Այսպես երկար շարունակվելու դեպքում իրադրությանը կարող է խառնվել նաև Իրանը, այդ պարագայում ՀՀ-ից որևէ մեկը որևէ կարծիք չի հարցնի. Սերգեյ Շաքարյանց
Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է, որ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին:
«35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը»,- հավելել էր Հաջիևը:
Ադրբեջանցի քաղաքական գործչի այս հայտարարությանը ՀՀ իշխանությունները, ըստ էության, չեն հակադրվել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ անդրադառնալով Հաջիևի հայտարարությանը՝ ասել էր, որ սահմանների սահմանազատումը կարելի է իրականացնել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրից» առանձին, քանի որ այդ գործընթացը կարող է տարիներ տևել:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ ՀՀ իշխանություններն այլևս որևէ դեր չեն խաղում միջազգային հարթակներում՝ սկսած 2018 թվականից, ինչն էլ նշանակում է, որ նրանք պետք է համաձայնեն ադրբեջանական կողմի բարձրացրած բոլոր պահանջներին: Իսկ «որևէ մի «խաղաղության պայմանագիր», ինչ-որ կովկասյան թաթարների կամ թուրքերի հետ» կնքելը, ըստ քաղաքագետի, ի սկզբանե անարդյունք ու անիմաստ է:
«Անիմաստ է, քանի որ իրենք թելադրում են իրենց համար բարենպաստ օրակարգը: Դա ոչ թե խաղաղության, այլ նորանոր կապիտուլյացիաների մասին պայմանագիր է լինելու: Սա պետք է գիտակցել ու քաջ գիտակցել, ընդ որում, առանց հարցականների: Եթե որևէ մեկին ձեռնտու է կապիտուլյացիայի մասին պայմանագիրը, խնդրեմ, թող քննարկեն Հաջիևի, Մաջիևի ու մյուսների հետ»,- ասաց քաղաքագետը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանին են փոխանցել «խաղաղության պայմանագրի» իրենց առաջարկների նոր փաթեթը:
Նա նաև հերթական անգամ փորձել էր հայկական կողմին մեղադրել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հետաձգելու մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանից սպասում են այդ ուղղությամբ գործնական քայլերի:
«Մենք իրատեսորեն ենք նայում խաղաղության գործընթացին: Բայց մենք պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծումը չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Այն առնվազն պայմաններ է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման համար»,- ասել է Բայրամովը:
Ըստ Շաքարյանցի՝ թուրք-ադրբեջանական տանդեմը չի պատրաստվում խաղաղության որևէ պայմանագիր ստորագրել՝ առանց իրականացնելու Սյունիքը հափշտակելու իր նախանշած պլանները:
Նրա խոսքով՝ սրա վկայությունն է նաև ադրբեջանական ԶՈւ-ի՝ ՀՀ տարածքից չհեռանալու փաստն ու Թուրքիայի նախագահի կողմից արդեն երկրորդ անգամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելը՝ նաև արևմտյան հարթակների թելադրանքով:
«Իրենց նպատակն է «վերացնել» Հայաստանը՝ որպես այդպիսին: Օրինակները Ձեր առջև են. Սիրիա գոյություն չունի իր նախկին սահմաններով, Իրաքը՝ նույնպես, և այլն: Իսկ արդյունքը կլինի այն, որ կստեղծվի մի ռազմական պլացդարմ՝ Իրանի դեմ գործելու համար: Երկրորդը, բախտը ժպտալու դեպքում՝ նաև Ռուսաստանի դեմ»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը:
Այս համատեքստում քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ, հաշվի առնելով նկատվող զարգացումները, տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի, ավելին՝ պետք է պատրաստ լինել հնարավոր նոր պատերազմի:
«Իրենց այդպես են հրամայել իրենց տերերը: Իսկ իրենց տերերն ովքե՞ր են, ովքեր Թուրքիայի արտաքին պարտքի տեր են: Այդ երկիրն ունի հսկա արտաքին պարտք: Այդ պարտքը բաժանված է 4 կողմերի միջև՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Իսրայել ու Անգլիա: Իսկ ԱՄՆ-ը գործնականում աջակցել է արցախահայերի ցեղասպանությանը՝ զինելով կովկասյան թաթարներին: Ես զարմանում եմ, թե ինչ աստիճանի զոմբի պետք է լինել՝ դա չհասկանալու համար»,- ասաց քաղաքագետը:
Իսկ Ադրբեջանի համար այդ «խաղաղությունը», ըստ Շաքարյանցի, Հայաստանից նորանոր տարածքներ կորզելն է՝ նաև «անկլավների» տեսքով:
«Որպես «անկլավ»՝ շոշափվում է նաև Տիգրանաշենի հարցը: Դա նշանակում է, որ Երևանը կտրված է լինելու ո՛չ միայն Սյունիքից, այլև Վայոց ձորից, գործնականում՝ նաև Գեղարքունիքից: Հենց սրա համար էլ նրանք հենց սկզբից պոչ էին խաղացնում, իրենց ուզած օրակարգն են թելադրում սրանց»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը:
Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքից դուրս չբերելու մասին հայտարարությանը, Շաքարյանցն ասաց, որ երկար ժամանակ այս իրավիճակը շարունակվելու դեպքում իրադրությանը կարող է խառնվել նաև Իրանը՝ արդեն գործնականում ցուցադրելու իր «կարմիր գծերը»: Իսկ այդ պարագայում արդեն Հայաստանից որևէ մեկը որևէ կարծիք չի հարցնի:
Նազելի Ստեփանյան