ՀՀ-ն մերժե՞ց ԱՄՆ առաջարկը, թե ՞ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքը ստում էր

Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո մինչ Փաշինյանը հրատապ խորհրդակցությունների մեջ էր Բրյուսելում և Փարիզում եվրոպացի գործընկերների հետ, ռեգիոնալ մամուլում մտահոգիչ լուրերը, անդրադարձներն Աբու Դաբիում տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման և հատկապես Սյունիքով անցնող երթուղու կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ կոնսենսուսի պայմանների շուրջ չեն դադարում։

Նախօրեին տարածվեց Middle East Eye-ի հերթական հոդվածը մեր ռեգիոնի զարգացումների և Երևան-Բաքու բանակցությունների բովանդակության վերաբերյալ։ Պարբերականը գրել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային «միջանցքը»՝ փորձելով առաջ մղել կովկասյան երկու երկրների միջև վաղուց փակուղային դիվանագիտական բանակցությունները: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը:

Բանակցությունների ընթացքին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին հայտնել է, որ հենց Թուրքիան ի սկզբանե առաջարկել է միջանցքը կառավարող մասնավոր ընկերության ստեղծման գաղափարը, որը հավանության է արժանացել՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից:

«Սակայն հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի է եղել Բաքվի համար»,- ասել է աղբյուրը: Ըստ Middle East Eye-ի՝ Բարաքի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն էին այն բանի, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է միջանցքը կառավարել ԱՄՆ մասնավոր առևտրային օպերատորի միջոցով, որը հանդես կգա՝ որպես չեզոք երաշխավոր:

Կարդացեք նաև

Ավելի վաղ Carnegie Foundation-ի վերլուծությունում էր նշվել, թե ԱՄՆ-ը նման առաջարկով է հանդես եկել, իսկ ծրագիրը հիմնված է Եվրամիության ավելի վաղ առաջարկի վրա, ըստ որի՝ ամերիկյան լոգիստիկ ընկերությունը պատասխանատու կլինի երթուղու երկայնքով բեռների տարանցման կառավարման և մոնիտորինգի համար՝ թափանցիկ կերպով հաղորդակցվելով բոլոր կողմերի հետ: Թոմաս Բարաքի մեկնաբանություններին եղավ ուշագրավ արձագանք թուրքական կողմից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը հայտարարեց, որ տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին։

«Մենք տեղյակ չենք դրանից, ոչինչ չենք կարող մեկնաբանել»,- հայտարարել են Էրդողանի վարչակազմում:

Այս անորոշության և մտահոգությունների ֆոնին եղավ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մեկնաբանությունը, թե ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որևէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս։

Օրերս ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողի հետ զրույցում չէր բացառել սկզբունքների պահպանման դեպքում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ազգային իրավազորության պահպանման դեպքում՝ Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

Թե իրականում սա ինչ է նշանակում և դրսից որևէ ընկերություն ինչ հստակ գործառույթներ է ունենալու, որտեղ, իշխանությունը չի պարզաբանում, միայն հստակորեն պնդում է՝ միջանցքային տրամաբանություն չի քննարկում, այնինչ՝ բավականին հեղինակավոր աղբյուրները, ինչպիսին Middle East Eye-ն է, Carnegie Politika-ն, այլ մանրամասներ են փորձում բացահայտել։

Նման բարդ իրավիճակում, որում հայաստանյան հանրությունն է հայտնվել, պետք է տեղեկատվությունն ամենայն մանրամասնություններով ստանար ՀՀ իշխանություններից անձամբ, սակայն, երբ այդ տեղեկատվությունը կցկտուր է, կիսատ-պռատ, բնականաբար, հանրությունն իր եզրակացություններն անում է՝ վերլուծելով ոչ միայն ՀՀ իշխանությունների դիրքորոշումները, հայտարարությունները, այլ ծանոթանալով նաև դրսի մամուլում տեղ գտնող հրապարակումներին, հատկապես, երբ առնվազն մեկ օրինակով համոզվել ենք, որ Middle East Eye պարբերականը փաստեր կարծես չի խեղաթյուրում, ինչպես Աբու Դաբիի հանդիպմանն ընդառաջ հրապարակված հոդվածի դեպքում՝ բացահայտելով Փաշինյան-Ալիև հանդիպումը ԱՄԷ-ում։

Փաշինյանի խոսնակն իր անդրադարձով, ըստ էության, հերքել է ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի մեկնաբանությունը, թե Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված «տրանսպորտային միջանցքը»։ Բաղդասարյանն ընդգծել է, թե ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ։ Դժվար է պատկերացնել, որ նման նրբազգաց հարցի դեպքում, երբ դիվանագիտական ձևակերպումներն ուսումնասիրվում են խոշորացույցի ներքո, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, ամերիկացի դիվանագետ Թոմ Բարաքը չպատկերացներ կամ սխալ ներկայացներ ամերիկյան առաջարկը։ Փաշինյանի խոսնակի մեկնաբանությունից ստացվում է, որ դեսպան Բարաքը ստել է, կամ ԱՄՆ այդ առաջարկը հնարավոր չէ։ Իսկ այն, որ ամերիկյան առաջարկ քննարկվում է, հայկական կողմը չի հերքել։

Ավելին, եղել է ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունն այդ թեմայով, որ քննարկվում են տարբեր առաջարկներ։ Խոսքն, իհարկե, այդ թվում՝ ԱՄՆ առաջարկի մասին էր։

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ ամերիկյան առաջարկի մասին է խոսքը, ի՞նչ են քննարկում կողմերը, հայկական կողմը մերժե՞լ է այն, և ինչո՞ւ է ամերիկյան կողմը լցված մեծ լավատեսությամբ։

ՀՀ իշխանությունները նաև պետք է պարզաբանեն, թե ինչ նկատի ուներ վերջերս Էրդողանն օկուպացված Ստեփանակերտից Թուրքիա ճանապարհին խոսելով այն մասին, որ ՀՀ դիրքորոշումներն ավելի ճկուն են դարձել։ Եվ այս բոլոր անդրադարձերի ֆոնին եղավ նաև Թրամփի մեկնաբանությունը նախօրեին։

Ժամեր առաջ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ թվարկելով աշխարհի մի շարք հակամարտություններ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակեց նաև հայ-ադրբեջանականը և կարծիք հայտնեց, որ Երևանն ու Բաքուն մոտենում են տարաձայնությունների կարգավորմանը։

«Մենք մի հարց ևս լուծել ենք։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման հակասական հայտարարությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ ամերիկյան առաջարկները չեն վայելում Թուրքիայի աջակցությունը կամ քննարկումները փորձում են պահել գաղտնիության մթնոլորտում՝ դրանց չվնասելու համար։

«Սակայն գործ ունենք բարդ գործընթացի հետ, որտեղ դուրս են մղվել Ռուսաստանի, Իրանի շահերը ռեգիոնից, և այդ ֆոնին պայքար է ընթանում, թե ով կունենա ամենաշատ ազդեցությունը ռեգիոնում։

Ես միայն կասեմ, որ ուշագրավն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երթուղու նկատմամբ Ռուսաստանի կողմից նախատեսվում էր որոշակի վերահսկողական ֆունկցիա՝ պահպանելով ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ ՌԴ փոխվարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ միջանցքի հարց չի քննարկվել, սակայն կողմերը դա չցանկացան, և հիմա տարածվում են տարբեր տեղեկություններ այն մասին, որ կան ինչ-ինչ առաջարկներ, սակայն պաշտոնական որևէ պարզաբանում չկա, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,- ասաց Սիմոնովը։

Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, կա ամերիկյան առաջարկ, սակայն Թրամփի վարչակազմը ռեգիոնալ իրադրությունը, իրավիճակի բարդությունը և բոլոր խաղացողների հավակնությունները ճիշտ չի գնահատում։

«ԱՄՆ-ի համար կարևորն իր միջնորդական դերը հաստատելն է, պարզապես կոնսենսուսը ֆիքսելը, սակայն խնդիրների ողջ սպեկտրի պատկերացումը չկա։ Այս վարչակազմի մոտ նույնը տեղի է ունենում նաև Ուկրաինայի դեպքում, ուստի Թրամփի հայտարարությունները պետք է արդյունքով ֆիքսվեն, քանի որ նմանատիպ շատ հայտարարություններ են եղել»,- ասաց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս