Փաշինյանի վիճակը ծանր է. շրջապատը կհեռացնի իրեն. մեղրամիս՝ Լուկաշենկոյի հետ, երկու կարմիր քարտ, մեկը՝ Ռուսաստանից, մյուսը՝ ԱՄՆ-ից. Հայկ Նահապետյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի որոշ հայտարարություններին հետևելով՝ ինձ թվաց, թե մեղրամիս է Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև, խաղեր են։
- Կարո՞ղ էր Փաշինյանը չգնալ Սանկտ Պետերբուրգ. եթե չգնար, ծանր հետևանքներ կունենար։ Կարծում եմ՝ Փաշինյանին հուշել են գնալ և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակներում ստորագրել այդ փաստաթղթերը։
- Ասում են՝ Փաշինյանը «դուխով գլխարկը» փոխեց կեպիի հետ, իսկ կարո՞ղ է կեպին զրահապատ էր…
- Վերջին մեկ ամսվա ընթացքում Եվրասիական տնտեսական բանկը և Ռուսաստանը մոտ 1 մլրդ ներդրում կատարելու վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել Հայաստանի հետ։
- Անլուրջ է ասել, թե Փաշինյանը գցել է Արևմուտքին, Արևմուտքին գցել սկզբունքորեն անհնար է, կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն այլ տակտիկա, այլ լուծում է փորձում գտնել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ՌԴ կողմից Հայաստանում կատարված հսկայական գումարներով ներդրումային քաղաքականությունը նման է նրան, որ Ռուսաստանը Հայաստանն իբրև իր գուբերնիա է դիտարկում, իսկ գուբերնիայում ներդրումներ պետք է կատարեն։
- Չնայած ՀՀ գործող վարչախմբի կողմից հնչեցվող հակառուսական հայտարարություններին, Ռուսաստանի կեցվածքը, մարտավարությունը կտրուկ փոխվեց, և սկսեցին Հայաստանին գումար տալ, Փաշինյանի կատարած սխալների դիմաց, այսպես ասած, կաշառք պրեմիա տվեցին, իսկ եթե Փաշինյանը հակառակ կեցվածք դրսևորի, ապա նրա շրջապատը կհեռացնի իրեն, այսինքն՝ կարող է ներքին իշխանափոխություն տեղի ունենալ։
- Եթե ԵՄ-ին պետք լիներ Հայաստանին 2.6 մլրդ դոլար գումար տրամադրել, կտրամադրեին։ Իրենք գործակալական ցանցն ու կոմպրոմատներն էլ ունեին, կարող էին ստիպել Փաշինյանին կամ պարզապես փոխել նրան, եթե չկատարեր իրենց պայմանները։ Եթե ԵՄ-ն չի տրամադրել այդ գումարը, ուրեմն չի ցանկացել:
- Ոչ թե Փաշինյանին ստիպել են գնալ Սանկտ Պետերբուրգ, այլ կան մի շարք կոմպրոմատներ Հայաստանի իշխանությունների դեմ՝ կոկաինի վաճառքի համար տրանզիտ գոտի, զենքերի վաճառք Ուկրաինային… Հայաստան բավականին լուրջ գումարներ են գալիս, և երբ պահը գա՝ փողերի լվացման հարց էլ կբարձրացնեն։
- Փաշինյանն ու թիմը սկսեցին հակառուսական ելույթները, երբ նրանց թվաց, թե Ռուսաստանը պարտվում է Ուկրաինային։ Փաշինյանն ընկավ այդ ծուղակի մեջ, հիմա նա գուցե հասկանում է, որ Ուկրաինայի թեման մեծ հաշվով փակված է, այսինքն՝ Ռուսաստանը հաղթանակով է դուրս գալու, և եթե ՌԴ-ի դեմ շարունակի հայտարարություններ ու գործողություններ անել, ապա դա իր համար կարող է ճակատագրական լինել։
- Նիկոլ Փաշինյանի վիճակն իսկապես ծանր է. նա երկու կարմիր քարտ է ստացել՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից. առաջինը Լուկաշենկոն էր տվել՝ համեմատելով Փաշինյանին Պրիգոժինի հետ, երկրորդ կարմիր քարտը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ իր հարցազրույցով և հայտարարությամբ։ Դա զգուշացում էր Նիկոլին՝ վերցրած պարտավորությունները կատարելու առումով, որոնք կարծես Փաշինյանը որոշել է չկատարել։
(Հիշեցնենք, որ նույն օրը, երբ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան լրագրողի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն տեսնո՞ւմ է դաշինքին մերձենալու Երևանի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության քաղաքականությունը, պատասխանել է.
«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ Դա այն է, ինչ մենք խրախուսում ենք: Հայերն ազատ են ինքնուրույն որոշումներ ընդունելու հարցում, և նրանք որոշել են դա անել: Կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ. դիմել են մեզ հետ հարաբերություններում ավելի շատ համագործակցության, ավելի շատ քաղաքական երկխոսության, ՆԱՏՕ-ի ավելի շատ ներկայության համար։ Մենք խրախուսում ենք մեր գործընկերների ցանկացած որոշում, որը, մեր կարծիքով, օգուտ կբերի տարածաշրջանի կայունությանը: Դա մեզ համար շատ կարևոր է»):
- Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն պահում է՝ որպես փոքր խմբագրակազմի ղեկավար, փորձում է ցույց տալ, թե ինքն ավելի խելոք է, քան մյուսները:
- Հայաստանը կարող է մոտ ժամանակներում կանգնել իշխանափոխության գործընթացի առջև, և դա կանխելու համար Փաշինյանը կսկսի ձերբակալություններ անել։
- Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Հայաստանն իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ կփոխի, եթե կառույցից հայտարարեն, որ ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, ու պահանջեն լքել ՀՀ ինքնիշխան տարածքը: «ՀԱՊԿ-ը չի աշխատում, եթե ՀԱՊԿ-ն իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն չի աշխատում»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը:
ՀԱՊԿ-ը չի կարող դա անել, դա իր գործառույթների մեջ չի մտնում… Հայաստանն ինքը չի ճանաչել, որ Ադրբեջանի զինված ուժերը մտել են մեր տարածք, նման դեպքերում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պետք է հայտարարվի ռազմական դրություն, 2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ը ՀՀ իշխանությունները որևէ իրավական ակտ չեն ընդունել, ռազմական դրություն չի հայտարարվել։
- 2018-ին իշխանափոխություն եղավ, որովհետև կար արտաքին դերակատարների կոնսենսուս, հիմա այդ կոնսենսուսը խախտվում է։ Նման զարգացումների պարագայում, Հայաստանում 2018-ի սցենարով հակառուսական տրամադրություններ ունեցող ուժերը և ժողովուրդը կրկին դուրս են գալու փողոց, այդ դեպքում խիստ դժվար կլինի Փաշինյանին պահել իշխանությունը։
- Ալիևին պե՞տք է խաղաղության պայմանագիր, պե՞տք է պարտավորություններ վերցնել, մանավանդ, որ Պրահայում Փաշինյանից շատ բան է նա ստացել, Ադրբեջանին պետք չէ կնքել «Խաղաղության պայմանագիր», դա իր համար լրացուցիչ պարտավորություններ են։ Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանն այս տարածաշրջանում օտար մարմին է, հայերը եկվորներ են։ «Ժամանակն է այդ սխալն ուղղելու»,- ասում է մի երկրի նախագահ, որն ունի ծրագիր ու դա աստիճանաբար կյանքի է կոչում։
- Ադրբեջանի Միլի մեջլիսում այսօր ընդունված հայտարարությամբ Ալիևը Փաշինյանին զգուշացնում է՝ ինչ խոստացել ես՝ պետք է կատարես, այս հայտարարությունն ԱՄՆ ներկայացուցչի հայտարարության տրամաբանությամբ է։
- Անառակ որդին ցանկացած տեղի որդին է. Փաշինյանը Ռուսաստանին ասում է՝ ես հիմա ձեր որդին եմ, բայց մինչև այդ Արևմուտքին էր վստահեցնում, թե իրենց որդին է։
Մանրամասները՝ տեսանյութում: