Փաշինյանը սպառնում է ՀՀ զինված ուժերին. Ալիևն ուզում է ունենալ թուրքական մոդելի բանակ, Փաշինյանը՝ թուրքական վերահսկողությամբ
Հունվարի 10-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է, որ հետ չի քաշվելու 2021-2022 թվականին օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչի մասին մի քանի անգամ գրել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ հետքաշումը, որովհետև այս ընթացքում իրենք հասել են կարևոր ռազմավարական բարձունքների վրա, որտեղից վերահսկելի են դարձնում նաև ՀՀ զինված ուժերի շարժն ու գործունեությունը:
Հարցազրույցում Ալիևը, ըստ էության, հաստատել է այս պնդումը, երբ անդրադարձել է Ջերմուկին, որը համարել է «իրենցը», բայցև նշել է, որ այն վերցնելու մտադրություն չեն ունեցել:
«Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»,- ասել է Ալիևը:
Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը պահանջել է, որ Հայաստանն իրենց փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն` սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների` Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին` բնականաբար, ՀՀ-ի հաշվին:
Բնականաբար, Ալիևը չի շրջանցել նաև ՀՀ զինված ուժերի վերազինման և զենք գնելու թեման, մասնավորապես, Ֆրանսիայից:
Իսկ ինչ պատասխան է տվել Ալիևի հարցազրույցից օրեր հետո Նիկոլ Փաշինյանը: Օրեր առաջ Գավառ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Փաշինյանը նկատել է՝ Ադրբեջանը մի կողմից ասում է, որ իր բանակն ուզում է ուժեղացնել, մյուս կողմից դժգոհում է, որ ՀՀ-ն Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։
«Այսինքն` այստեղ տրամաբանությունը ո՞րն է. որ ՀՀ-ն բանակ չպետք է ունենա՞։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է. ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք։ Բայց նաև հասկանալի է, որ տարածաշրջանային կոնտեքստի մեջ պետք է դնել այդ ամեն ինչը: Եվ, այո, ՀՀ-ն կարող է մտահոգություններ ունենալ Ադրբեջանի սպառազինությունների առիթով, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի: Դրա համար ենք մենք ասում` եկեք խաղաղության պայմանագիր կնքենք այնպես, որ պատերազմի հնարավորություն չլինի։ Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով` տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ունենալ մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է»,- շարունակել է Փաշինյանը:
Այն, որ հակամարտող կողմերը սպառազինությունների ձեռքբերման համատեքստում կարող են դժգոհություններ և մտահոգություններ ունենալ, դա բնական է: Այլ հարց է՝ արդյո՞ք Փաշինյանն այս դեպքում պիտի այդ մասին հրապարակավ արտահայտվի, հատկապես, երբ Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ, իսկ Հայաստանը՝ միայն պաշտպանողական, երբ Հայաստան-Ադրբեջան ուժային հավասարակշռություն չկա, և ռեսուրսային տարբերությունն այսօր շատ ավելի մեծ է, քան նույնիսկ նախկինում, սրան գումարած՝ ՀՀ ինքնիշխան տարածքում կարևոր ռազմավարական բարձունքների վրա ադրբեջանական զինուժի ներկայությունը և ՀՀ զինված ուժերի շարժն ու գործունեությունը վերահսկելու հնարավորությունը, ինչպես վերևում նշեցինք: Ավելին, ադրբեջանական բանակի հզորացումն ու բարեփոխումը տեղի է ունենում Թուրքիայի անմիջական մասնակցությամբ: Եվ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը փոխարենը շեշտը դնի Ադրբեջանի զինման, հարձակողական զորավարժությունների, Թուրքիայի օգնությամբ թուրքական մոդելի բանակ դառնալու, Ադրբեջանի բանակում «ագրեսիվ» կադրային փոփոխությունների վրա, նա նույն հարթության մեջ է դիտարկում Ադրբեջանի և Հայաստանի զինման ու դրա հետ կապված դժգոհելու իրավունքը: Ի՞նչ է սա, եթե ոչ Ադրբեջանի՝ ՀՀ զինված ուժերի հզորացման, կարողությունների վերականգնման, Հայաստանին՝ տարբեր երկրներից զենքի մատակարարման դեմ ադրբեջանական պահանջների և խոչընդոտների լեգիտիմացում: Փաշինյանն ասում է, որ ՀՀ զինված ուժերի զինումը, բարեփոխումները «տարածաշրջանային կոնտեքստի մեջ պետք է դնել», այո, այն, ինչ անում է Ադրբեջանը՝ փորձում է ունենալ ավելի հզոր բանակ, թեպետ չի «շտապում» նոր պատերազմ սկսել Հայաստանի հետ:
Իսկ Փաշինյանը հայկական բանակին առնչվող ցանկացած քայլ փորձում է տեղավորել ոչ թե տարածաշրջանային համատեքստում, այլ, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների տրամաբանության:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից ամիսներ հետո Ալիևը բաց տեքստով հայտարարել էր.
«Տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Հայաստանի դաշնակիցները կրկին ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ: Պատերազմն ավարտված է։ Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:
Եվ հիմա Փաշինյանն այս պահանջի կատարումը փորձում է տեղավորել տարածաշրջանային զարգացումների կամ Հայաստանի՝ խաղաղության ձգտման տրամաբանության մեջ: Իսկ թե դա ի՞նչ նոր անվտանգային ռիսկեր է ստեղծելու Հայաստանի համար, Փաշինյանը չի ցանկանում հաշվի առնել: Ասել, որ չի գիտակցում, այդպես չէ, քանի որ վերևում նշված կուսակցական հավաքում իր խոսքում հարցադրում է անում, թե որն է Ադրբեջանի պահանջների քայլերի տրամաբանությունը՝ «ՀՀ-ն բանակ չպետք է ունենա՞, եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը»: Այսինքն, Փաշինյանը հասկանում է, որ ՀՀ գոյության երաշխավորը հայկական բանակի լինելիությունն է, այլ հարց է, որ նրա գործողությունները վտանգում են բանակի գոյությունը:
Նշվածի վառ ապացույցը Փաշինյանի՝ զորքերի հետքաշման առաջարկն է, որն Ադրբեջանը մերժում է, բայց այստեղ խնդիրն այն է, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից շատ չանցած Սյունիքից մեր զորքը հետ քաշելու հրաման տվեց, երբ հրադադարի այդ փաստաթղթում նշված է.
«Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Եվ սա բարենպաստ պայմաններ և հիմքեր ստեղծեց Ադրբեջանի առաջխաղացումների համար:
Ի դեպ, նախկին իշխանությունների օրոք կար ժամանակ, երբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև դիպուկահարային պատերազմ էր, և միջազգային կառույցները կողմերին առաջարկում էին առաջնագծից կամ շփման գծից հեռացնել դիպուկահարներին:
Ավելին, 2011-ին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հայկական կողմին առաջարկել էր միակողմանի գնալ դիպուկահարների հետքաշմանը շփման գծից, ինչը մերժվել էր, ՀՀ-ում նրան հիշեցրել էին, որ տարիներ շարունակ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչերը թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը պաշտպանել են, բայց Ադրբեջանը պատրաստ չի եղել դրան: Այսինքն, Հայաստանը և Արցախը հստակ ասում էին՝ դրան կգնան միայն Ադրբեջանի համապատասխան քայլից հետո: Եվ քանի որ Ադրբեջանը գործնականում չէր ընդունում այս առաջարկը, հայկական կողմը ոչ միայն դիպուկահարների պատրաստության ուղղությամբ էր գործուն քայլեր անում, այլև ՆԱՏՕ անդամ երկրներից դիպուկահար հրացաններ էր ձեռք բերում։
Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել՝ հատկապես բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մատակարարման հետ կապված:
Իսկ Փաշինյանը, տեսնելով, որ Ադրբեջանը մերժում է զորքը հետ քաշել անգամ ՀՀ օկուպացված տարածքներից, Գավառում նոր առաջարկ է արել Ալիևին՝ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։
Իսկ նա կարող էր առնվազն բացել ՀՀ արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը և ծանոթանալ, որ առկա է Միավորված ազգերի կազմակերպությանը ռազմական ծախսերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, ազգային օրենսդրության, սպառազինությունների փոխանցման, փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների արտահանման, ներմուծման և այլնի վերաբերյալ կամավոր հիմունքով հաշվետվություններ և տեղեկատվություն ներկայացնելու պրակտիկա:
Եվ ՀՀ կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակն ու ծավալը պայմանավորված է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևերի քանակով և տվյալ ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններով: Գոյություն ունի նաև պարբերաբար կատարման ենթակա հաշվետվությունների պահանջ, որի համաձայն` յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է ամենամյա հաշվետվություններ ներկայացնել զինաթափման գծով ՄԱԿ-ի հանձնաժողովին:
Ըստ ՀՀ արտաքին գերատեսչության, օրինակ, 1992 թվականից գործում է սովորական սպառազինությունների ՄԱԿ-ի Ռեգիստրը, որի շրջանակներում ՄԱԿ-ի անդամ-պետությունները ամենամյա պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում սովորական սպառազինությունների յոթ կատեգորիաների` մարտական տանկեր, մարտական զրահամեքենաներ, մեծ տրամաչափի հրետանի, մարտական ինքնաթիռներ, հարվածային ուղղաթիռներ, ռազմանավեր և հրթիռներ, արտահանման և ներմուծման վերաբերյալ:
Այս ոլորտը ներառում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում առկա տարբեր համաձայնագրերով և կոնվենցիաներով կարգավորվող որոշ զենքերի տեսակներին և ռազմամթերքներին վերաբերող խնդիրներ: Այդպիսիններից են Օտտավայի Հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիան, ՄԱԿ-ի Որոշ սպառազինությունների մասին կոնվենցիան՝ իր հինգ արձանագրություններով, և Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:
Հայաստանը չի անդամակցում վերոհիշյալ կոնվենցիաներից ոչ մեկին: Այնուամենայնիվ, Հայաստանը` որպես դիտորդ երկիր, մասնակցում է դրանց շրջանակներում տեղի ունեցող խորհրդաժողովներին եւ հանդիպումներին:
Միաժամանակ Հայաստանը` որպես թափանցիկության և վստահության միջոցների ամրապնդման դրսևորում, ամեն տարի կամավոր կերպով ինքնակամ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին տրամադրում է հակահետևակային ականների մասին տեղեկատվություն:
Բացի այս, գոյություն ունի Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիր։
«Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերներն ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ-պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը և սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը:
Ի տարբերություն ԵԱՀԿ սպառազինությունների վերահսկման այլ ռեժիմների՝ պայմանագիրը, լինելով իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ, պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ:
Ադրբեջանական Հանրապետությունը բացահայտ կերպով և շարունակաբար ցուցադրել է իր քամահրական վերաբերմունքը ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարման նկատմամբ: Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իրական սովորական սպառազինությունները տարիներ շարունակ գերազանցում են այդ երկրի հայտարարած պաշտոնական տվյալները: 2006 թվականից սկսած` Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններում:
2020թ. սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կասետային և այլ արգելված զինատեսակների լայն կիրառումը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից շարունակ ոտնձգությունները և միջազգային իրավունքի բացահայտ խախտումները բացարձակ անպատժելիության մթնոլորտում, վերհանեցին վերոհիշյալ թափանցիկության և վստահության միջոցների անարդյունավետությունը»,- կարելի է կարդալ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանի հետ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ երկկողմ պայմանագիր կնքել, ի՞նչ է մտածում՝ Ալիևն իր բանակի զինանոցը դնելու է Հայաստանի առա՞ջ, առհասարակ, Փաշինյանը պատկերացնո՞ւմ է՝ սա ինչ է նշանակում, երբ նաև այս հարցն է ցանկանում տեղափոխել իր և Ալիևի հարաբերությունների հարթություն:
Հիշեցնենք, որ 168.am-ն ուսումնասիրել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումները, հրապարակային ելույթները, ժողովրդին ուղղված ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր:
Դրանք վերաբերում են և՛ ռազմական պլանների նախապես հրապարակայնացմանը, և՛ մարտական, կրակային դիրքերի թվին, դրանց կահավորման աստիճանին և, առհասարակ, զորքի մարտական պատրաստվածության և զինվածության մակարդակին: Այսինքն, մենք առանձնացրել էինք Փաշինյանի՝ ռազմական գաղտնիքի պահպանման պահանջի խախտումները: Նա նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ հրապարակայնացրել էր ընթացքի մեջ գտնվող օպերացիան: Եվ հիմա, փաստորեն, խնդիր չի տեսնում նաև հակառակորդին ի ցույց դնել սեփական բանակի զինանոցը, երբ այն, ըստ էության, անգամ օրենքով է արգելված:
Մասնավորապես, «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում տրված են ռազմական բնագավառին առնչվող պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները, մասնավորապես, դրանք են.
– զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի, ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության, Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունը և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները,
– ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց անվանումների, բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին,
– հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հատուկ կարգ ունեցող օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին,
– Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին:
Այս համատեքստում նշենք, որ 2020 թվականի ապրիլին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման պայմանագրերին, պարտավորություններին հետևելու մասին զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը խախտել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները:
«Առավոտի» փոխանցմամբ, զեկույցում, մասնավորապես նշվում էր, որ թեպետ Հայաստանը լիակատար աջակցում է պայմանագրին, բայց 2019թ. Հայաստանում զրահատեխնիկայի ընդհանուր քանակը (AIFV) շարունակել է գերազանցել Ռազմական տեխնիկայի սահմանափակման մասին պայմանագրի (TLE) թույլատրելի սահմանը:
Ադրբեջանին վերաբերող հատվածում ասվում էր, որ երկրի սպառազինության ընդհանուր քանակը շարունակել է գերազանցել TLE-ի թույլատրելի սահմանը, բացի այդ, Ադրբեջանը նախապես չի տեղեկացրել 2019թ. հիմնական զորավարժություններ անցկացնելու մասին, ինչպես պահանջում է Վիեննայի փաստաթուղթը (VD11):
Զեկույցի համաձայն` Ռուսաստանը դադարեցրել է պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը 2007թ.: Եվ այդ ժամանակից ի վեր շարունակում է խախտել իր պարտավորությունները:
Ի դեպ, 2023 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չեղարկելու մասին օրենքը, ավելի ուշ ԱՄՆ-ը հայտարարեց, որ դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրին:
Իսկ թե Փաշինյանի՝ Ալիևի հետ սպառազինության վերահսկման երկկողմ պայմանագիր կնքելու անհաշվարկ գաղափարն ինչ ապագա կունենա, ժամանակը ցույց կտա: