Չոր աչքի համախտանիշը՝ երիտասարդների հիվանդություն․ որո՞նք են պատճառները և ինչպե՞ս խուսափել

Չոր աչքի համախտանիշը զարգանում է, երբ արցունքն աչքերը բավարար չի օծում ու խոնավ չի պահում: Արցունքը կարող է լինել ոչ բավարար և անկայուն՝ տարբեր պատճառներով։ Խնդրի մասին առավել մանրամասն զրուցել ենք ակնաբույժ Ալինա Ներսեսյանի հետ։

Ի՞նչ է չոր աչքի համախտանիշը և ինչպե՞ս է դրսևորվում։

Չոր աչքի համախտանիշը բավականին տարածված է։ Սա այն է, երբ ոչ համապատասխան քանակության արցունք է արտադրվում, կամ արտադրվում է և արագ գոլորշիանում է ու չի հասցնում կատարել իր պաշտպանիչ ֆունկցիան, որն է՝ աչքը խոնավեցնելը, արտաքին միջավայրի ազդակներից պաշտպանելը։

Սովորաբար բուժառուները դիմում են աչքի քորի, այտուցվածության, կարմրության գանգատների դեպքում։ Շատ դեպքերում ասում են՝ աչքս երբ փակում եմ, նոր հանգստանում է։ Եթե կան դեպքեր, երբ եղջերաթաղանթի մակերեսը որոշ չափով վնասված է լինում, որը թույլ չի տալիս, որպեսզի պարզ լույսն ընկալի, կարող են գանգատվել տեսողության աննշան վատացումից։

Կարդացեք նաև

Այն համարվո՞ւմ է ծերերի հիվանդություն։

– Քանի որ համակարգչի դար է, հիվանդությունը հաճախ երիտասարդների մոտ է նկատվում։ Յուրաքանչյուր մարդ մեկ րոպեի ընթացքում պետք է մոտավորապես թարթի 8-10 անգամ, սակայն, երբ լարված աշխատանք են կատարում, մոռանում են դա անել, և արցունք չի արտադրվում։

Ինչ վերաբերում է ծերերին, ապա նրանց մոտ էլ է բավական շատ հանդիպում հիվանդությունը։ Կանանց մոտ մենոպաուզայի շրջանում է լինում, հաճախ ենք հանդիպում գլաուկոմա ունեցող հիվանդների մոտ, քանի որ նրանք անընդհատ պետք է հիպոտենզիվ ազդեցությամբ դեղորայք կաթեցնեն, որի ընթացքում էլ առաջանում է չոր աչքի համախտանիշ։

Որքանո՞վ են օգտակար աչքի խոնավեցնող կաթիլները։

– Խոնավեցնող կաթիլը նույնն է, թե օրվա ընթացքում մարդ որքան ջուր կխմի։ Այսինքն, եթե կա չոր աչքի համախտանիշ, վերցնում ենք աչքի կաթիլները։ Այն երբեք վնաս չի տալիս։ Շատ հազվադեպ ալերգիա կարող է առաջացնել։ Սովորաբար աչքի խոնավեցնող կաթիլներ օգտագործում են ամռանը, քանի որ շոգ է, օդը խոնավ չէ, և այն դեպքում, երբ միջավայրում կա աղտոտվածություն։

– Աչքերի հոգնածությունը կապ ունի՞ չոր աչքի համախտանիշի հետ։

– Այո, կարող է կապ ունենալ, իհարկե, չենք բացառում, որ կարող է մկանի սպազմ լինել, և առաջնահերթ պետք է բուժզննում անցնել։

– Արհեստական թարթիչները կարո՞ղ են աչքերի չորության պատճառ դառնալ։

– Չեմ կարծում։ Բայց կապ ունի այն, թե ինչ նյութեր են օգտագործում, և կոպերի բորբոքումը կարող է բերել աչքի չորության։

Աչքի լազերային վիրահատությունից հետո հնարավո՞ր են նման բարդություններ։

– Լազերային կորեկցիայի ժամանակ եղջերաթաղանթի շատ բարակ շերտը հանում են, որ ընթացքում նյարդային վերջույթներն են վնասվում, խթանվում է արցունքի արտադրությունը, բացի դա՝ մի փոքր փոխվում է եղջերաթաղանթի կորությունը և այդ ժամանակ արցունքը չի կարող ամբողջությամբ կատարել իր ֆունկցիան։ Լազերային կորեկցիաների դեպքում պարտադիր բոլոր բուժառուներին նշանակվում են խոնավեցնող կաթիլներ։

– Նրանք, ովքեր երկար ժամանակ աշխատում են համակարգչով կամ արևի ճառագայթների ներքո, անպայման պե՞տք է օգտագործեն խոնավեցնող կաթիլներ։

– Չէի ասի, որ բոլորը պետք է օգտագործեն, որովհետև կան մարդիկ, որ գանգատներ չունեն։ Մարդիկ կան, որ ասում են՝ հաճախ մոռանում եմ աչքերս թարթել, լարված եմ, այո՛, դա դրա հետ կապված է։

Պաշտպանիչ ակնոցը որքանո՞վ է պաշտպանում աչքը։

– Պաշտպանիչ ակնոցներ 20 տարի առաջ բավականին հաճախ էին օգտագործում, բայց հիմա համակարգիչների մեծ մասը պաշտպանիչ շերտ ունեն և դրա կարիքն առանձնապես չի նկատվում։

– Ո՞ր դեպքում են բարդություններ առաջանում։

– Երբ առաջանում են կերատիտներ՝ եղջերաթաղանթը վնասվում է, և նման դեպքերում ինտենսիվ բուժում է պահանջվում։ Սա ավելի շատ լինում է համակարգչից, գաջեթից օգտվելու պարագայում։

– Հաճախ առանց բժշկի թույլտվության՝ վիտամիններ են օգտագործում, հավելումներ, օրինակ՝ Օմեգա 3։ Կարելի՞ է։

– Չեմ կարծում, որ Օմեգա 3-ը խիստ անհրաժեշտ է բժշկի նշանակմամբ։ Եթե չօգնի՝ չի վնասի։ Գրականության մեջ գրված է, որ վիտամին A-ի պակասությունից է առաջանում չոր աչքի սինդրոմը։ Ինչ վերաբերում է վիտամիններին, կարծում, եմ, պետք է վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել՝ միրգ, բանջարեղեն։

Մեծահասակները երբեմն ասում են՝ աչքերս ջրակալված են, «փրկված» եմ չոր աչքի համախտանիշից։ Ջրակալված աչքը փրկությո՞ւն է, թե՞ հակառակը։

Դա փրկություն չի կարող լինել, քանի որ քանակությունը կարող է ավելի շատ լինել, հատկապես, եթե արցունքատար կետիկը, որպես կանոն, նեղացած, փոքրացած է։ Նրանք անընդհատ աչքը լվանում են, բայց իրենց ֆունկցիան ամբողջությամբ չեն կատարում։

– Աչքերում ավազի հատիկի կամ օտար մարմնի զգացողությունը չոր աչքի համախտանիշի նշանների՞ց է։

– Այո, մարդիկ ասում են՝ այնպիսի տպավորություն, որ փոշու հատիկներ են աչքերի մեջ։ Բուժառուները երբեմն աչքերը տրորած են գալիս ու հաճախ այս դեպքում եղջերաթաղանթն է վնասված լինում։

– Ի՞նչ անել՝ այս խնդրին չբախվելու համար։

Պետք է խնայել աչքերը։ Բայց այս դարում ասել, որ համակարգչից պետք է քիչ օգտվեն՝ անիմաստ է։ Պրոֆիլակտիկ կարող են աչքը խոնավեցնող կաթիլներ օգտագործել։ Ամռանը քրտնարտադրությունն ուժեղանում է, հեղուկ շատ ենք օգտագործում, նույնն էլ աչքերի դեպքում է։

– Պրակտիկայում ավելի շատ երիտասարդների՞, թե՞ մեծահասակների մոտ է հիվանդությունը զարգանում։

– Ես ավելի շատ հանդիպում եմ երիտասարդների մոտ ու պատճառը հիմնականում համակարգիչն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներն են շատ գանգատվում, քանի որ 12 ժամ նստած են համակարգչի առջև։ Այդ վիճակում են նաև օֆիսային աշխատողները։ Կես ժամ համակարգչից օգտվելուց հետո լավ կլինի հինգ րոպե հանգստանալ՝ աչքերը փակելով կամ մաքուր օդի դուրս գալով։ Ցանկալի կլինի խոնավեցնող կաթիլների օգտագործումը։

Տեսանյութեր

Լրահոս