Բաժիններ՝

Շարքային-պայմանագրայիններին «բաժանվող» 700.000 դրամ աշխատավարձի հակառակ և վտանգավոր կողմը

Նոյեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել էր, թե «2025 թվականի Հայաստանում շարքային-պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700.000 դրամ աշխատավարձ»:

Այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը դարձյալ անդրադարձել է ՀՀ զինված ուժերում ատեստավորման գործընթացին՝ մանրամասնելով.

«Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300.000-400.000 դրամ վարձատրություն, 1156 զինծառայող՝ 400.000-500.000 դրամ վարձատրություն, 523 շարքային զինծառայող, այսինքն՝ որևէ կոչում չունի, ոչ եֆրեյտոր, ոչ սերժանտ՝ 500.000-600.000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600.000-700.000 դրամ վարձատրություն, 31 շարքային զինծառայող՝ 700.000 դրամ և ավելի վարձատրություն»:

Մի կողմ ենք թողնում այն, որ ներկայացված թվերը կարող են վիճելի լինել, բայց եթե անգամ սա իրականություն է, ապա կարելի է տեսնել, որ վերջին օրերին դրոշակ դարձված 700.000 դրամը մոտ 3 տասնյակ մարդ է ստանում: Եվ այն, որ շարքայինը կարող է այդքան գումար ստանալ, իսկ հնարավոր է, ոչ շարքային մասնագետը՝ ավելի քիչ, դա բնավ լավ բանի մասին չի խոսում:

Կարդացեք նաև

Բազմիցս գրել ենք՝ ՀՀ զինված ուժերում գործող ատեստացիայի գործընթացն անհավասար պայմաններ է ստեղծում. մասնագետը, ով կարող է ֆիզպատրաստության առումով աչքի չընկնել և իր մասնագիտության դեպքում դա նույնիսկ առաջնային խնդիր էլ չլինել, հնարավոր է՝ ավելի քիչ աշխատավարձ ստանա, քան ոչ այնքան լավ մասնագետը, ով ֆիզիկական առումով առավել լավ վիճակում է: Եվ, բնականաբար, քիչ աշխատավարձ ստացողն իր մասնագիտական ամբողջ ունակությունները չի ծառայեցնելու գործին: Դեռ չենք անդրադառնում հոգեբանական այն խնդիրներին, որին կարող են բախվել կոնկրետ հանձնարարության ուղարկված երկու ծառայակից՝ մեկը՝ բարձր աշխատավարձ ստացող, որին հասել է զուտ ֆիզիկական կարողությունների շնորհիվ, և մյուսը՝ ոչ այնքան, սակայն իր գործի գիտակ է և ունի, օրինակ, առողջական խնդիրներ: Բացառվա՞ծ են նման դեպքերը:
Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս առաջարկել է, որ պետք է բանակում բազային աշխատավարձը բարձրացվի մինչև 400.000 դրամ, որպեսզի վերը նշված անհավասարությունը ցայտուն չլինի կամ արդարություն ապահովվի:

Վերադառնանք թվային փաստերին:

2021-2026 թվականի 2024 թվականի կատարողականի զեկույցում http://www.parliament.am/draft_docs8/K-1016_Zekuyc.pdf նշվում է. «Զինծառայողների ատեստավորմանը մասնակցել է շուրջ 13.500 զինծառայող: Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական: Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվել է 205.000-470.000 դրամով»:

Այսինքն, ատեստավորմանը մասնակցածների 43 տոկոսն այն չի անցել:

Նշենք, որ 2023 թվականի կատարողականի զեկույցում առկա կամ այդ տարվան առնչվող ատեստավորման գործընթացի արդյունքների հետ համեմատած՝ տարբերությունը մեծ չէ, որոնք, ի դեպ, սկզբում իշխանությունները փորձել էին թաքցնել:

Մասնավորապես, 2023 թվականի կատարողականի զեկույցից տեղեկացել էինք, որ «2023 թվականին մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Ատեստավորմանը մասնակցել է շուրջ 5800 զինծառայող: Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205.000-470.000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է»:

Զեկույցն այնպես է կազմված, որ տպավորություն է ստեղծում, թե 5800 զինծառայող ատեստացիան բարեհաջող հանձնել է և 205.000-470.000 գումար ավել է ստանում: Իսկ ընդդիմադիր պատգամավորներին նշված տարվա հետ կապված ատեստացիայի արդյունքների մասին տեղեկությունները Պաշտպանության նախարարությունը գաղտնի գրությամբ էր տվել, որոնք հրապարակելու իրավունք չունեին:
Բայց արի ու տես, որ ավելի ուշ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը գաղտնազերծել էր գաղտնի գրությամբ ներկայացված տվյալները:
Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանից հետաքրքրվել էր՝ «քանի՞ հոգի է մինչև հիմա մասնակցել կամավոր ատեստավորմանը և քանի՞սն է ստացել դրական, քանի՞սը՝ բացասական գնահատական», ինչին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել էր. 
«Դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, ատեստավորմանը մասնակցել է 5783-ը, գերազանց է ստացել 91-ը, լավ՝ 583-ը, բավարար է ստացել 2152-ը, իսկ անբավարար՝ 2957-ը: Ընդհանուր առմամբ, ատեստավորվել է 2826 զինծառայող»:
Այսինքն, ատեստավորմանը մասնակցածների մոտ կեսը չէր անցել ատեստացիան, ինչը Կառավարությունը խնամքով թաքցրել էր, իսկ պաշտպանության փոխնախարարը, խնամքով թե անփութորեն, գաղտնազերծել էր:
Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդումներին, ապա բուն շարքային պայմանագրային անձնակազմի չնչին տոկոսն է ստանում 5 գնահատական:
Եվ սրանք զուտ խոսքեր չեն, այս և այլ խնդիրների առկայությունը փաստում են նաև Նիկոլ Փաշինյանի էջում համապատասխան տեսանյութի տակ  արված քաղաքացիների գրառումները:

Օրինակ, օգտատերերից մեկը գրել է, որ «եթե 5, 4 և 3 գնահատական է ատեստացիայի մասնակից զինծառայողը ստանում, 3-ով են անցկացնում»: Մի շարք օգտատերեր էլ հայտնում են, որ ատեստացիայի չեն կանչում կամ այսինչ տեղում չեն անցկացնում, որ աշխատավարձ բարձրացնեն, չեն անտեսվել նաև այն հոգեբանական խնդիրները, որոնց մասին վերևում նշեցինք:

Այս համատեքստում հարկ է նկատել մեկ այլ հնարավոր փաստ՝ արդյո՞ք ատեստացիայի գործընթացում հայտարարված բարձր աշխատավարձերը հետագայում չեն ապահովվելու անձնակազմի ինչ-ինչ կրճատումների հաշվին: Իհարկե, վարչական ապարատը հնարավոր է՝ ուռճացված է, բայց արդյո՞ք տուժելու է պաշտպանության նախարարությունում բարձր աշխատավարձ ստացող այս կամ այն բարձր պաշտոնյան, որի գործունեության արդյունավետությունը խիստ վիճելի է, կամ՝ արդյո՞ք նվազելու է պաշտպանության նախարարի վարձատրվող խորհրդականների թիվը, որը գաղտնի տեղեկություն է համարվում:

Սրանք հարցեր են, որոնք կոնկրետ պատասխաններ են պահանջում: Բայց մի բան հստակ է՝ բանակը և անվտանգային ոլորտը գործող իշխանություններն ընտրել են որպես նախընտրական-քարոզչական թիրախ, որքան էլ փորձ արվի այն հերքել:

Տեսանյութեր

Լրահոս