5 հարց՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին

Հարց 1.

Կարինե Մարտիրոսյան – Նիկոլը ասուլիսի ժամանակ ասաց՝ «իսկ ո՞վ է ասում, որ Արցախը ազատագրելը 199191-94 թթ ճիշտ էր, ՄԱԿ-ը և ամբողջ աշխարհը Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչել, դրա համար այս խնդրի առաջ ենք կանգնել: Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ։

Արմեն Աշոտյանի պատասխանը – Նիկոլը պատկանում է այն մարդկանց տեսակին, որոնք ի սկզբանե արցախուրաց էին և արցախատյատ, որոնց համար կյանքի իմաստը «Փորը՝ կուշտ, տակը՝ չոր» սկզբունքն է։ Արցախյան շարժումը իր սրտով չէր մինչև վարչապետ դառնալը ևս, բավարար է ընթերցեք իր հոդվածները։

Վարչապետի պաշտոնում իր հակաարցախյան կեցվածքը ևս մեկ շարժառիթ ունի. նա փորձում է իր վրայից մաքրել դավաճանի, կապիտուլյանտի, ազգակործան պատուհասի խարանը՝ դիմելով ամենամեծ և անբարո ստերին։

Կարդացեք նաև

Իրականում Արցախյան հարցով ամբողջ գործընթացը մեզ տանում էր հայկական Արցախի շարունակական գոյությանը, այդ թվում՝ միջազգային գնահատականներով և մոտեցումներով։ Առավել մանրամասն կարող ենք ծանոթանալ իմ՝ Արցախի հարցով Նիկոլի ստերը հաստատող հոդվածներին, որոնց հղումները խնդրում եմ, որ Աշոտը տեղադրի իր այս տեսանյութի մեկնաբանություններում։

Դեռևս կայսր Նապոլեոնն էր ասում, որ մի ձախողակ բավական է պետությունը քանդելու համար։ Հայաստանը ֆրանսիայի լեգենդար գործչի ասածի ապացույցը դարձավ։

Հարց 2

Ռոլանդ Թամրազյան – ՀՀԿ-ն ե՞րբ է կոնկրետ գործողությունների դիմելու

Հանրապետականը լիարժեք մասնակցել և աջակցել է Նիկոլին հեռացնելու նախորդ բոլոր հիմնական փորձերին։ Մեր երկիրն այպիսի վիճակում է, որ ոչ մի առանձին ուժ իշխանափոխություն իրականացնել չի կարող, և Փաշինյանին գահընկեց անելը ոչ թե որեւէ առանձին վերցրած կուսակցության, այլ համազգային համախմբման խնդիր է։ ՀՀԿ-ն չունի առաջինը լինելու ամբիցիա, բայց այդպիսի որոշման, այդպիսի լայն քաղաքական և հանրային կոնսենսուսի դեպքում պատրաստ է իր ուսերին նոր ծանրություն վերցնել։ Այս օրինակը ուզում եմ կրկին բերել. անշուշտ, կարևոր է, թե ով է առաջին ջութակը, բայց ավելի կարևոր է, որ ամբողջ նվագախումբը ֆալշ չնվագի։

Հարց 3.

Նարեկ Մեսրոպյան – Եթե հաջողվի և գաք իշխանության, Նիկոլը և մեղավորները պատասխան կտա՞ն, կկալանավորվե՞ն։

Արմեն Աշոտյանի պատասխանը – Այս թեմայով մի առանձին հոդված եմ դրել, որից քարավան քարոզիչները ընկան նոպայի մեջ։ Եթե կարճ, ապա ՔՊ-ի գործունեությունը պիտի արգելվի՝ որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող, ռացիոնալ մեխանիզմ, օրինակ՝ «Ճշմարտության հանձնաժողով»: Նախկին բարձրաստիճան ՔՊ- ականներին պետք է արգելել զբաղեցնել պետական պաշտոն և զբաղվել քաղաքականությամբ։

Ինչ վերաբերվում է մեղավորներին պատժելու, ապա սա միանշանակ է։ Պարզապես մեղավորներին պատժելը պետք է լինի ոչ թե վրեժխնդրություն, այլ թափանցիկ և կասկած չառաջացնող արդարությամբ։ Միայն այդպես կարելի է ճեղքել  բաժանարար գծերի, ատելության, պառակտվածության առատավոր շղթան։

Հարց 4.

Նունե Ամիրխանյան – Չորեքշաբթի օրվա ուղիղ եթերում Նիկոլն ասաց, որ անկանխատեսելի իրադարձությունների զարգացումներ են սպասվում ՀՀ-ին, և ոչ ոք ոչ կարող է ասել թե ինչ կլինի, ոչ էլ ինչ որ մեկը մեղավոր է, որ ինչ-որ բան լինի։

Արմեն Աշոտյանի պատասխանը – Պատկերացրեք, որ մի ավտոբուսի վարորդ, ով մեքենան техосмотр չի արել, վարորդական իրավունք չունի, психо չունի, քշել չգիտի ու խմած է, թեքելով ավտոբուսը ձորը տանող արահետի ուղղությամբ՝ բարձրախոսով հայտարարի, որ «Ժո՛ղ ջան, ավտոբուսը կարա շուտով գլորվի, շրջվի, այրվի, բայց ինքը մեղավոր չէ՞։  Ի՞նչ կանեիք այս դեպքում։ Պարզ է, չէ՞, պատասխանը։

Նախ, պետք է շտապ փոխել վարորդին, որքան էլ նա դիմադրի, սպառնա, ավտուսի դռները փակի և այլն։ Իսկ փրկվելուց հետո արդեն վերջնական պարզել և պատժել մեղավորներին։

Հարց 5.

Կարեն Վարդումյան – Դավաճանն ասաց, որ նախկինում թե՛ դիվանագիտական հաջողությունները, թե՛ ռազմական, բոլորինս են, իսկ հիմա էլ անհաջողություններն ու պարտություններն են բոլորինս։ Ի՞նչ հող է դրանով նախապատրաստում Նիկոլը։

Արմեն Աշոտյանի պատասխանը – Այդպիսի ձևակերպումը անհեթեթ է և ընդամենը մեկ նպատակ ունի՝ կրկին փորձ անել գցել վրայից իր պատճառով մեզ բաժին հասած և չավարտվող ողբերգությունը։

«Բոլորս ենք» մեղավոր բանաձևով Նիկոլը փորձում է փախչել պատասխանատվությունից։ Չէ՞ որ բոլորս մեղավոր չենք, որ նա տապալեց բանակցային գործընթացը, պատերազմ բերեց, հասցրեց կապիտուլացիայի, կառչեց աթոռից, միլիարդներով փող մսխեց, քանդեց բանակը, դիվանագիտությունը վիժեցրեց, Ալիևի բերանը լեզու դրեց, հանդուրժեց Հայաստանի սուվերեն տարածքների զավթումը, հող նախապատրաստեց Արցախի հայաթափման համար, դավաճանեց Արցախին և այլն։ Ո՞ր մեկը ասեմ։ Եվ ինչո՞վ են «բոլորը» դրանում մեղավոր։

Հայ ժողովրդի այս պահի միակ հավաքական մեղքը մի հատ է. այն, որ Նիկոլը դեռ վարչապետ է։ Իսկ իր մանիպուլյացիայի մյուս կողմը նույնպես պարզ է. Նա ուզում է իր վրայից գցել ոչ միայն արդեն գործած մեղքերը և հանցանքները, այլև գալիքները, որ հերթական կորուստներից և զոհերից հետո, կրկին պլշացնելով իր աչքերը Պետրոսի վրա, հայտարարի. «Ժո՛ղ ջան, ես ձեզ ասել եմ,որ համ վատ է լինելր,համ էլ ես մեղավոր չեմ»։

Ցավով նշեմ, որ 2024 թվականը հայ ժողովուրդը մտնում է որպես աշխարհի ամենաանթասիբ և անպատիվ ժողովուրդ։ Սա շատ դառը, շատ տհաճ, շատ մր՛մռացնող իրականություն է, որը չես քողարկի ոչ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ, ոչ էլ սալաթների թարմությամբ։ Մնում է, որ 2024թ.-ին իրական ջանքեր գործադրենք և ազատվենք այդ անպատվաբեր և խայտառակ տիտղոսից:

Հարգանքով՝

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

 22.12.23 թ.

Տեսանյութեր

Լրահոս