Բաժիններ՝

Առանց զոհողության չի կարող լինել իրական սեր

Մեկնարկել է Արարատյան շաբաթն ու յուրաքանչյուրս առիթ ունենք խորհելու քրիստոնեական մեր ինքնության մասին: Շաբաթը խորհրդանշում է հայոց մեծ դարձը, քրիստոնեության մուտքը Հայոց աշխարհ:

Հունիսի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Սուրբ Գայանյանց կույսերին: Նրանց օրինակը՝ պայքարելու, չհանձնվելու, անսահման սիրելու, չի կորցրել արդիականությունը:

Սրբոց Գայանյանց օրինակը՝ անսահման սիրելու, պայքարելու

Որևէ մեկը չի կարող ասել, որ սիրում է Աստծուն, հայրենիքը, ընտանիքը՝ առանց պատրաստ լինելու զոհողությունների, նշում է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանն ու հիշեցնում անմեղ կույսերի նահատակության մասին. «Սրբոց Գայանյանք իրենց օրինակով ցույց տվեցին, որ զոհողությունները հանուն Աստծո, անհետ չեն կորչում: Նրանց շնորհիվ քրիստոնեությունը տարածվեց հայոց աշխարհում: Պատրաստ լինենք Աստծո կամքը կատարելու համար զոհողությունների, քանի որ դրանց միջոցով են կատարվում սիրո գործերը։ Առանց զոհողության հանձնառության չի կարող լինել իրական սեր»:

Կարդացեք նաև

Սուրբ Գայանեն՝ Հռոմի Սուրբ Պողոս վանքի մայրապետն էր, այնտեղ ապրում էր մոտ 300 կույսերի հետ աղոթական կյանքով: Ծագումով հռոմեացի կույսերն ուխտ էին կապել Աստծո հետ՝ նվիրելով իրենց անձը սրբության ու կուսության: Տեր Աշոտի խոսքով` կուսությունը, ինչպես հին, այնպես էլ նոր ուխտում եղել է բարձր առաքինություն՝ սրբության ճանապարհով Աստծուն պաշտելու միջոց, որն իր մեջ խտացրել էր ողջախոհության և ժուժկալության առաքինությունները:

Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերի նահատակության մասին առավել մանրամասն պատմում է պատմիչ Ագաթանգեղոսը։ Կույսերի մի մասը ստիպված լքել է վանքը, քանի որ Հռոմի Դիոկղետիանոս կայսրը ցանկանում էր կնության առնել Հռիփսիմեին: Նրանք ապաստան են գտել հայոց աշխարհում: Հայաստանում, սակայն, Հռիփսիմեին փորձել է տիրանալ Տրդատ Գ արքան։ Կույսն ընդդիմացել է, իսկ նրա դաստիարակը՝ Գայանեն, քաջալերել է սանուհուն՝ հաստատուն մնալ հավատքի մեջ: Տրդատ թագավորը, լինելով մեծ մարզիկ, չի կարողացել պարտության մատնել փոքրամարմին աղջնակին ու հրամայել է սպանել Հռիփսիմյանց կույսերին, երկու օր հետո՝ Սուրբ Գայանեին ու մնացածին:

Գայանեն նահատակվելուց առաջ աղոթել է Աստծուն` գոհունակություն հայտնելով, որ արժանի դարձան Տիրոջ մեծ անվան համար կյանքը տալուն։ Նշվում է, որ Գայանեին մինչև սպանելը չարչարել են՝ կտրելով լեզուն, որով քաջալերել էր Հռիփսիմեին, հետո գլխատել:

«Գայանյանց կույսերը ոչ միայն քաջ էին, համառ էին չարի հարձակումների դեմ պայքարելիս, սատանայի և դևերի հոգևոր և մտավոր հարձակումները պարտության մատնելիս, այլև կուսությունը յուրահատուկ ուժ և կարողություն էր տալիս նրանց, որպեսզի ընդդիմանային թագավորի մինչև անգամ ֆիզիկական բռնությանը»,֊ նշում է Տեր Աշոտը։

Հոգևորականը հավելում է` նրանք նահատակվեցին` որպես Քրիստոսին հավատարիմ կույսեր, Աստծո ընծայալներ, և այդ իրադարձությունը Հայաստանում ունեցավ մեծ ազդեցություն քրիստոնեության ընդունման մեջ։

Ըստ ավանդության` անմեղ կույսերի նկատմամբ դաժանությունները հիվանդագին ազդեցություն ունեցան արքայի վրա և նա տառապեց այնպիսի հիվանդությամբ, որից միայն բժշկվեց հրաշքով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Վերջինս հաստատեց քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն:

«Սրբոց Գայանյանց պատգամն է մեզ, որպեսզի մեր խնամքի տակ գտնվող անձանց հոգևոր վիճակը հսկենք՝ արթուն պահելով Աստծո խոսքը, հեռու պահենք նրանց մեղքից, լինենք աղոթասեր, սիրենք սրբության կյանքը, որովհետև Աստված սուրբ է և բնակվում է սրբերի մեջ»:

Վիրապից ելնելուց հետո՝ Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է կույսերի մարմինները: Սուրբ Գայանեի մարմինը Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ ու կնքել արքունի, ապա քահանայական հայրապետական կնիքով: Նրա վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքը: Ըստ Մ. Օրմանյանի՝ Հռիփսիմյանց և Գայանյանց տաճարների տակ գետնափորներ կան, կառուցված մեծամեծ քարերով, որոնց մեջ են սրբերի ոսկորները:

Սրբոց Գայանյանց կույսերի հիշատակության օրը Սուրբ Պատարագ կմատուցվի Սուրբ Գայանե վանքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները: Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ:

Անի Ավագյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս