Վազգենի համար Մեղրին էլ, միջանցքն էլ, Ղարաբաղն էլ եղել են «կարմիր գիծ»

Հունիսի 8-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, հայտարարել էր.

«Վազգենը, համարելով, որ ամենալուրջ ձեռքբերումն ազատագրված հողն է, 1999 թվականի սեպտեմբեր ամսին՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից մեկ ամիս առաջ, այցելում է Մեղրի ու գրում է, որ Մեղրին ամենակարևոր տարածքն է, եթե կուզեք իմանալ՝ Ղարաբաղից ավելի կարևոր: Այսինքն, մարդը, ով համարում է, որ ամենամեծ ստեղծագործությունն ազատագրված տարածքն է, ասում է՝ Մեղրին ավելի կարևոր է: Սա պետական մտածելակերպի բացառիկ դրսևորում է: Այսինքն, պետության շահից ելնելով կարևորությունները հերթականության մեջ դնելու խնդիր է, որը լուծել է Վազգենը: Ինչի էր 1999-ին Վազգենը նույն բանն ասում, որովհետև կար նույն խնդիրը՝ Մեղրիի տարբերակով հարցը լուծելու: Եվ այդ ժամանակ Վազգենը համարում էր, որ Մեղրին ավելի կարևոր է, որ չի կարելի Մեղրիով Լեռնային Ղարաբաղի հարց լուծել: Հիմա էլ խնդիրն էդ հարթության մեջ առաջացավ: Ու ի պատիվ այսօրվա իշխանությունների, նրանք էլ Վազգենի նման գերադասեցին դա, որ չի կարելի Մեղրիով Ղարաբաղի հարց լուծել: Ու դրա համար այդտեղ չգրվեց միջանցք, ու դրա համար թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ արտգործնախարարը ցանկացած հարցազրույցում ասում են՝ միջանցքը մեզ համար կարմիր գիծ է, այնպես, ինչպես Վազգենի համար է միջանցքը եղել կարմիր գիծ»:

Այնուհետև Արամ Զավենի Սարգսյանը շարունակել է, թե ՀՀ իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրել են մի բայց, այն է՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգության և իրավունքների խնդիրը պիտի լուծվի»:

Կարդացեք նաև

Ապա իր և գործող իշխանությունների դիրքորոշումը հիմնավորելու համար շարունակել է պարզաբանել.

«Բայց այստեղ չճանաչելու ինչ տարբերակներ կար: Տեսեք, որպեսզի Մեղրին չտրվի, որով շահագրգռված էր Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը 2020 թվականի պատերազմից առաջ, և Ալիևն ասում էր՝ եթե չտաք, ուժով եմ վերցնելու, իսկ ՀՀ ռազմավարական դաշնակիցն էլ չէր հակադարձում, և այն, որ չի տրվել Մեղրին, դրան հակադրվել է Արևմուտքը: Այդ հակադրությունը եղել է դիվանագիտական ճնշումներով»:

Նախ, մի ճշտում՝ մամուլում տարածված հրապարակումների համաձայն, Վազգեն Սարգսյանը Սյունիք է այցելել 1999 թվականի օգոստոսին, իսկ սեպտեմբերին նա արդեն մեկնել էր Վաշինգտոն՝ Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով:

Երկրորդ՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ իրավիճակում, ինչ պահի և ինչ ենթատեքստով կամ համատեքստում է Վազգեն Սարգսյանը նման բան ասել. «…ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը»:

Ի դեպ, նույն տեքստում Վազգեն Սարգսյանը շարունակել է. «Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա:

Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով»:

Մեղրիի կարևորությունը շեշտելով, Վազգենը Սարգսյանն, ըստ էության, փորձել է հասկացնել, որ Սյունիքը աշխարհաքաղաքական մեծ խաղացողների ուշադրության առանցքում է, ուստի ակնարկում է՝ «..թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է..»:

Եվ այս պնդումը, թերևս, հաստատում է 1999-ին ԱՄՆ կատարած այցի շրջանակում Վազգեն Սարգսյանի՝ Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որի ընթացքում նա պատմել էր, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Արցախի խնդիրը, առաջարկ է արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո ապաշրջափակման, ներդրումների դռները բացող քայլերի առնչությամբ:

«Ղարաբաղի հարցի լուծումը, ցավոք սրտի, գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է՝ որպես անկյունաքար: Ղարաբաղի հարցի լուծմամբ են պայմանավորվում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հարաբերությունները: Ասել է թե՝ տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում և այլն: Փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց: Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ՝ հարցի լուծումը: Հստակ ասվում է՝ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա, և ՀՀ-ի առաջ կբացվեն բլոկադայի, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է:

Մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի: Նույն կարգով նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի, և մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան: Ղարաբաղի հարցում, թերևս, այսքանը:

Այսինքն, դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն չկա: Մենք համաձայնություն տվել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկության շրջանակներում՝ վերսկսել բանակցությունները, նախագահ Քոչարյանի և նախագահ Ալիևի միջև բանակցություններն ընթանում են: Զուգահեռ բանակցություններն ընթանում են նաև Արտաքին գործերի նախարարների միջև: Տեսնենք, թե դեպի ուր մեզ կհասցնեն այդ բանակցությունները: Նորից եմ կրկնում՝ նախագահի մոտ համոզմունքը նույնն է, ինձ մոտ համոզմունքը նույնն է, որ մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա: Փոխզիջման համաձայն ենք»,- նշել էր Վազգեն Սարգսյանը:

Այսինքն, Վազգեն Սարգսյանը հստակ պնդել է՝ դեմ է միակողմանի զիջմանը, կողմնակից՝ փոխզիջմանը, դեմ է տնտեսական խորացման, ապաշրջափակման խոստումների և հեռանկարների դիմաց՝ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծման: Ավելին, 1999 թվականի հունվարին ՀՀԿ 5-րդ համագումարում Վազգեն Սարգսյանն անդրադառնալով 1998-ի փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին և դրա պատճառներին՝ նշել էր.

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ հեռացներ՝ որպես Պաշտպանության նախարար, ես հեռանալու էի, բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկը մյուսին հեռացնելու: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ, և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը եղած մի շարք մարդկանց շուրջ: Ես համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն էԵս համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն: Առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»:

Ի դեպ, 2022 թվականի հունիսին ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պատմել էր, թե 1998-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ինչպես է հավաքել ռազմական կոլեգիայի անդամներին և հարց տվել՝ համաձա՞յն են՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Այդ ժամանակ Խաչատուրովը կորպուսի հրամանատար էր, կորպուսի միակ հրամանատարը, որը ռազմական կոլեգիայի անդամ էր:

«Մենք 6 հոգով էինք՝ պաշտպանության նախարարի հետ միասին: Նա մեզ մեկ հարց տվեց՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ով համաձայն է՝ թող ձեռք բարձրացնի: 6 հոգուց ոչ ոք ձեռք չբարձրացրեց: Սրանից հետո նա երկրորդ հարցը տվեց՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը լինի անկախ, ձեռք բարձրացրեք: Բոլորը բարձրացրեցին ձեռքերը: Այս ամենից հետո նա մեզ երկու խոսք ասաց՝ հիմա ես գիտեմ ինչ անել: Եվ 2 ժամից ՀՀ նախագահը հրաժարական տվեց: Այն ժամանակ ասում էին՝ իշխանության են գալիս մարդիկ, որոնք պատերազմ են ուզում, որոնք բերելու են շատ արյուն»:

Գեներալ Խաչատուրովը շեշտել էր՝ 1998-ից հետո քսան տարի հաղթանակներ են եղել, ապրել ենք հանգիստ և որպես հաղթողներ:

Այսինքն, պետք է հիշեցնել Արամ Զավենի Սարգսյանին, որ իր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը, երբեք չի ստորադասել Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը, չի խաղարկել այն, քննարկման առարկա չի դարձրել՝ Մեղրին կամ Արցախի ինքնորոշման իրավունքը:

Իսկ 1999-ին Մեղրիի կարևորությունը Վազգեն Սարգսյանը հատուկ շեշտել է, որովհետև այդ ժամանակաշրջանում էլ խոսակցություններ էին ակտիվ շրջանառվում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման սկզբունքների մասին, իսկ տվյալ փաստաթուղթի մասին տեղեկությունը 10 տարի հետո գաղտնազերծեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մասնավորապես, 2008 թվականի փետրվարի 9-ին Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  «10 տարի թաքցված» փաստաթուղթը որակել էր «մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ» և մանրամասնել.

«Դա խոսակցության առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այս փաստը՝ չկա և վերջ: Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է, «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը և այն ժամանակ Անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի, ես այդ փաստաթղթից կկարդամ ընդամենը 2 հոդված: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, սա լավ հոդվածն է, նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք:

Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք Անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր, որ վճարեցին: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը խափանեցին այս դավադրությունը, դավաճանությունը խափանեցին կյանքի գնով: Եթե մեր հետաքննության մեջ այս հարցը չի դիտվել՝ որպես Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամենահավանական մոտիվներից մեկը, ապա դա այն պատճառով, որ հետաքննության մարմիններին հայտնի չի եղել այս փաստաթուղթը: Փաստաթղթի հրապարակումից հետո, ես վստահ եմ, սա լինելու է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը»:

Իսկ 2023 թվականի հունիսի 8-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Մեղրին պահելու հարցում կարևորել է թե իր, և թե 1999 թվականին ՀՀ պաշտպանության նախարար, այսօր՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի դերակատարումը:

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը և Մեղրիի հանձնելուն դեմ Վաղարշակ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո այդ ինչպե՞ս հեշտությամբ համաձայնեցին և ապա Ադրբեջանին հանձնեցին Գորիս-Կապան 21կմ-անոց ճանապարհը: Արամ Զավենի Սարգսյանը հավանաբար հիշում է, թե ինչպես Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հայկական զորքերը պետք է հետ քաշվեն Սյունիքից, թեպետ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում դրա մասին ոչ մի խոսք չկա: Հայտարարության առաջին կետում սևով սպիտակի վրա գրված է՝ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած տեղերում»: Ավելին, գոյություն ունի մեկ այլ արխիվային փաստաթուղթ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը Հայաստանի տարածքում է եղել դեռևս 1964 թվականին՝ որպես երկրորդ կարգի ճանապարհ։

Բայց արի ու տես, որ Արամ Զավենի Սարգսյանը հարազատ եղբորը և Նիկոլ Փաշինյանին նույն հարթության մեջ է դիտարկում: Այն Փաշինյանի, որն առանց կրակոցի արցախյան տարածքներ է հանձնել, որի ապաշնորհ քաղաքականության հետևանքով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քկմ, իսկ հիմա էլ պատրաստակամություն է հայտնում Ադրբեջանին հանձնել Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը: Արամ Զավենի Սարգսյանը զուգահեռներ է անցկացնում Վազգեն Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանի միջև, այն դեպքում, երբ վերջինը իր խմբագրած «Օրագիր» թերթում գրել էր. «Վազգեն Սարգսյանին մեղադրելու են երեխաների, 18 տարեկան երեխաների սպանության համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության»:

Հիշեցնենք նաև 2001-ին «Հայկական ժամանակում» տպագրված «Մենք ու մեր շահերը» վերտառությամբ անանուն, բայց այն ժամանակ էլ շատերի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հոդվածը Մեղրիի մասին:

«Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետև այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում էՀայաստանի դիրքորոշումն այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում»:

Ի դեպ, հոդվածի հետգրության մեջ մի կարևոր տեղեկություն կար. «ԱՄՆ–ը հանձնարարում է Մեղրին հանձնել, Քոչարյանը սկսում է հանձնման գործընթացը: Ռուսաստանը հանձնարարում է Մեղրին չհանձնել, Քոչարյանը՝ ի դեմս դաշնակցության՝ ընդդիմանում է Մեղրին հանձնելուն:

Ու Քոչարյանն ինքը Հայաստանի՝ սեփական շահերի մասին պատկերացումների բացակայության մարմնավորում է: Քոչարյանի վարած քաղաքականությունը, եթե այն վերծանենք, հետևյալն է. Հայաստանը շահեր չունի, շահեր ունեն ուրիշները, և մենք պետք է ընտրենք, թե ում շահերին ենք ծառայում»:

Մի՞թե Արամ Զավենի Սարգսյանը հավատում է 2021 թվականին Փաշինյանի տված նախընտրական խոստմանը, թե «Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքով են փրկել Մեղրին: Եվ ես ուզում եմ բոլորիդ առաջ ասել, որ ես որպես պատգամ և խոստում եմ վերցնում Վազգեն Սարգսյանի խոսքերը»:

Եվ այս խոստումը հնչում էր այն ժամանակ, երբ Փաշինյանն Ադրբեջանին էր հանձնել Գորիս-Կապան ճանապարհը, որի պատճառով Սյունիքն աստիճանաբար հայտնվում է աքցանի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս