Աշխատավարձ՝ ձայների դիմաց կամ ընտրակաշառք՝ «տուգանքի մատերիալ» քաղաքացիներին  

Տնտեսական ակտիվության տեմպերի դանդաղումը, որին այս տարի ականատես ենք լինում, բացասաբար է ազդել քաղաքացիների եկամուտների վրա։ Քաղաքացիների եկամուտները, հատկապես՝ աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտները, սկսել են անհամեմատ դանդաղ աճել։ Բայց, որ ավելի վատ է, աշխատավարձերի դանդաղ աճն այս տարի ուղեկցվում է գնաճային տեմպերի արագացմամբ ու թանկացումների ակտիվացմամբ, ինչը մեծացրել է սոցիալական լարվածությունը։

Այն մեղմելու համար, առավել ևս՝ հասարակության անապահով հատվածի շրջանում, իշխանությունները վաղուց ոչինչ չեն անում։ Վերջին տարիներին ո՛չ թոշակ ու նպաստ են բարձրացրել, ո՛չ էլ նվազագույն աշխատավարձ։

Երրորդ տարին անընդմեջ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 75.000 դրամ է։ Այնինչ՝ կառավարության հինգամյա ծրագրով խոստացել էին, որ դարձնելու են 85.000 դրամ։ Հնգամյա ծրագրի ավարտին 1 տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, բայց ունենք այն, որ այսօր գործող նվազագույն աշխատավարձի չափն էապես հետ է մնում խոստացվածից։

Անիմաստ է սպասել, որ մինչև տարեվերջ նվազագույն աշխատավարձը կարող է բարձրանալ։ Այլևս պարզ է, որ կառավարությունը քաղաքացիներին այդպիսի հաճույք չի պատճառի։ Լավագույն դեպքում դա կլինի միայն հաջորդ տարի, այն էլ՝ սպասվող ընտրություններից առաջ ժողովրդին կաշառելու ու ձայն փախցնելու համար։

Կարդացեք նաև

3 տարում ընդամենը մեկ անգամ են նվազագույն աշխատավարձ բարձրացրել, այն էլ հազիվ 7000 դրամով՝ 68.000 դրամը դարձրել են 75.000։

4 տարում միջին կենսաթոշակն էլ բարձրացրել են 5500 դրամով՝ 43,500-ը դարձել է 49.000։

Իսկ այդ ընթացքում քանի՞ այդպիսի 5500 կամ 7000 դրամի բեռ են դրել նվազագույն աշխատավարձով ու թոշակով գոյատևող հարյուր-հազարավոր քաղաքացիների վրա։

Այս ընթացքում թանկացումների ու անապահով քաղաքացիների վրա ֆինանսական բեռի ավելացման պակաս չի եղել։ Այսօր էլ նույնը շարունակվում է, ինչն ուղեկցվում է քաղաքացիների եկամուտների անհամաչափ աճով ու աղքատացմամբ, գործազրկության ավելացմամբ։ Որքան տնտեսական իրավիճակը ծանրանում է, այնքան նվազում են քաղաքացիների եկամուտների ավելացման հույսերը։

Տնտեսական ակտիվության տեմպն այս տարի Հայաստանում անհամեմատ ցածր է, ու դա մեծացրել է ճնշումը՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների վրա։ Այս փուլում տնտեսությանը ճնշելով դեռ հաջողացնում են բյուջեի եկամուտները հավաքել, հույս չկա, որ տարվա երկրորդ կեսին դա էլ կարողանալու են անել։

Տարեսկզբի 4 ամիսներին Հայաստանում ընդամենը 4,4 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել։ Այն էլ՝ հիմնականում առևտրի, շինարարության ու ծառայությունների հաշվին, որտեղ շատ հաճախ հավելյալ արդյունք չի ստեղծվում։

Շարունակում է խորը անկման մեջ մնալ արդյունաբերությունն ու արդյունաբերության մշակող ճյուղը։ 4 ամսվա տվյալներով՝ արտադրության ծավալներն արդյունաբերության մեջ նվազել են ավելի քան 16 տոկոսով։

Նախորդ տարվա արհեստական աճերի անհետացումն ի ցույց դրեց արդյունաբերության խղճուկ վիճակը։ Չնայած դա շատ ավելի վաղուց էր սկսվել, որին քաղաքական իշխանության տնտեսական հայրերն անտարբերությամբ էին հետևում՝ կարծելով, թե արհեստածին արտաքին գործոնները մշտապես լինելու են, իսկ իրենք վայելելու են բարձր աճեր ցույց տալու հաճույքը։ Իշխանությունների անգործության հետևանքով, վերջին տարիների մեր տնտեսության արտադրական կարողությունները գրեթե չեն ավելացել։ Արտահանման պոտենցիալն է նվազել։ Եվ դա տեսնում ենք՝ ինչպես արդյունաբերության մեջ տեղի ունեցող կտրուկ անկումների, այնպես էլ՝ արտահանումների աննորմալ կրճատումների տեսքով։

Տնտեսության արտահանելի հատվածի կարողությունները չեն ավելացրել, որպեսզի այսօր հնարավոր լիներ գոնե մեղմել արտաքին թուլացող գործոնների ազդեցությունը տնտեսության ու սոցիալական իրավիճակի վրա։

Չնայած այնպես չէ, որ նախկինում արձանագրված բարձր աճերից աշխատավարձով ապրող անապահով քաղաքացիների եկամուտները շատ են փոխվել։ Նախկինում էլ այդ աճերի արդյունքները քաղաքացիների մեծ մասը չի զգացել։ Աշխատավարձերի միջին ցուցանիշներն աճել են, բայց աճերը եղել են սահմանափակ խմբերի եկամուտների ավելացման հաշվին։ Մյուսների պարագայում փոփոխություններ գրեթե չեն եղել։ Բայց նրանք բոլորի հետ հավասար կրել են այն համատարած թանկացումների ազդեցությունը, որտեղ վերջին տարիներին հայտնվել է Հայաստանը։ Ինչքան էլ իշխանությունները փորձեն հավասարության նշան դնել քաղաքացիների այս խմբերի միջև՝ եկամուտների համաչափ աճի տպավորություն թողնելու համար, դա անիմաստ զբաղմունք է։ Մարդիկ սեփական գրպանի վրա են զգում եղած ու չեղած փոփոխությունների ազդեցությունները։

Իրողությունն այն է, որ երրորդ տարին է՝ Հայաստանում միջին աշխատավարձի որևէ բարձրացում չի եղել։ Այն պարագայում, որ այսօր էլ աշխատող քաղաքացիների 20-25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ։

Դա նշանակում է, որ նրանց աշխատավարձերը տարիներ շարունակ չեն փոխվել։ Ոչ մի նշանակություն չունի, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը միջին աշխատավարձերի աճերի ցուցանիշներ հրապարակելով՝ փորձում է քաղաքացիներին համոզել, որ երկրում սոցիալական իրավիճակ է փոխվել, հիմա մարդիկ ավելի լավ են ապրում, քան նախկինում։ Նման հայտարարություններից քաղաքացիները, որոնց եկամուտները տարիներ շարունակ մնացել են նույնը, ավելի լավ չեն ապրում։ Աշխատավարձերի միջինացված աճերը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա նմանց համար բացարձակ արժեք չեն ներկայացնում։ Չնայած վերջին շրջանում տեսնում ենք, որ միջինացված աճերն էլ բավականաչափ թուլացել են։ Ու հիմա արդեն միջին աշխատավարձի աճը չի հասցնում անգամ սննդամթերքի միջին գնաճի հետևից։

Ապրիլի տվյալներով, Հայաստանում միջին աշխատավարձը, նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ բարձրացել է 4,3 տոկոսով. 3,5 տոկոս՝ պետական, 4,4 տոկոս՝ տնտեսական հատվածում։ Այնինչ՝ սննդամթերքի միջին գնաճն արդեն հասել է 7,4 տոկոսի։ Չհաշված, որ սննդամթերքի գնաճը տեղի է ունենում հիմնականում կենսական կարևոր ապրանքների պարագայում, որոնց ազդեցությունը քաղաքացիներն ավելի մեծ չափով են զգում իրենց չավելացող եկամուտների վրա։

Բանջարեղենը թանկացել է 29 տոկոսով, մրգերը՝ 13,4 տոկոսով, յուղերն ու ճարպերը՝ 12,9 տոկոսով, ձկնամթերքը՝ ավելի քան 20 տոկոսով, սուրճն ու թեյը՝ գրեթե 14 տոկոսով։

Դժվար չէ հաշվել, թե այս ապրանքների թանկացման տեմպերը քանի անգամով են գերազանցում միջին աշխատավարձի աճին։ Ու երբ գնաճը փորձում են կապել միջին աշխատավարձի աճի հետ, թող մի հատ էլ սրա մասին խոսեն։

Բայց դա էլ դեռ ամբողջը չէ. Ավելացել են նաև այն ծախսերը, որոնք կենսական անհրաժեշտ ծախսերի հետ կապ չունեն, բայց մարդիկ կրում են իրենց վրա՝ իշխանությունների կողմից հարկերի բարձրացման միջոցով քաղաքացու նկատմամբ դրսևորած «հոգատարության ու սիրո» արդյունքում։ Բայց ո՞ւմ է դա հետաքրքիր։ Քաղաքացուն կհիշեն սպասվող ընտրություններից առաջ։ Մի քանի հազար դրամով աշխատավարձ, թոշակ ու նպաստ կբարձրացնեն՝ նրանց ձայներն իրենցով անելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս