«Թատրոնը փակելու պատվիրատուն իգական սեռի է, բայց ոչ Ժաննա Անդրեասյանը». Արթուր Սահակյան
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը տեղեկություններ չունի՝ թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու վերաբերյալ փաստաթուղթը ԿԳՄՍ նախարարությունում թատրոնի նորանշանակ տնօրենը ստորագրե՞լ է, թե՞ ոչ։
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանի կարծիքով՝ հավանաբար, այդ փաստաթուղթը ստորագրվել է։
«Մենք դատական գործընթացների մեջ ենք, նորանշանակ տնօրենը մեր փաստաբանին զրկեց լիազորություններից, այսինքն՝ նրա հաջորդ քայլը լինելու է այն, որ դատարանից հետ է կանչելու մեր գործը։ Մարդ, որը «Գոյի» հետ առհասարակ կապ չունի, հիմա դարձավ թշնամի։ Դատարանից ուզում են գործը հանեն, եթե իրենք ճիշտ են, ապա ինչո՞ւ են ընդդիմանում արդարադատությանը, թող արդարադատությունն ասի՝ հարգելի դերասաններ, դուք ճիշտ չեք, Կառավարությունը ճիշտ է, ինչո՞ւ են սրան խոչընդոտում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արթուր Սահակյանը։
Նրա խոսքով՝ հունվարի 15-ին թատրոնում տեղի է ունեցել ժողով, որի ժամանակ նորանշանակ տնօրեին հայտնել են անվստահություն՝ պահանջելով նրա հրաժարականը։
«Նրան հայտարարել ենք պերսոնա նոն գրատա «Գոյ» թատրոնի տարածքում։ Նշանակել ենք աշխատանքային խորհուրդ, որը ժամանակավորապես կղեկավարի թատրոնը։ Աշխատանքային խորհուրդը մեր փաստաբանին նշանակել է թատրոնի գործերով իրավաբան։ Եթե գործը հետ կանչեցին, նորից պետք է դիմենք։ Այդ ընթացքում հնարավոր է՝ Սունդուկյան թատրոնը քայլեր ձեռնարկի, ոստիկաններով գան, թատրոնը կնքեն և վերջ»,- հավելեց ռեժիսորը։
Արթուր Սահակյանի բնորոշմամբ՝ որևէ մեկն իրավունք չունի թատրոն լուծարել, քանի որ իրենք չեն ստեղծել այդ թատրոնը։
«Ո՞վ են իրենք, ժամանակավոր պատուհաս, որ եկել ու անցնելու են։ Ճանաչո՞ւմ եք, ո՞վ է հիմա ԿԳՄՍ նախարարը, ովքե՞ր են փոխնախարարները։ Մի հաղորդավար կա, որը հիմա փոխնախարար է, իրեն կարող է ճանաչեք։ Ի՞նչ ներդրում ունեն մշակույթի, գիտության, կրթության զարգացման մեջ։ Հիշեք, ովքեր են դրվել պաշտոնների՝ Լիլիթ Մակունցից սկսած՝ բացարձակ ոչ կոմպետենտ մարդիկ, ոչ մի ձևի մարդիկ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արթուր Սահակյանը վստահեցնում է՝ թատրոնը պահպանելու պայքարում իրենց կողքին կանգնած են իսկական ընկերները, միայնակ չեն։ Սակայն կան նաև արվեստագետներ, որոնք լռում են։
««Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո նախարարություն է հրավիրվել մեր տնօրենը, որին այն ժամանակվա փոխնախարար Արա Խզմալյանն ասել է, որ՝ «վատ լուր ունենք, ուզում ենք ձեր թատրոնի պայմանները բարելավել»։ Այնուհետև սկսել է պարզաբանել, որ միացնում են Սունդուկյան թատրոնին։ Սա խոսում է ուղեղի առկայության կամ բացակայության մասին։
Միանալով Սունդուկյան թատրոնին, գնում-ընկնում ենք Վարդան Մկրտչյան կոչվող տնօրենի տրամաբանության մեջ։ Հիմա Սունդուկյանը դարձել է շենք, որը տրվում է արենդայով, փողը տուր՝ արենդա վերցրու։
Մի ընկեր ունեի, որն ամիսը 300 հազար դրամով վաճառվեց նույն հիմնարկին։ Այս քայլիստներից որևէ մեկը չի եկել մեր թատրոն, Սունդուկյան ամեն օր են գնում, ախպերություն է։ Ես գիտեմ՝ թատրոնը փակելու խնդիրն ինչ է, պատվիրատուն էլ գիտեմ, իգական սեռի է, բայց ոչ Ժաննա Անդրեասյանը, նա այդ օղակներից մեկն է»,- ընդգծեց Արթուր Սահակյանը։
«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանի հիմնավորմամբ՝ Սունդուկյան թատրոնին չեն ուզում միավորվել, քանի որ ունեն իրենց տունը՝ թատրոնը։
«Մեը տանը շատ լավ է, տաք է։ Ունենք մեր ընտանիքը ու ուզում ենք ապրել ու ստեղծագործել այդ տանը՝ ոչ այդքան հարմարավետ, նկատի ունեմ պայմանները։ Ուզում ենք ունենալ մեր դեմքը, իրավաբանական կնիքը, լինել մեր գլխի տերը, ունենալ մեր տեսակը։
Արձագանքներից ֆիքսեցի, որ այսպիսի գաղափար են ուզում մտցնել ժողովրդի, հասարակության մեջ, որ, օրինակ, թատրոնը, պատկերասրահը բեռ է պետության վրա։ Այսինքն՝ ուզում են, որ հասարակությունը դա ընկալի՝ որպես բեռ, որովհետև ինչ-որ գումարներ են տալիս, պետությունը թատրոնին աշխատավարձ է վճարում։ Չեն հասկանում, որ թատրոնը, մշակութային օջախները չեն կարող պետության համար բեռ լինել։ Դա պետության հիմքը պետք է լինի, պետությունը պետք է «փշի-փշի» անի։ Երբ համապատասխան այրերը մշակույթը, կրթությունն ու գիտությունը համարում են բեռ ու այդ գիտակցությունն ուզում են մտցնել հասարակության մեջ՝ ուղղակի ողբերգություն է»,- ասաց Սամվել Թոփալյանը։
Դերասանի խոսքով՝ իր ընկերներից որևէ մեկն իշխանության կազմում չկա, որովհետև անձամբ այն դպրոցն է անցել՝ Արմեն Մազմանյանի, որտեղ այլ գիտակցություն է ներարկվել։
«Վստահ եմ, որ արվեստագետը, մտավորականը պիտի լինի բարձրաձայնողը, բայց ըստ իս, չպիտի լինի իշխանության շարքերում այն պատրվակով, որ իբր փորձում է ինչ-որ բան ուղղել։ Ոչ, մտավորականը, արվեստագետը պիտի ազատ լինի, ունենա ազատ խոսք, կախված չլինի ինչ-ինչ բաներից։
Մենք բեմից քարոզում ենք սեր, վեհություն, ազնվություն, անձնազոհություն, ու ի՞նչ է կատարվում։ Խոսքն ուղղում եմ այն արվեստագետներին, որոնց հետ նույն քաղաքում ապրում ենք, կողք կողքի ստեղծագործում, բայց նրանք լուռ են, ինչո՞ւ, այդ դեպքում ինչպե՞ս են իրենք բեմից սեր քարոզում»,- նշեց դերասանը։
Սամվել Թոփալյանի բնորոշմամբ՝ Թումանյանի ասած՝ «թայֆայականությունը» կա։
«Նույն մեր դաշտում կան ինչ-ինչ անձինք, խմբավորում, որը ինքն է որոշում։ «Թայֆայականություն», այս մթնոլորտն է, ինչն էլ բերում է սրան»,- հավելեց նա։
Ըստ Սամվել Թոփալյանի՝ թատրոնը փակում են, քանի որ ունի իր ուրույն դիմագիծը։
«Նախկին փոխնախարարը կոնկրետ ասաց՝ լավ թատրոնն այն թատրոնն է, որը շահութաբեր է։ Այսինքն՝ մենք կարող ենք բեմի վրա մի «տրուբա» կապել, հասկացաք, թե ինչ տեղի կունենա, ու փող է, որ կգա։ Կպարզվի, որ հրաշալի թատրոն ենք, իսկ ո՞ւր մնաց թատրոնը, արժեքները, մշակույթը»,- եզրափակեց Սամվել Թոփալյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում