Երբ ոչինչ չի արվում, ցանկացած սցենար բերում է մարտահրավերներ. Հերմինե Մխիթարյան
«Հարավային Կովկասի հետ կապված Թեհրանի մոտեցումները շատ հստակ են. Իրանն իր կարմիր գծերի մասին ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է. խոսքը, առաջին հերթին, տարածաշրջանում պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, հայ-իրանական սահմանի մասին է»,- «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառման ժամանակ նշեց «Ընտրված պարտություն» գրքի հեղինակ, միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանը՝ «Հարևանություն. անհանգիստ ու լարված իրավիճակ» իր զեկույցում:
Հերմինե Մխիթարյանն արձանագրեց, որ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանում լուծելու մոտեցումն է Իրանի գլխավոր շեշտադրումը:
«Այս ձևաչափը հետաքրքիր է նրանով, որ սրան հակվածությունը միավորում է տարածաշրջանի գլոբալ խաղացողներին՝ Իրանին, ՌԴ-ին և Թուրքիային»,- նկատեց բանախոսը:
Անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային դերակատարմանը՝ միջազգայնագետը հիշեցրեց, որ 2024 թվականին Թուրքիայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ՝ հատկապես այն քաղաքներում, որտեղ ընդդիմությունը լուրջ ռեսուրսներ ունի:
«Հերթական փորձությունն է սպասվում Էրդողանին,- ասաց նա, ապա անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության, Արցախի հիմնախնդրի շուրջ թուրքական կողմի մոտեցումներին՝ ընդգծեց,- Կան հարցեր Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, որոնք սկզբունքորեն, բացառապես պայմանավորված չեն անձերով, այլ ինստիտուցիոնալ են, և նույն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարցերի հետ կապված, եթե իշխանափոխություն էլ լինի, այդ գիծը պահպանվելու է»:
Խոսելով մեր խնդիրների վերաբերյալ Վրաստանի մոտեցումների մասին՝ Հերմինե Մխիթարյանն ուշադրություն հրավիրեց մշտապես չեզոքություն պահպանելու հանգամանքի վրա:
Ըստ միջազգայնագետի ՝տարածաշրջանային այս կամ այն գործընթացը բերում է հնարավորություններ և մարտահրավերներ. երբ ոչինչ չի արվում, ցանկացած սցենար բերում է մարտահրավերներ: