
Քաղաքացին մնացել է վարկերի հույսին. բոլորը համատարած պարտքերի տակ են

Նիկոլ Փաշինյանն իր մոլորեցնող հայտարարություններով պարբերաբար փորձում է տպավորություն ստեղծել, որ իշխանազավթմանը հաջորդած 7 տարիներին Հայաստանի քաղաքացիների եկամուտները մեծ տեմպերով ավելացել են։ Մինչդեռ՝ եթե արդար լիներ, պիտի արձանագրեր, որ իրականում մեծ տեմպերով ավելացել են քաղաքացիների ոչ թե եկամուտները, այլ պարտքերը։ Մարդիկ պարտքերով են ապրել։
Եկամուտների բացը լրացնելու ու կենցաղային խնդիրները լուծելու համար, քաղաքացու հիմնական հույսը եղել են վարկերը, այն էլ՝ չափազանց թանկ վարկերը։
Վերջին տարիներին քաղաքացիներն ահռելի պարտքերի բեռ են կուտակել։ Այսօր Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն առնվազն մի քանի վարկ ու վարկային պարտավորություն չունենա։ Եվ դա բոլորովին էլ լավ ապելու մասին չի խոսում։
Քաղաքացիների վարկային բեռն ակտիվ աճել է, ու այն առաջիկայում լուրջ խնդիրներ կստեղծի շատերի համար, եթե արդեն չի ստեղծել։ Հատկապես որ, գնալով թուլանում է տնտեսական ակտիվությունը, ինչն ուղեկցվում է քաղաքացիների եկամուտների աճի տեմպի կտրուկ դանդաղումով։
Այդ երևույթը նկատվեց անցած տարի, բայց այս տարի ավելի է խորացել։
Մեկ տարվա կտրվածքով միջին աշխատավարձը Հայաստանում այս տարվա ապրիլին ավելացել է ընդամենը 4,3 տոկոսով, որն անգամներով զիջում է քաղաքացիների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների աճին։ Դա նշանակում է, որ քաղաքացիների վրա վարկային բեռի ճնշումը գնալով մեծանում է։ Պահպանվող բարձր անորոշություններից բխող ռիսկերի միջավայրում, Կենտրոնական բանկի գնահատումներով, քաղաքացիների եկամուտների աճի դանդաղումը կարող է ռիսկեր ստեղծել տնային տնտեսությունների վարկային պարտավորությունների սպասարկման մասով։ Արդեն այսօր բազմաթիվ քաղաքացիներ այդպիսի խնդիրներ ունեն։ Վարկեր են վերցրել ու չեն կարողանում վերադարձնել։
Խոսքը ոչ թե հազարների, այլ հարյուր-հազարների մասին է։ Ու որքան էլ Կենտրոնական բանկում կարծում են, թե քաղաքացիների վարկային պարտավորությունների ժամկետայնության աճը զգալիորեն մեղմել է պարտքի սպասարկման բեռի աճը, դա ամենևին էլ փրկություն չէ։
Բանկային համակարգում անցած տարվա հոկտեմբերի դրությամբ ավելի քան 341.000 քաղաքացի վարկերը վերադարձնելու խնդիր ուներ։ Նրանց չմարված վարկային պարտավորություններն անցնում էին 600 մլրդ դրամից, որոնք ամեն ամիս ավելանում են, որովհետև ավելանում է քաղաքացիների քանակը, որոնք ի վիճակի չեն վերադարձնել վարկերը։
Թե ձնագնդի նման աճող այս պարտքերը մինչև ո՞ւր կարող էին հասնել, եթե չորոշվեր պետական բյուջեի հաշվին ստանձնել դրանց մի մասի մարումը, դժվար չէ պատկերացնել։ Տարօրինակ է, որ այդքանից հետո Կենտրոնական բանկում հպարտանում են, թե անցած տարվա արդյունքներով բանկային համակարգում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նվազել է։ Եթե դրանց սպասարկման պատասխանատվությունն իր վրա է վերցնում պետական բյուջեն, պարզ չէ՞, որ պիտի նվազեր։
Հիշեցնենք, որ անցած տարի որոշվեց փակել 218 հազար քաղաքացիների անհուսալի վարկերը։
Դրա արդյունքում էլ այդ վարկերը հանվել են անհուսալի կամ չաշխատող վարկերի դասակարգումից։ Բայց դա խնդրի լուծում չէ. Կարճ ժամանակ անց նորից նույնն է լինելու, որովհետև քաղաքացիների վարկային բեռն անհամեմատ ավելի արագ է աճում, քան նրանց եկամուտները։ Այդ խզումը քաղաքացուն մշտապես կանգնեցնելու է վարկերը վերադարձնելու փաստի դիմաց։ Չնայած՝ բանկերն աչք են փակում նման «մանրուքների» առաջ։ Բարձր շահույթներ ստանալու գայթակղությունը շատ մեծ է, հատկապես որ, այդ շահույթների մեջ մեծ կշիռ են կազմում տոկոսային եկամուտները, որոնք ստացվում են վարկերի ու առաջին հերթին՝ քաղաքացիներին տրամադրվող թանկ վարկերի հաշվին։
Այդպիսին են, մասնավորապես՝ սպառողական վարկերը, որոնց տոկոսադրույքները երբեմն հասնում են տարեկան ընդհուպ մինչև 18-20 տոկոսի։ Ու չնայած Կենտրոնական բանկը նվազեցնում է փողի գինը, վարկային տոկոսները, հատկապես քաղաքացիներին տրամադրվող սպառողական վարկերի տոկոսները, չեն նվազում։
Այսօր վարկային շուկայում անհավանական բան է տեղի ունենում. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ու մինչև 1 տարի ժամկետայնությամբ դրամային վարկերի տոկոսադրույքների տարբերությունը կրկնակից նույնիսկ ավելին է։ Սա չլսված բան է ֆինանսական շուկայի համար։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75 է, իսկ մինչև 1 տարի ժամկետայնության դրամային վարկերի գինը գերազանցում է 14 տոկոսը։
Բանկերը թանկացրել են վարկերը ու բարձր տոկոսներով վարկային բեռ են դնում քաղաքացիների վրա։ Այլընտրանք չունենելով՝ մարդիկ ստիպված են լինում մտնել նման ծանրության տակ։
Վերջին 2 տարում ԿԲ-ն 4 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ 2023թ. ապրիլին այն 10.75 էր, այս տարվա ապրիլին եղել է 6.75 տոկոս։ Թվում է, թե սա, գոնե մասամբ, պիտի հանգեցներ վարկային տոկոսների նվազման։ Բայց հակառակն է տեղի ունեցել. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2 տարվա ընթացքում 4 տոկոսային կետով նվազել է, այդ նույն ժամանակահատվածում մինչև 1 տարի ժամկետայնության դրամային վարկերի տոկոսադրույքը նույնիսկ բարձրացել է։ 2023թ. ապրիլին 13.13 տոկոս էր, այս տարվա ապրիլին եղել է 14.02 տոկոս։
Այսքանից հետո, Կենտրոնական բանկում խոսում են քաղաքականության տոկոսադրույքի նվազմանը՝ վարկավորման տոկոսադրույքների ոչ համարժեք արձագանքման մասին։ Այն դեպքում, որ վարկավորման տոկոսադրույքները նույնիսկ հակառակն են արձագանքում քաղաքականության տոկոսադրույքներին։ Այս անհամապատասխանությունը փորձում են հիմնավորել վարկավորման բարձր պահանջարկով, մոռանալով, որ այդ պահանջարկը շատ հաճախ իրենք են արհեստականորեն խթանում, ինչը մեծամասամբ հիմնավորում չունի։ Պատահական չէ, որ վերջին տարիներին բանկային համակարգում հսկայական քանակությամբ անհուսալի վարկեր են կուտակվել։
Պատճառ բերելով պահանջարկը՝ փորձում են արդարացնել վարկերի բարձր տոկոսադրույքներն ու իշխանությունների լուռ համաձայնությամբ՝ քաղաքացիներին ներքաշում են վարկային ծանր բեռի տակ։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 4 ամիսներին միայն սպառողական վարկերի գծով քաղաքացիների վարկային բեռն ավելացել է 300 մլն դոլարով։
Հիշեցնենք, որ սրանք ամենաթանկ վարկերն են, որոնց հաշվին էլ բանկերը բարձր շահույթներ են ստանում՝ բեռը դնելով քաղաքացիների վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ