Փաշինյանի չգրված մեղադրականը. փնտրվում են գործուն մեղադրողներ

Փաշինյանը փնտրում է իր մեղադրականը «գրողին»

Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն իրեն ամեն ինչում մեղավոր է զգում, բայց երբ փորձում է ձևակերպել սեփական մեղադրական եզրակացությունը՝ փակուղու առաջ է կանգնում:

Ըստ այդմ՝ Փաշինյանը նշել էր, որ այս հարցում ակնկալում է ընդդիմության օգնությունը:

«Ասվում է՝ գնայիր, սա ընդունեիր, չես ընդունել, մեղավոր ես: Դա չլինող բան էր, ոչ թե այն առումով, որ իրականանալի չէր, այլ ճիշտ չէր, չէր կարելի դա անել: Ես նաև ակնկալում եմ, որ ընդդիմությունն օգնի այդ հարցում: Գալիս և ԱԺ-ում ինձ ասում են, որ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ հեռուստաէկրանին դարձել է Կովսական, բայց բանակցային գործընթացում մնացել է Զանգելան, որը պետք է վերադարձվեր: Հարգելի՛ գործընկերներ, ձեր խնդիրը նրանում է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել: Սա քաղաքական ձև չէ։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական եզրակացությունը գրելիս՝ գալիս և փակուղու առաջ եմ կանգնում, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ»,- շարունակել էր Փաշինյանը:

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմից 3 տարի հետո երկիրը պարտության տարածի և որպես գերագույն գլխավոր հրամանատար ձախողվածի մեղադրականը դեռ գրված չէ: Իսկ այդ հարցում Նիկոլ Փաշինյանին պետք է օգներ ընդդիմությունը, 44-օրյա պատերազմում պաշտոնավարած և գործող ռազմական ղեկավարությունը, Արցախի իշխանությունները, թեպետ մեղադրականի համար բավարար հիմքեր կան:

Իսկ «Պաշտպանության մասին» օրենքը, մասնավորապես, սահմանում է.

– Հայաստանի Հանրապետության վարչապետը ՀՀ-ին սպառնացող անմիջական վտանգի և (կամ) զինված հարձակման դեպքում՝

ա. հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ,

բ. քննարկում է պետությունն անհրաժեշտ պատրաստականության աստիճանների բերելու, ռազմական դրություն կամ պատերազմ հայտարարելու, զինված ուժերի կիրառման պլանը գործողության դնելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու նպատակահարմարության հետ կապված հարցերը,

գ. կառավարության կողմից զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկությամբ կայացնում է որոշում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու մասին՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին,

դ. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով իրավիճակի մասին իրազեկում է դաշնակից և գործընկեր պետություններին,

ե. իրականացնում է սպառնալից իրավիճակից բխող այլ անհրաժեշտ գործողություններ:

Պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ:

Եթե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ռազմական բնույթի որոշումներ չի ընդունել, ապա ռազմաքաղաքական և քաղաքական որոշումներ հաստատ ընդունել է, որի համար պատասխանատվություն է կրում, ինչպես նաև համապատասխան չընդունված որոշումների:

Հունիսի 28-ին ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, խախտելով լռությունը, արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ արված որոշ հայտարարություններին :

Պատերազմը կանխելու քաղաքական միջոցներ չեն ձեռնարկվել. ԶՈՒ-ն կիրառման համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել

Գեներալ-գնդապետը, մասնավորապես, նշել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին, երբ դեռ չէին սկսվել հուլիսյան մարտերը, ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ԳՇ-ում Փաշինյանին առաջարկել է.

«Ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն»:

Այնուհետև իր պատասխան հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանը շարունակել է.

«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր  ուղերձում Օնիկ Գասպարյանը հայտնել էր , որ դեռ 2020 հունիսին է Փաշինյանին զգուշացրել, որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

ժամանակակից պատերազմները չեն ավարտվում մարտի դաշտում տարած հաղթանակով

Հուլիսյան պատերազմից առաջ քաղաքական և դիվանագիտական բնույթի համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին խոսել էր նաև Դավիթ Տոնոյանը, երբ դեռ պաշտպանության նախարար էր:

2020 թվականի հունիսի 9-ին հրապարակված պաշտպանության ոլորտի զարգացման իր տեսլականում, նա, մասնավորապես, նշել էր.

– Պետք է փաստել նաև, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել: Ընդհակառակը, մեր տարածաշրջանում և նրա մերձատարածքում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը, իսկ անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ:

Ուստի, հուսալի պաշտպանության համակարգը, առաջին հերթին՝ ժամանակակից և մարտունակ բանակը, շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության և առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձևավորելու հիմնական գրավականը:

– ժամանակակից պատերազմները չեն սահմանափակվում ռազմական գործողությունների վարմամբ և չեն ավարտվում մարտի դաշտում տարած հաղթանակով: Պատերազմավարման ոչ ռազմական գործիքներն այնքան բազմազան են, որ պատերազմի թատերաբեմը հավասարապես տեղափոխվել է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվատեխնոլոգիական, քարոզչական, հասարակական և բարոյահոգեբանական հարթություններ:

Մեր անվտանգությունը փոխկապակցված է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ և անմիջականորեն կրում է դրա ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցությունը: Ուստի, անվտանգության ապահովման գործում մեր հայացքը շատ ավելի ընդգրկուն է, քան մեր պետության սահմանները: Մեր արտաքին անվտանգային քաղաքականությունը կառուցելիս մենք «քաղաքական զգայարաններով» տեսնում ենք մեր բնական դաշնակիցներին և արհեստածին հակառակորդներին, մեր ռազմաքաղաքական հետաքրքրությունների շրջանակը կերտելիս մենք լավ ենք գիտակցում մեր աշխարհագրական դրությունը, ուստի, մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են ոչ միայն մեր ռազմաքաղաքական աշխարհագրությունն ամրապնդելու, այլև այն ընդլայնելու գործին: Դեռ ավելին, մեր ռազմաքաղաքական աշխարհագրության ընդլայնումը և անվտանգային ազգային ներուժի, ներառյալ՝ միջազգային դաշինքների շարունակական ամրապնդումը նոր հնարավորություններ են ընձեռում ոչ միայն մեր ազգային շահերի հաստատակամ առաջ մղման, այլև տարածաշրջանում անայլընտրանք բարեկամություն հաստատելու համար:

Միջազգային համագործակցության և ինտեգրման գործում մենք առաջնորդվելու ենք մեր ազգային շահերով և ռազմաքաղաքական հետաքրքրություններով, հաշվի ենք առնելու մեր դաշնակիցների շահերը և նպաստելու ենք մեր գործընկերների հետ համընկնող նպատակների իրականացմանը:

Ամրապնդելով մեր դաշնակիցների և գործընկերների հետ զինված ուժերի փոխգործունակության մակարդակը` մենք հետևողական ենք լինելու դաշնակցային պարտականությունների փոխադարձ կատարմանը և հետևելու ենք մեր միջազգային գործընկերային հանձնառություններին՝ նպաստելով մեր տարածաշրջանում և ռազմավարական հետաքրքրությունների աշխարհագրական տարբեր գոտիներում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Այդ նպատակով մենք պետք է շարունակենք մնալ որպես միջազգային անվտանգության գործում ներդրում կատարող հաստատակամ գործընկեր և ընդլայնել մեր ստորաբաժանումների մասնակցությունը միջազգային առաքելություններին, ակտիվորեն մասնակցել մեր, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ հավաքական մարտական կարողություններն ընդլայնող զորավարժություններին և վարժանքներին:

 Մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում. հակադիր օրակարգեր ունեցող պետություններով ենք շրջապատված

Ի դեպ, Դավիթ Տոնոյանը առաջին նման ֆորմատով զգուշացումն արել էր իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018 թվականի հուլիսի 9-ին, որտեղ, արտաքին քաղաքականև ռազմաքաղաքական անելիքների համատեքստում, հատկապես նշել էր.

Մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ:

Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը: 

Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Նրանից, թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտով, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը:

Մեր գերակա խնդիրն է դաշնակցային և գործընկերային պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, բովանդակային և աշխարհագրական պատկերը բազմազանեցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, միջազգային համագործակցության նպատակաուղղումը բազմակողմ և երկկողմ հարթությունում ռազմաքաղաքական հարաբերությունների, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ու փոխգործունակության ամրապնդման բաղադրիչների զարգացմանը:

Իր տեսլականներում ՀՀ պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել էր պաշտպանության ռազմավարական վերանայման անհրաժեշտությանը, ԶՈՒ վերազինմանը, հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրմանը, որ առաջնագծում ստատիկ պաշտպանությունը պետք է փոխարինել տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ՝ տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով ու հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած:

Ռազմական նախկին ղեկավարության առաջարկների բուն ռազմական բաղադրիչներին դեռ առանձին կանդրադառնանք: Իսկ մեր հոդվածի թեմայի և Օնիկ Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի քաղաքական և դիվանագիտական դիտարկումների համատեքստում հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռներ են թռչել: Իսկ մեր հարևան Վրաստանը, ըստ Ալիևի, անսալով իր խնդրանքին, փակել է օդային և ցամաքային ուղիները՝ արգելելով Հայաստան զենք բերող ռուսական ինքնաթիռների անցումը:

«Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին: Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար՝ Վրաստանի տարածքով: Եվ նրանք կատարեցին նաև դա: Մենք շնորհակալ ենք նրանցից»,- ասել էր Ալիևը և շարունակել, որ նման խնդրանքով դիմել է նաև մերձկասպյան բոլոր երկրներին, սակայն այս անգամ Ադրբեջանին մերժել են:

«Մենք նամակ ենք ուղարկել Ղազախստան, Թուրքմենստան և Իրան: Ցավոք, այդ ինքնաթիռներն օգտագործեցին այդ երկրների տարածքը Հայաստան մուտք գործելիս: Այդպես է եղել, և մենք չպետք է թաքցնենք դա»,- շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:

Իսկ 2020-ի օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ հուլիսի 17-ից առ այդ պահը Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում:

«Իլհամ Ալիևը նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո (նկատի ունի հուլիսյան մարտերը.- Մ.Պ. ) Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»,- նշվում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության համապատասխան հաղորդագրության մեջ:

Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո՝ 2020 օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց ուշագրավ հայտարարություն էր արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակում է, և, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ:

Հաշվի առնելով Օնիկ Գասպարյանի դիտարկումը, որ «դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները», հստակ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողացել կանխել պատերազմը՝ ստեղծելով ճիշտ հարաբերություններ դաշնակից, հարևան և գործընկեր երկրների հետ, այլ դա չի կարողացել անել նաև պատերազմի ընթացքում:

Այսինքն, սպառազինության հետ կապված խնդիրները վկայում են Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրի ղեկավար և գերագույն հրամանատար, անկարողության մասին: Այլ կերպ՝ խնդիրը միայն մեր նկատմամբ անտարբերություն ցուցաբերող դաշնակից կամ գործընկեր պետություններինը չէ:

44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանն ի գիտություն չի ընդունել ոչ պաշտպանության նախարարի, ոչ էլ ԳՇ պետի զգուշացումներն ու առաջարկները: Եվ եթե պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ Զինված ուժերը հավատարիմ են մնալու օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի հրամաններն ու որոշումները, ավելին, ՊՆ-ն և ԳՇ-ն քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ էին արել զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից, ապա վաղուց հասունացել է ժամանակը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած ռազմական ղեկավարությունը համատեղ օգնի Նիկոլ Փաշինյանին գրել սեփական մեղադրական եզրակացությունը: Չնայած սա ԳՇ-ն պիտի աներ առնվազն 2021 թվականի փետրվարի 25-ին, երբ ուներ օրենքով սահմանված լուրջ լծակներ: Բայց այսօր կարելի է ուղղել բացթողումը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շրջանակում և քննչական մարմիններում հարցաքննությունների ժամանակ:

Հակառակ դեպքում չպետք է զարմանալ, երբ, մեղմ ասած, դասալիքը դատավոր է դառնում…

Տեսանյութեր

Լրահոս