Թիրախում Կենտրոնական բանկն է

Հայաստանում գրանցվող բարձր տնտեսական աճերի ֆոնին՝ արդյունաբերություն մեջ աճ չկա։ Վերջին ամիսներին անընդմեջ անկում է գրանցվում։ Ընդ որում, գրեթե բոլոր առանցքային ճյուղերում, այդ թվում՝ ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ՝ մշակող արդյունաբերության մեջ։

Իր պատասխանատվության տակ գտնվող ոլորտում առկա այս մտահոգիչ իրավիճակի համար էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեղադրում է Կենտրոնական բանկին։ Գնաճի դեմ պայքարելու համար Կենտրոնական բանկն իրականացրել է զսպող քաղաքականություն, դրամն ամրապնդվել է՝ վատացնելով արտահանողների վիճակը։

«Դա հանգեցրել է այն բանին, որ տնտեսության արագ աճի ֆոնին արդյունաբերության սեկտորը չի աճում, ցուցանիշները գրեթե զրոյական են»,- ասում է Վահան Քերոբյանը։

Որ դրամի ամրապնդումը մեծ վնասներ է տվել արդյունաբերությանն ու ընդհանրապես մեր տնտեսության արտահանելի հատվածին, վիճարկելի չէ։ Այս առումով էկոնոմիկայի նախարարը միանշանակ ճիշտ է։ Բայց դրանով էկոնոմիկայի նախարարի ու նախարարության մեղքը բոլորովին էլ չի թեթևանում։ Այն, ինչ արել է Կենտրոնական բանկը, արել է իր վրա դրված հիմնական խնդիրներից մեկը՝ գների կայունությունն ապահովելու համար։

Մի կողմ թողնենք այն, թե դա նրան ինչքանով է հաջողվել։ Դրսից հսկայական տարադրամային միջոցներ են եկել, որոնք մեծացրել են ճնշումն ազգային արժույթի վրա՝ հանգեցնելով դրամի ամրապնդման։ Կենտրոնական բանկի «մեղքն» այն է եղել, որ այդ գումարները չի ներքաշել և թողել է, որպեսզի դրամն արժևորվի։ Դրամի արժևորման արդյունքում՝ ներմուծվող ապրանքների վրա գնաճային ճնշումը թուլացել է։

Դրանով, ինչպես նաև իր այլ գործիքներով, ԿԲ-ն փորձել է կառավարել գնաճը, լուծել իր վրա դրված գների կայունության ապահովման խնդիրը։

Կենտրոնական բանկի պարտավորությունների մեջ մտնում է գների կայունության ապահովումը, և ոչ թե՝ դրամի արժևորման հետևանքներից արդյունաբերությանը պաշտպանելը։ Դրա համար կա կառավարություն ու էկոնոմիկայի նախարարություն, որոնք պարտավոր էին հայրենական արտադրողին պաշտպանել ֆինանսական շուկայից թելադրված ազդեցություններից, հնարավորինս նվազագույնի հասցնել վնասները, օգնել հաղթահարելու դժվարությունները, և ոչ թե՝ անհասկանալի ու ժամանակավոր աճերով գլուխ գովել։

Աճերը սկսել են աստիճանաբար թուլանալ, նոր հիշել են, որ արդյունաբերության մեջ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել։ Այնինչ՝ այդ մասին ժամանակին էր պետք մտածել, երբ ոլորտում զբաղվածները բարձրացնում էին դրամի արժևորման հետևանքով առաջացող վնասների ու իրենց տնտեսական գործունեության համար ստեղծված անհաղթահարելի դժվարությունների թեման։

Եթե ժամանակին մտածեին ու քայլեր ձեռնարկեին դրամի ամրապնդման հետևանքներն արդյունաբերության ու հատկապես արտահանող հատվածի վրա մեղմելու ուղղությամբ, հաստատ հիմա արդյունաբերությունն այս օրի չէր լինի։

Իսկ ի՞նչ են արել կառավարությունն ու էոկոնոմիկայի նախարարությունը դրա համար, ինչո՞վ են աջակցել, վնասնե՞րն են մեղմել, թե՞ ֆինանսապես են աջակցել։ Ի՞նչ խնդիրներ են լուծել, որպեսզի  հայրենական արտադրությունն այս վիճակում չհայտնվեր, կարողանար պահպանել մրցունակությունը դրսի, նաև ներսի շուկայում, որտեղ պակաս խնդիրներ չկային տեղական արտադրողների համար։

Տեղական արտադրողին օգնելու, նրա վրա դրամի ամրապնդման հետևանքները մեղմելու փոխարեն՝ 10 մլրդ դրամի ֆինանսական անհատույց օժանդակություն հատկացրեցին տնտեսության ամենահարուստ ու, այսպես ասած, հովտային պայմաններում գործող ոլորտին՝ ՏՏ-ին։ Երբ վերջինս շատ ավելի մեծ ներքին ռեսուրսներ ու հնարավորություններ ուներ առաջացած դժվարությունները հաղթահարելու կամ մեղմելու համար։

Չասենք, թե ինչպե՞ս ծախսվեցին այդ գումարները և ի՞նչ արդյունք տվեցին։

Հայտնի է, որ գումարների մի մասը պարզապես վատնվել ու փոշիացվել է. դրանք տրվել են կազմակերպությունների, որոնք գտնվելիս են եղել սնանկացման մեջ, կամ սնանկացման մեջ են հայտնվել դրանից անմիջապես հետո։

Բայց համարենք, որ ՏՏ-ն արժանի էր օժանդակություն ստանալու, և կառավարությունը ճիշտ է վարվել նրանց ֆինանսական աջակցություն ցույց տալու հարցում։

Իսկ մյուսնե՞րը, հատկապես ապրանք արտադրողներն ու արտահանողները, որոնք պակաս խնդիրների չէին բախվել դրամի ամրապնդման հետևանքով։

Ինչո՞ւ ոչինչ կամ գրեթե ոչինչ չարվեց նրանց պաշտպանելու, դրամի արժևորման ազդեցությունը թուլացնելու համար։

Տեխնիկական վերազինման ինչ-որ ծրագիր էին առաջարկել, երբ նման ծրագրի իրականացման արդյունքները կարող են տարիներ հետո երևալ։ Այնինչ՝ արտադրողները տվյալ պահին էին հայտնվել ֆինանսական, արտադրական ու արտահանման խնդիրների առաջ։ Պատահական չէ, որ ինչպես այդ ծրագրի «արդյունքները», այնպես էլ դրամի ամրապնդման ու տնտեսության վրա ազդեցության հետևանքներն այսօր ենք տեսնում։

Բազմաթիվ ընկերություններ կրճատել են արտադրության ծավալները կամ փակվել՝ չդիմանալով ստեղծված դժվարություններին։ Դեռ լավ է, որ կան խոշոր ընկերություններ, որոնք կարողացել են դիմանալ։ Բայց դրանից արդյունաբերության մտահոգիչ իրավիճակը բոլորովին էլ ավելի լավ չի դառնում։

Ոչ միայն հանքարդյունաբերությունն է անկումային, այլև մշակող արդյունաբերությունը։

Մշակող արդյունաբերության բազմաթիվ կարևոր ճյուղեր, որոնք արտահանման ուղղվածություն ունեն ու պիտի ապահովեն տնտեսության զարգացման հիմքը, կորցրել են դիրքերը, նվազեցրել են արտադրության ծավալները, դարձել են ավելի ոչ մրցունակ, չնայած նախկինում էլ չէին փայլում բարձր մրցունակությամբ։

Ո՞վ պիտի զբաղվեր այս հարցերով, եթե ոչ՝ կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը։

Այն իրավիճակում, որում հայտնվել է մեր տնտեսությունը, մասնավորապես՝ տնտեսության արտադրական հատվածը, դրա համար գուցե մեղավորություն ունի նաև Կենտրոնական բանկը, որ թողել է դրամն այդքան ամրապնդվի, բայց դրանով ԿԲ-ն լուծել է կամ աշխատել է լուծել իր խնդիրները։ Կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարությունն էլ պարտավոր էին լուծել իրենց պարտավորություններից բխող խնդիրները։ Չեն լուծել ու հիմա ուրիշներին են մեղադրում, թե ինչո՞ւ է արդյունաբերությունը հայտնվել այս վիճակում։

Այլ բան, թերևս, չէր էլ կարող լինել, որովհետև Հայաստանում ոչ միայն գործող արտադրությունները զարգանալու ու ընդլայնվելու հնարավորություններ չունեն, այլև նոր արտադրություններ գրեթե չեն ստեղծվում։ Ստեղծվելուց էլ կարճ ժամանակ անց փակվում են։ Թե ինչո՞ւ է այդպես, պետք է մտահոգվեն կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը։ Եվ ոչ թե հույսը դնեն կարճաժամկետ ու պատահական աճերի վրա, հպարտանան չեղած զարգացումներով ու հաջողություններով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս