Այդ գործոնները Կամերունի, Զամբիայի իշխանությունների հետ նույնքան կապ ունեն, ինչքան այս իշխանությունների հետ. Ավետիսյանը՝ Քերոբյանին

«Բժիշկ կա, որ բուժում է հիվանդին, և կան դիահերձողներ, որոնք ևս բժիշկներ են: Վահան Քերոբյանը դիահերձող է»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում այս համեմատությամբ է անդրադառնում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախօրեի մի շարք հայտարարություններին:

Իսկ էկոնոմիկայի նախարարը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե այն ներդրումները, որոնք անում են տնտեսության մեջ, կբերի և բերում է այն արդյունքները, որը տեսնում ենք։

«Արդեն երկու տարի է՝ 2022 և 2023 թվականներին, Հայաստանի տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է՝ առաջին տասնյակում, կարծում եմ՝ այս տարի կլինի նաև առաջին հնգյակում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված»,- շեշտել էր նախարարը՝ այդպես էլ այդ հաջողության գաղտնիքը չբացելով հարյուր-հազարավոր մեր «հպարտ» քաղաքացիների համար, որոնք այդպես էլ չեն զգում այդ տնտեսական աճերը:

Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ նախարարի կողմից հիշատակվող աճերը բացառապես արտածին պատահական գործոնների արդյունքն են, հիշեցրեց ռուս-ուկրաինական հակամարտությանը նախորդած տնտեսական իրողությունների մասին՝ մասնավորապես, որ Հայաստանը 2020 թվականին մինչև պատերազմը երեք անգամ ավելի մեծ անկում ուներ կովիդի հետևանքով, քան տարածաշրջանի մյուս երկրները, և, որ 2021 թվականին տարածաշրջանի 6 երկրներից միայն Հայաստանը չվերականգնվեց 2020 թվականի անկումից հետո:

Կարդացեք նաև

«2022 թվականի աճն արտաքին պատահական գործոններով էր պայմանավորված, և այդ գործոնները Կամերունի, Զամբիայի իշխանությունների հետ նույնքան կապ ունեն՝ ինչքան այս իշխանությունների հետ,- պարզաբանեց տնտեսագետը և շեշտեց,- Այսինքն, եթե իրենք ոչինչ չանեին, և աշխատանքի չգնային, վստահաբար մեր տնտեսական աճն առնվազն կրկնակի բարձր կլիներ, և այս իրավիճակում, փաստորեն, իրենք կիսով չափ նվազեցրել են իրական պայմանները, որոնք բերել են տնտեսական աճի:

12.6 տոկոս տնտեսական աճն այն պոտենցիալի կեսն է, որը կարող էինք ունենալ միայն այդ արտաքին գործոնով պայմանավորված»:

Ըստ նրա, հաշվի առնելով տնտեսական աճին նպաստող գործոնների թուլացումը, հետագայում նաև այդ գործոնների վերացման հետևանքով տնտեսության մեջ առաջ եկած բարդությունները, իշխանություններն ավանդույթի համաձայն՝ սկսելու են մեղքը գցել արտաքին գործոնների վրա:

Պատգամավորը նախարարին հորդորեց՝ հպարտանալուց առաջ կամ հետո ասել, թե թե ինչո՞ւ է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը գնալով նվազում. «Նաև թող հիմնավորեն խաղաղության քաղաքականությունը, որի իրական հետևանքները նաև անչափելի տնտեսական անվտանգության ռիսկեր են. թշնամի պետությունն ուղղակի կրակում է ՀՀ օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա, և որոշում է, որ, օրինակ, ՀՀ-ում չպետք է շահագործվեն հանքավայրեր: Այդ որոշումները ՀՀ իշխանությունը կատարում է՝ դրանք փակելով»:

Տեսանյութեր

Լրահոս