Ալիևի հայտարարություններից ակնհայտ է դառնում՝ Հայաստանի կողմից, այսպես ասած, պարտավորությունների չկատարման դեպքում ադրբեջանական կողմը հիմքեր է ստեղծելու ռազմական բախումների. Շիրազ Խաչատրյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին» և փորձել է համոզել, թե այն չի վտանգում ՀՀ ինքնիշխանությունը՝ բերելով «Հյուսիս-Հարավի» օրինակը, որը, ըստ Ալիևի, անցնում է Ադրբեջանի տարածքով: Ալիևը հիշեցրել է նաև արևելք-արևմուտք միջանցքի մասին՝ նկատելով, որ միայն Հայաստանն է «միջանցք» բառից «վատ զգում», դրա համար էլ այն Փաշինյանը նախ անվանեց «Հայկական խաչմերուկ», հետո՝ «Խաղաղության խաչմերուկ», ինչը, ըստ Ալիևի, ոչ այլ ինչ էր, քան փիառ-ակցիա:

«Հայկական կողմի առաջարկած երթուղին՝ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան, բացարձակ ձեռնտու չէ, քանի որ եղանակային անբարենպաստ պայմանների և խիստ ռելիեֆի պատճառով ամբողջ տարի այդ ճանապարհի օգտագործումն անհնար է: Ամենաճիշտ տարբերակը՝ դա Մեղրիիի տարածքով անցումն է»,- շեշտել է Ալիևը:

Ի՞նչ գործողություններ սպասել Ադրբեջանից, արդյո՞ք կարելի է միանշանակ ընդունել օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալի պնդումը, թե՝ «Ադրբեջանի համար շատ ռիսկային է բռնի ուժով վերցնել Մեղրին կամ Սյունիքը»:

Այս և Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ՀՀ-ին ներկայացված այլ պահանջների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հեռ:

Կարդացեք նաև

– Այն, ինչի մասին Ալիևը երկու օր առաջ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասում էր՝ կապված Զանգեզուրի միջանցքի հետ, նորություն չէր, ուղղակի զարմանալիորեն մեր հանրությունը ժամանակ առ ժամանակ կարծես «ցնցվում» է Ալիևի կամ ադրբեջանական մեկ այլ պաշտոնյայի խոսույթից։

Հարկ է արձանագրել նաև, որ հայկական լրատվական դաշտում հիմնականում տիրաժավորվում էին Ալիևի ասելիքներն այս կամ այն հարցի հետ կապված, բայց նույն ժամանակահատվածում նաև Թուրքիայի նախագահն է անդրադարձ կատարել ԼՂ խնդրին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, Թուրքիայի տրանսպորտի նախարարն է խոսել «միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ հայկական կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Այսինքն, Անկարան և Բաքուն ներդաշնակ ձևով համագործակցում են այս ուղղությամբ և թեման կրկին ակտիվացնում, իսկ հայկական կողմից այս հայտարարություններին ի պատասխան՝ ինչ-որ անորոշ արձագանքներ են հնչում, մասնավորապես, խոսում են Երևանի և Բաքվի միջև սահմանային դյուրացված ռեժիմի անցման վերաբերյալ, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում ընդհանուր պատկերը։

Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը, իսկ հայկական կողմն անընդհատ տեղի է տալիս ադրբեջանական պահանջներին։ Այն, ինչ առաջարկել և առաջարկում է Ալիևը՝ «միջանցքի» նախագծի իրականացման մասով, ոչ այլ ինչ է, քան ՀՀ տարածքների նկատմամբ նոր հավակնություններ, նա մերժում է պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմները, իր պայմաններն ու պահանջներն է առաջ քաշում և նոր սպառնալիքների առաջ կանգնեցնում Հայաստանին։ Իհարկե, «միջանցքը» չստանալու դեպքում Ադրբեջանը հայտարարում է, որ օգտագործելու է Իրանի ենթակառուցվածքները՝ Հայաստանին դուրս թողնելով բոլոր տարածաշրջանային նախագծերից, բայց եթե «բացում» ենք Ալիևի բոլոր հայտարարությունների բովանդակությունը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի կողմից, այսպես ասած, պարտավորությունների չկատարման դեպքում ադրբեջանական կողմը հիմքեր է ստեղծելու ռազմական բախումների: Իսկ թե որքան հնարավորություն ունի՝ և՛ իր ռազմական ներուժի, և՛ միջազգային հանրության առաջ այդ ամենը հիմնավորելու առումով, դա այլ հարթության հարց է, ու արդեն նախորդ փորձից ելնելով՝ ակնհայտ է, որ ամեն ինչ հնարավոր է։

– Ադրբեջանի նախագահը դարձյալ պահանջել է հայկական 8 գյուղերը, և հայտնել, որ այդ հարցը իր և Փաշինյանի շփումների օրակարգում է եղել, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» զրույցի ժամանակ է ինքն այդ հարցը բարձրացրել, այն նաև դելիմիտացիայի հանձնաժողովի օրակարգում է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն` սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների` Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին` բնականաբար, ՀՀի հաշվին: Արդյոք սրանից ելնելով՝ Տավուշի ուղղությամբ ռազմական գործողություն կարելի՞ է սպասել, որպեսզի այդ գյուղերը վերադարձվեն մինչև սահմանազատման գործընթացի ավարտը:

Տեսեք, ադրբեջանական կողմն ամեն անգամ դիմում է դիվանագիտական մանյովրների, և տպավորություն ունեմ, որ ամեն անգամ հայկական կողմը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հայտնվում է այդ ծուղակում։

Ադրբեջանական կողմը պատերազմից հետո ցանկացած քննարկման հարց տարանջատել է, ստացել իր ուզածը, իսկ հայկական կողմին, ժողովրդական լեզվով ասած՝ «քցել»։ Այդ հնարքն ադրբեջանական կողմը բանեցնում է 44-օրյա պատերազմից սկսած, իսկ հայկական կողմն ամեն անգամ վստահում է թշնամու խորամանկ առաջարկներին։

Ալիևի հարցազրույցից պարզ է դառնում, որ այս անգամ էլ հունվար ամսին նախատեսված սահմանազատման հանձնաժողովի նիստին մեկ թեմա է լինելու՝ Տավուշի «անկլավների» հարցը։ Եվ եթե 8 բնակավայրերի հարցն առանձին օրակարգով քննարկվի և այդ գյուղերի վերադարձի հարցին ընթացք տրվի, ապա ոչ միայն ստանալու ենք Գորիս-Կապան մայրուղու հանձնման սցենարային կրկնության նման մի բան, այլ ավելին՝ Ադրբեջանը մխրճվելու է ՀՀ հյուսիսարևելյան տարածքներ՝ փաստացի բլոկադայի ենթարկելով Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին, նաև վերհսկողություն սահմանելով ու սպառնալիք ստեղծելով ՀՀ խորքում գտնվող տասնյակ բնակավայրերի և տարածքների նկատմամբ։

Այսինքն, միակ սահմանային հատվածը, որտեղ ադրբեջանական կողմը ռազմական ճանապարհով չի կարողացել վերահսկողություն սահմանել կարևոր ռազմավարական բարձունքների նկատմամբ, փորձում է դիվանագիտական խորամանկության միջոցով հասնել դրան:

– Ի դեպ, Ադրբեջանի ղեկավարը շատ ուղիղ ասել է՝ իր զորքը դուրս չի գալու 2021-2022 թվականներին ներխուժած ՀՀ ինքնիշխան տարածքներից: Այսինքն, մերժում է զորքի հետքաշման հայկական կողմի առաջարկները, ինչի պատճառների մասին խոսել ենք՝ իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակության բարձունքներ և այդ տեղերից չեն պատրաստվում հեռանալ և այլն:

– Բազմիցս ենք այս թեմայով խոսել, որ ադրբեջանական կողմը 2021-2022թթ. ՀՀ օկուպացված տարածքներից դուրս չի գալու, նրանք Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ուղղություններով գրեթե բոլոր կարևոր մարտավարական և ռազմավարական բարձունքներում են տեղակայվել, իրենց գերակշռությունն ապահովելով այդ ուղղություններով հետագա ռազմական գործողություններ ծավալելու նպատակով։ Իմիջիայլոց, Ալիևը նշում է, որ իրենք պետք է այնպիսի բարձունքներ ունենային իրենց ձեռքում, որ իրենց աչքով տեսնեն, թե ինչ են ծրագրում հայերը։

Այսինքն, ցանկացած պահի, ադրբեջանական կողմն ինչ-որ պատճառաբանությամբ կարող է «հայկական սպառնալիքները» չեզոքացնելու նպատակով դիմել ռազմական գործողությունների։ Պարզ ասած, սցենարը նույնն է, ինչ նրանք իրագործեցին Արցախում՝ կրկին տեղակայվելով կարևոր ռազմավարական բարձունքներում, ապա իբր նկարահանելով հայկական զինված ուժերի, ռազմական տրանսպորտների տեղաշարժերը, հետո՝ մի քանի փոխհրաձգություններ, սադրանքներ և այլն, ու հիմքերը ստեղծված են նոր էսկալացիայի։

Այլ հարց է, կրկնում եմ, թե ե՞րբ և ո՞ր ժամանակահատվածում նպաստավոր պայմաններ (և իր ռազմական ուժի, և միջազգային խաղացողների առաջ իր գործողությունները հիմնավորելու առումով) կստեղծվեն ադրբեջանական կողմի համար՝ դիմելու ռազմական գործողությունների:

Տեսանյութեր

Լրահոս