Բաժիններ՝

Շմիհալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հրաժարականի դիմում է ներկարացրել երկրի նախագահին։ Ակնկալվում է, որ նա կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Այս մասին Շմիհալը գրել է իր Telegram ալիքում։

«Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիհալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի դիմումը։

Ավելի վաղ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդել էր, որ այս շաբաթ Ուկրաինայի կառավարությունում փոփոխություններ են սպասվում։ Հուլիսի 14-ին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Եթե խորհրդարանը աջակցի նշանակմանը, ապա Սվիրիդենկոն այս պաշտոնում կփոխարինի Շմիհալին։

Շմիհալն, իր հերթին, կարող է ղեկավարել Պաշտպանության նախարարությունը, իսկ գերատեսչության ներկայիս ղեկավար Ռուստեմ Ումերովը կդառնա Ուկրաինայի դեսպանը Միացյալ Նահանգներում։

Նաև սպասվում է երեք նախարարությունների միավորում՝ Էկոնոմիկայի նախարարության, Ագրարային քաղաքականության նախարարության և Էկոլոգիայի նախարարության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս