Հայաստանի տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ տնտեսական աճի առումով ունի գերլավատեսական կանխատեսումներ։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այն ներդրումները, որոնք անում են տնտեսության մեջ, կբերի և բերում է այն արդյունքները, որը տեսնում ենք։
«Արդեն երկու տարի է՝ 2022 և 2023 թվականներին, Հայաստանի տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է՝ առաջին տասնյակում, կարծում եմ՝ այս տարի կլինի նաև առաջին հնգյակում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված»,- շեշտեց նա։
Լրագրողի հարցին պատասխանելուց առաջ, որ՝ «տնտեսական բումը» պայմանավորված է նախորդ տարի մեծաթիվ ռուսների Հայաստան գալով, հիմա այդ բումը պահպանվելո՞ւ է, Վահան Քերոբյանը նախ ասաց, որ չի կիսում լրագրողի տեսակետը, որ այդ բումը միայն ռելոկանտների գալու արդյունքում է։
«Կարելի է ասել, որ Հայաստանը գլխավոր շահառուներից է այդ միգրացիայի։ Կարծում եմ՝ այսօր էլ օրենքի ընդունումը միտված է նրան, որպեսզի մենք մարդկանց ցույց տանք, որ Հայաստանը IT-ով զբաղվելու լավ վայր է։
Գիտեք, որ 2024 թվականին Կառավարությունը ևս կանխատեսել է 7 տոկոս տնտեսական աճ։ Չեմ կարող թաքցնել, որ կան մարտահրավերներ, բայց նաև կան հնարավորություններ, որոնք պատշաճ իրացնելու դեպքում, բնականաբար, մենք կրկին կհասնենք մեր թիրախին»,- շեշտեց Վահան քերոբյանը։
Դիտարկմանը, որ տնտեսագետներն ասում են, որ այդ աճը փուչիկ է, քանի որ հիմնված չէ իսկական արտադրողականության վրա, Վահան Քերոբյանը հարցին հարցով պատասխանեց՝ իսկակա՞ն, թե՞ փուչիկ տնտեսագետներն են ասում։
Ինչ վերաբերում է Հայաստանում խելացի անասնագոմերին, Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահին Հայաստանում դրանց թիվը 51 է։
«Էկոնոմիկայի նախարարությունն անընդհատ աշխատում է, որպեսզի իրականացվող ծրագրերն ունենան մեծ ազդեցություն տնտեսության վրա։ Հիմա կոնկրետ այդ ծրագիրը փոփոխման փուլում է, որովհետև մենք արդեն գիտենք, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այդ ծրագիրը վերաբերի մեծ թվով տնտեսվարողների և տա մեծ արդյունք՝ 51 խելացի անասնագոմը մեծ արդյունք չէ։ Մեր հաջորդ տարվա ծրագրերից է նաև այդ ծրագրի լավարկումը, որպեսզի մենք կարողանանք ընդլայնել այդ ծրագրի գործողության ազդեցությունը։ Մյուս տարի մենք սկսում ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո մենք գյուղացիներին աջակցելու ենք արհեստական սերմնավորման հարցում։ Առաջարկելու ենք գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորեն, որը արդյունքի կբերի 2-3 տարի հետո»,-եզրափակեց Վահան Քերոբյանը։