Ռուսաստանին համոզենք՝ իր հետ միասին Հարավային ռազմական բլոկ ստեղծենք ` Ռուսաստան, Իրան, Հայաստան, այ այդ ժամանակ մենք կլինենք անձեռնմխելի:
- Բոլորը մեզ ասում են` երրորդ երկրներ մի՛ բերեք տարածաշրջան, հայե՛ր, բայց ոչ ոք չի լսում, օվկիանոսներից էն կողմ եվրոպաներում ինչ-որ բան ենք փնտրում… բայց նրանք էլ չեն ուզում գան: Եթե էսպես շարունակվի, ու մենք տարածաշրջանային երկրներից հրաժարվեցինք, մենք չենք լինի ուղղակի:
- Որ սենց շարունակվեց` Սյունիքն էլ են վերցնելու, հայկական կողմից պաշտպանական ոչ մի ծրագիր, ոչ մի միջոց չի ձեռնարկվում:
Ֆրանսիական, հնդկական զենքի և իշխանությունների քարոզչության մասին
- Մենք գնում ենք, զենք-զինամթերք ենք ձեռք բերում, Ֆրանսիայից մեքենաներ ենք բերում, որից ուկրաինացիները հրաժարվեցին: Ուկրաինացիները հրաժարվեցին այդ մեքենաներից, բերեցին տվեցին մեզ: Մենք գնում ենք, ռադիոլոկացիոն համակարգեր ենք առնում մեր ՀՕՊ համակարգերի համար, բայց չենք ստանում հրթիռները, ֆրանսիացիները չեն վաճառում մեզ այդ հրթիռները: Բա էդ դեպքում էդ ռադիոլոկացիոն համակարգն ինչների՞ս է պետք: Ժամանակին, երբ մարդուն տանում էին գնդակահարության, մոտեցնում էին պատին և ասում` երկու տարբերակ կա՝ կամ աչքերը կապում էին, կամ էլ, եթե ինքը ցանկանում էր, աչքերը բաց էին թողնում: Էդ ռադիոլոկացիոն համակարգը թույլ ա տալու, որ ընդամենը տեսնենք, թե օդում մեզ ինչպես են խփում: Ու էդ համակարգը չի խոսում մեր ունեցած համակարգի հետ: Չես կարող համատեղել: Չէ՞ որ ընդհանուր ռադիոլոկացիոն դաշտ է ստեղծվում: Բոլոր ռադիոլոկացիոն համակարգերը և այլ բոլոր միջոցները, որոնք ունակ են հայտնաբերել թռչող սարքեր, իրենք մի համակարգ են բերում: 21-րդ դարում այդպես է: Էդ ֆրանսիական ռադիոլոկացիոն համակարգերը չեն կարող մտնել այդ համակարգի մեջ: Բերել եք, որ ի՞նչ անեք:
- Գնացել են, Հնդկաստանից ուրախ-ուրախ 5 միլիոն փամփուշտ են առել: Բա մեր փամփուշտ արտադրող գործարանն ի՞նչ եղավ: Էն հայտնի բիզնեսմեն կար հայտնի մականունով (Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո» մականունով,- հեղ.), էդ մարդու մականունը նրա համար էր, որ գործարան էր սարքել: Ինչի՞ չեք էդ գործարանից առնում, ինչի՞ եք 5 միլիոն Հնդկաստանից առնում: Ինչո՞ւ եք գնում-առնում հրետանային միջոցներ, այն դեպքում, երբ մենք այդ հրետանային միջոցների համար արկեր չենք կարողանում արտադրել: Ի՞նչ ենք անելու… ու նմանատիպ շատ հարցեր կան:
- Ու ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչի՞ եք այդ զենք-զինամթերքն առնում էսպես ստեղծված ինչ-որ ֆիրմաներից, ինչո՞ւ չեք գործարանից ուղիղ առնում դրանք, ինչո՞ւ են ձեզ պետք էդ միջնորդ ֆիրմաները:
- Կհիշեք, երբ ես Պաշտպանության նախարար էի, ասացի, որ բոլոր միջնորդներին հանում ենք ու ուղիղ աշխատում ենք գործարանների հետ: Չեմ ուզում ոչ մի բան ասեմ, ես ուղղակի ասում եմ` մտածեք, ինչի՞ ա դա իրենց պետք:
- Եվ չի կարող միևնույն ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարը լինի ազգային նպատակ, դա մեթոդ ա, որը կիրառելով՝ մենք պետք է հասնենք մեր ազգային նպատակներին:
- Պաշտպանության նախարար եղած ժամանակ, երբ մենք Սերբիայի հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերում զենքը գնելու, մենք պայմանավորվել էինք, որ իրենք մեր ուզած զենքը բերում են Երևան, մենք Երևանում այդ զենքը ընդունելու էինք, հետո նոր այդ գումարը վճարելու էինք: Բայց ես չհասցրեցի, ինձ հանեցին, ու ես հասկացա, որ այդ պայմանավորվածությունները զորացրեցին:
44-օրյա պատերազմի, Արցախի, ռուսական զորքի մասին
- Մեղադրում էին Ռուսաստանին՝ 44-օրյա պատերազմում չաջակցելու և այլ բաների մեջ, և այլն, շատ բան չասեմ, իրավունք չունեմ, վնաս կհասցնեմ գործընթացին, բայց մի բան ասեմ՝ եթե Ռուսաստանը չլիներ, մենք 10 օրից ավել չէինք դիմանա: Ուրիշ բան չասեմ:
- Այսօր ՀՀ իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում մենք մնացել ենք մենակ: Ռուսաստանը մեծ երկիր է, ու պետք է հասկանանք, որ ունի իր նպատակները: Տեսա՞ք՝ Արցախն ինչ եղավ: Հայերը դուրս եկան, բայց ռուսական զորքը մնաց: Ուզում եմ հետևություններ անեք: Առայժմ այսքանն եմ ասում, կրկնում եմ` հայերը դուրս եկան, բայց ռուսական զորքը մնաց այնտեղ: Էլ չշարունակեմ, մնացած զարգացումների մասին թող քաղաքական գործիչները մտածեն` հասկանալով, թե ինչ եմ ուզում ասեմ:
- Կրկնում եմ` մենք վտանգի տակ ենք, ու մեր էսօրվա հիմնական հակառակորդը մեր ղեկավարությունն է, ցավոք սրտի:
Երկրի կառավարման մոդելի մասին
- Մենք պետք է Սահմանադրությամբ վերականգնենք մեր երկրում նախագահական կառավարումը: Մենք պետք է մեր անվտանգության համակարգը ստեղծենք՝ տարածաշրջանի երկրների հետ միասին:
- Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել: 2021 թվականին, երբ կառավարությունը հրաժարական տվեց և նորից ընտրվեց, իսկ ես 2018-ին, առաջին օրից հենց դարձա Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ասել եմ, որ պետք է անցնենք նախագահական կառավարման մոդելի, ինձ մեր երկրի ղեկավարը (Փաշինյանը,- հեղ.) ասաց՝ «Այ, եթե լիներ նախագահական, ես էլ նորից չէի ընտրվի»:
- Թող լինի նախագահական երկիր, ու երբ ժողովուրդը կպահանջի նրա հրաժարականը, կպահանջի էն դեպքում, երբ որ կհասկանա, որ նա էլ չի վերադառնա: Իսկ ինչո՞ւ այսօր այդ պահանջը չկա: Որովհետև չեն ուզում, որ նա վերադառնա:
- Եթե Հայաստանի էս ղեկավարությունը մնաց, մենք ապագա չունենք:
Խոսք՝ ուղղված զինվորներին
- Ուզում եմ, որ մեր զինվորները միշտ հիշեն` հողի համար կյանք տալիս են, բայց կյանքի համար երբեք հող չեն տալիս:
Ի դեպ, ընթերցողին հիշեցնենք, որ վերջերս Արշակ Կարապետյանը ևս մեկ աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով, որ՝ «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նախ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈՒ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ։
Ապա Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել էր վախկոտության ու դավաճանության արդյունքում Արցախը հանձնելու մեջ՝ նշելով, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը