Եկեղեցու զանգեր. հոգին արթնացնող ղողանջների հրավերը
Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվել է Կամպանիա, իսկ լատիներեն` նոլա: Հայաստանում առաջին անգամ սուրբ Հովհան Մանդակունի (V դ.) իմաստասեր հայրապետն է հիշատակում զանգի մասին, որը, սակայն, ձեռքի զանգակ էր, ավելի ճիշտ` բոժոժ:
Այն սովորական զանգակից տարբերվում է նրանով, որ ներքևի շրթունքներն իրար են հպված: Բոժոժները սովորաբար կաղնու մեծություն ունեն, որոնք գործածվում են բուրվառի շղթաների վրա ու քշոցի շուրջբոլորը` յուրաքանչյուրի վրա տասներկու հատ, որոնք, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, խորհրդանշում են տասներկու առաքյալների քարոզչությունն աշխարհով մեկ: Իսկ մինչ այդ զանգի դեր է կատարել կոչնակը: Այն տաշած ու հարթեցված քառակուսի փայտ էր, որին սուրբ Գրիգոր Նարեկացին անվանում էր շերտ, այսինքն` փայտի կտոր: Ձայն ստանալու նպատակով կոչնակին հարվածում էին հատուկ մուրճով, որը կոչվում էր թակաղակ:
Ի տարբերություն կոչնակի, զանգը հարվածային ազդանշանային երաժշտական գործիք է: Այն սնամեջ տանձաձև գործիք է, որի ներսում կախված է լեզվակը, իսկ վերևի մասում ունի կախելու տեղ: Զանգերի մասին հայոց մատենագիրները բավականին աղոտ տեղեկություններ են հաղորդում: Արժեքավոր տեղեկություններ կան սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի և սուրբ Գրիգոր Տաթևացի եռամեծ վարդապետի երկերում:
Պահպանված հայկական ամենահին զանգերը ձուլվել են 14-րդ դարից: Դրանք պատրաստել են հնչուն մետաղներից՝ պղնձից, բրոնզից, իսկ սուրբ Գրիգոր Տաթևացին վկայում է, որ զանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ` ձայնն առավել հնչեղ դարձնելու համար: Հայաստանում 1917-ից ի վեր եկեղեցական զանգեր չեն պատրաստվում:
Այժմ եկեղեցական զանգերը բերվում են հիմնականում Ռուսաստանից և Ուկրաինայից, որտեղ պահպանվել են զանգերի ձուլարանները: Հայտնի է Վորոնեժի «Վերա» արտադրամասը, որը հայկական եկեղեցիների համար զանգեր պատրաստելու փորձ ունի: Զանգի ձայնն ավելի հզոր ու զրնգուն դարձնելու նպատակով կառուցվել են զանգակատներ: Զանգը կախելու համար Հայաստանում զանգակատներ կառուցել են X դ. 2-րդ կեսից եկեղեցու հարևանությամբ, կամ էլ եկեղեցու արևմտյան ճակատին կից (Էջմիածնի Մայր տաճարը, Տաթևի, Հռիփսիմե վանքերը և այլն), իսկ հազվադեպ նաև` հարավային ճակատին կից (Աղթամարի Սուրբ Խաչ հռչակավոր եկեղեցին): Նշանավոր են հատկապես Գոշավանքի, Հաղպատի, Սանահինի զանգակատները: Էջմիածնի Մայրավանքի զանգակատունը կառուցվել է 17-րդ դարում, որտեղ երկար ժամանակ հնչել է Տիբեթյան զանգը: Մայր տաճարի զանգակատանը օծված Սուրբ Սեղան է կանգնեցված, ուր ամեն տարի Հրեշտակապետաց տոնին, Սբ. Պատարագ է մատուցվում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու «Մաշտոց» ծիսամատյանում զանգերի հատուկ օծման և օրհնության կարգ կա:
Զանգահարությունը X դարից հայ եկեղեցական ծիսակատարությունների անբաժան մասն է: Զանգ օգտագործելու բուն նպատակն է եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովրդին եկեղեցի հրավիրել: Հարկ եղած դեպքում զանգը, ինչպես և կոչնակը, ազդարարել է գույժեր (1907թ-ին Խրիմյան Հայրիկի մահը): Այն հնուց ծառայել է բնակչությանը համախմբելու, զորք հավաքելու (ահազանգ): Եկեղեցու զանգը միաժամանակ խորհրդանշում է նաև հրեշտակների փողը, որը բոլորին հրավիրելու է Աստծու արդար դատաստանին: Զանգեր հնչեցվում են նաև եկեղեցի ննջեցյալ բերելու, իսկ ավելի հաճախ` հայրապետական թափորի, առաջնորդի կամ բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով:
Վաղ ժամանակներից մինչև մեր օրերը ամենատևական զանգահարումը կատարվել է 1918-ին` Սարդարապատի մայիսյան հերոսամարտի ժամանակ, երբ յոթ օր անընդմեջ ղողանջում էին Արարատյան դաշտի և մերձակա շրջանների հայկական եկեղեցիների զանգերը` ազդարարելով մահու և կենաց կռիվը: Հնում զանգերն ունեին իրենց անունները (Հացի զանգն Անիում, Խաչքարի զանգը Ջուղայում և այլն): Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն ունի մարդու վրա: Այն մարդիկ, ովքեր ապրում են կամ ժամանակին ապրել են եկեղեցու հարևանությամբ վկայում են այդ մասին:
Զանգը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել շատ գրողների, արվեստագետների համար: Զանգերը խորհրդանշում են հայերի նվիրվածութունը մայր եկեղեցուն: Զանգերի հնչյունների կոչն է՝ մասնակցել եկեղեցական արարողություններին, համախմբվել և հաղորդակցվել երկնքի հետ սրբազան ձայնով:
Կազմեց Գայանե Սուգիկյանը