«Ադրբեջանը կհարվածի, Հայաստանի «ցռան վերգոները» կասեն՝ կռիվ է սկսվում, եկեք այս հատվածը տանք, որ չլինի». Աշոտ Սևյան

ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունների մասին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի, ապա 10-15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝  Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ որևէ ռևանշ չի լինելու, խաղաղության պայմանագիրը հենց դրա մասին է, որ ռևանշ չի լինելու Ադրբեջանի դեմ։

Իսկ թե ինչ է լինելու Արցախի հետ, իշխանության ներկայացուցչները վաղուց իրենց խոսքն ասել են՝ «պետք է մոռացվի ու փակվի այդ թեման», քանի որ խաղաղության պայմանագրում Արցախի ու արցախահայության վերաբերյալ որևէ կետ չկա, մինչդեռ նախկինում նույն այս իշխանությունը խոսում էր «արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքների» մասին։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ,  չարեքթարցի Աշոտ Սևյանը խոսելով ՀՀ իշխանությունների այս հայտարարությունների մասին, ասաց, որ իշխանություններն ի սկզբանե են այս ամենին պատրաստվել։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ որևէ մեկի, առավել ևս՝ ինձ համար նորություն չէ, որ իշխանություններն այս մտածելակերպն ունեն։ Արցախի հարցի առումով կարող ենք դեռ որոշ ժամանակ սպասել, բայց այսօր Հայաստանն են մեջ-մեջ անում ու կիսում։ Ռևանշ չուզողներն ու վախեցողներն այսօր խաղաղության պայմանագիր են ստորագրում ու տարածք, ճանապարհներ ու խաչմերուկներ են տալիս, ստացվում է, որ Ադրբեջանն է ռևանշի գնում։ Ադրբեջանն իր 100 տարվա ծրագրերն է կատարում, նախկինում Հայաստանն ու Արցախը խանգարում էին։ Ռևանշ չուզողները գոնե թող ասեն՝ իրե՞նց անունից են խոսում, թե՞ պետության։ Եթե ռևանշ չեն ուզում, ուրեմն թող ինձ ու իմ նման տղաներին ասեն՝ ի՞նչ է լինելու այդ դեպքում Արցախի հարցը։ Առհասարակ իրենց ո՞վ է թույլ տվել նման հայտարարություն անել, իրենց թուլությունը թող մեր վզին չփաթաթեն»,- նշեց Աշոտ Սևյանը։

Միաժամանակ ազատամարտիկը նկատեց՝ ազգի ընտրյալները Եռաբլուրում են, իսկ մյուսները, ովքեր ողջ են, մտածում են, թե մնացածի համար ինչ արեցին, որ իրենց համար ինչ անեն։

Աշոտ Սևյանի խոսքով՝ այս իրավիճակում, որում այսօր հայտնվել է Հայաստանը, չպետք է բացառել ռազմական էսկալացիան, քանի որ մինչև այսօր Ադրբեջանի ձեռքը որևէ մեկը չի բռնել, չեն էլ բռնելու հատկապես այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունը նման քաղաքականություն է վարում։

«Ադրբեջանը երբ ցանկանա, կգնա ռազմական էսկալացիայի՝ հաշվի առնելով իշխանությունների այս պարտվողական քաղաքականությունը, Ադրբեջանն աստիճանաբար մեծացնելու է ճնշումը։ Փորձելու են ամեն կողմից հարված հասցնել Հայաստանին, թեպետ Հայաստանից բան էլ չի մնացել, բոլոր բարձունքներում, ռազմավարական ճանապարհների վրա թշնամին է կանգնած։ Նայեք Ադրբեջանի գրաված դիրքերին, ու կտեսնենք, թե ինչ վիճակում ենք։

Ես չեմ հավատում, որ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, բայց եթե հանկարծ Ադրբեջանը որոշի ստորագրել, ապա մի օր կհարվածի Սյունիքին, մի օր՝ Վարդենիսին, հետո՝ Ջերմուկին, վերջում էլ Հայաստանի «ցռան վերգոները» կասեն՝ ժողովուրդ ջան, կռիվ է սկսվում, եկեք այս հատվածը տանք, որ չլինի։ Հավանականությունը մեծ է, որ ՀՀ իշխանությունն Ադրբեջանի ղեկավարության հետ ունի հստակ պայմանավորվածություններ, որովհետև այս իշխանություններին կանգնեցնող, կանխող չկա։

Տեսեք՝ մենք երկիր ենք կորցնում, բայց առաջին պլանում ձկնաբույծների ու «կարմիր գծերի» հարցն են քննարկում, մեր ամբողջ երկիրն են սրանք սարքել «կարմիր գիծ», դրա համար էլ չունենք այն, ինչ պետք է ունենայինք։

Փաստորեն Պապոյանի նման մեկն է որոշում իմ ապագան, իմ սերունդների ապագան, նա է որոշում, որ ադրբեջանցու հետ պետք է ապրենք։ Սխալվում է, չարաչար սխալվում է, ես ադրբեջանցու հետ երբեք չեմ ապրելու»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։

Ի դեպ, Աշոտ Սևյանը հրաժարվել է ՀՀ անձնագիր ստանալ, ինչի համար էլ զրկվել է հաշմանդամության թոշակից։
«Հիմա սրանք որ ստիպում են հրաժարվենք Արցախից, մոռանալո՞ւ ենք. կանգնելու ենք հայելու առաջ մեզ նայենք, նույնն է թե՝ Արցախին նայենք, մենք հիշելու ենք, թե մենք ով ենք, սա ցավ է, որը չի մոռացվելու։ Չնայած իշխանությունը տեսնում է, որ ժողովուրդը սուսուփուս հարմարվում է, իրենք էլ գործում են։ Պատերազմից երեք տարի է անցել, սրանք դեռ անցյալից են խոսում, նախկիններից են խոսում, հասկանում եք, չէ՞, որ այս երեք տարին իշխանությունը ժողովրդին ինչպես ուզում, այնպես քշում է, դե, թույլ են տալիս, ինչ ասեմ։ Ափսոս մեր զոհված տղաները, կորցրած տարածքները հետ կբերենք, բայց ոչ մեր ոսկի տղաներին։ Եթե գաղափարը կա, հողը միշտ էլ հնարավոր է ազատագրել, ուղղակի կամք է պետք»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031