Ինքնահավան Փաշինյանը զոմբի հայ ժողովուրդ է ուզում ունենալ՝ Էրդողանին և Ալիևին կուրորեն հավատացող. Սասունյան
Նախօրեին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր դարձավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ և ջերմոցագործությամբ զբաղվող Սևադա Խոջաբաղյանը՝ Գորիսից: Մրցանակը ստանալուց հետո հենց բեմից շնորհակալություն հայտնեց Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը՝ այդ միջոցառումը կազմակերպելու համար, ապա կոչով դիմեց աշխարհի հայերին։
«Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում։ Վերջապես, մենք ուզում ենք պետություն դառնալ… եկեք հզորացրեք՝ ի հեճուկս ցանկացած թշնամու, որ այլևս չհամարձակվեն մեր նկատմամբ ինչ-որ բաներ մտածեն»,- ասաց նա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով աշխարհի հայերին ուղղված Սևադա Խոջաբաղյանի կոչին, աշխարհի հայ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ապրող, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և հասարակական գործիչ Հարութ Սասունյանը նշեց.
«Ասել, որ հիմա գլխավոր մեր հարցը սփյուռքահայերի վերադարձն է, սխալ է։ Մենք շատ ավելի կարևոր երկու հարց ունենք՝ ավելի կարևոր, քան սփյուռքահայությունն է։ Մեր առաջնահերթությունը՝ գլխավոր հարցը՝ Արցախն է. պետք է ամեն ինչ անենք այն պահելու համար, երկրորդ՝ Հայաստանն է վտանգի մեջ. ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանը պահենք»,- ասաց Սասունյանը։
Նրա խոսքով՝ ինչպես Արցախի պետական ինստիտուտները պահպանելու հարցում, այնպես էլ Հայաստանին սպառնացող վտանգներին դիմակայելու հարցում՝ ինչպես որ Հայաստանում է, այնպես էլ՝ սփյուռքում չկա միասնականություն, քանզի 2018 թվականից հետո ՀՀ իշխանության եկածների ասպարեզ նետած բաժանումները՝ սև-սպիտակ, նախկին-ներկա, արցախցի-հայաստանցի, հասել և արմատներ են գցել նաև սփյուռքում։
«Փաշինյանը բաժանել է սփյուռքը Հայաստանից, այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստանից։ Դա հիասթափություն է առաջացրել սփյուռքում, դրան ավելացել է նաև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումը, ինչը հիասթափությունը խորացրել է դեպրեսիայի աստիճան։ Վիճակը հասել է նրան, որ մարդիկ անգամ չեն ուզում լուրեր լսել Հայաստանից։ Շատ վատ բան է կատարվում սփյուռքում, մարդիկ անջատվում են հայրենիքից, անգամ չեն ցանկանում լսել իրենց հայրենիքի մասին, և այս վիճակի պատասխանատուն հենց Փաշինյանն է»,- ասաց հասարակական գործիչը։
Վերջինս հիշեցրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատությունը՝ ուղղված հայկական սփյուռքին, որի գործունեությունը համարվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտ։
«Հիմա ցավալի է տեսնել, որ Փաշինյանը համաձայն է Հայաստանի ամենավատ թշնամիների հետ. Փաշինյանը փորձում է խանգարել սփյուռքին, որովհետև տեսնում է՝ չի ենթարկվում իր հրահանգներին»,- ասաց Սասունյանը՝ շեշտելով, որ անգամ չի հանդուրժում իր հասցեին հնչեցվող քննադատությունը, ինչի հետևանքով էլ սփյուռքի հայտնի հայ գործիչների մուտքը Հայաստան արգելվում է։
«Մուրադ Փափազյանին արգելեցին, էլի կան հայեր. կա երկար ցուցակ… եթե Փաշինյանը ժողովրդավարությունից որևէ բան հասկանար, կիմանար՝ դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը խոսքի ազատությունն է, մինչդեռ մենք ունենք մի մարդ, որը հսկում և վերահսկում է ամեն բան՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում… Փաշինյանը դեմ է այն ամենին, ինչն ազգային է՝ ինքն իր բերանով է դա ասել՝ սկսելով Արարատ լեռից ու հասնելով զինանշանին։ Մեր բոլոր սրբություններն է ոտնահարում, ինչը նաև ՀՀ Սահմանադրության ոտնահարում է, և դա արվում է երկրի առաջին դեմքի կողմից։ Փաշինյանն անում է ամեն բան, որ կործանի ազգայինը, որ ունենանք զոմբի ժողովուրդ, որը կենթարկվի Փաշինյանի հրահանգներին և կուրորեն կհավատա Էրդողանին և Ալիևին»,- ասաց Սասունյանը՝ Փաշինյանին համարելով ինքնահավան, որևէ մեկին չլսող և չսովորող գործիչ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։