«Եթե Հայաստանը հայտարարի, որ պատրաստվում է ռևանշի՝ դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետության չլինելուն». Գևորգ Պապոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը հենց այն մասին է, որ ռևանշներ չեն լինելու։

«Եթե պետք է ռևանշ լինի, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, սա՝ մեկ։ Երկրորդը՝ պետք է հասկանանք՝ եթե ուզում ենք, որ ՀՀ-ն ամրապնդվի երկար ժամանակ, այստեղ պետություն, պետականություն, անկախություն լինի, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով։ Խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է իրենց, այդքան անհրաժեշտ է  մեզ։ Ինձ համար այդ պայմանագիրն այն մասին է, որ այստեղ տևական ժամանակ խաղաղություն լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, որ «Հայաստանը պետք է մոռանա Ղարաբաղի և ռևանշի մասին»։

Գևորգ Պապոյանի հավաստմամբ՝ խաղաղության պայմանագրի դեպքում, տրամաբանական է, որ ռևանշ չի լինելու։

Նրա պատկերացմամբ՝ խաղաղության պայմանագրի կնքումից հետո այնպիսի միջավայր է լինելու Հարավային Կովկասում, որը բերելու է բոլոր մակարդակներում ինտեգրացիայի, ոչ միայն խաղաղության, այլև տնտեսական հարաբերությունների զարգացման, բարգավաճման, կենսամակարդակի էական ավելացման։

Կարդացեք նաև

Գևորգ Պապոյանը չկարողացավ ասել, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի՝ ռևանշի վերաբերյալ վախերը, շեշտելով, որ հարցը պետք է ադրբեջանական կողմին ուղղվի։

«Խաղաղության պայմանագիրը նրա համար է, որպեսզի այդ տարածքում լինի խաղաղություն։ Մի քիչ տրամաբանորեն պետք է մոտենանք, եթե Հայաստանը հայտարարի, որ ինքը պատրաստվում է ռևանշի՝ դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետության չլինելուն։

Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չէ, որպեսզի Հայաստան լինի։ Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար։ Մենք չպետք է դառնանք գործիք երրորդ երկրների ձեռքում, կլինեն Հայաստանում մարդիկ, որոնք տարբեր հայրենասիրական ճոռոմաբանությամբ այդ գործընթացն առաջ կտանեն, բայց մենք տեսել ենք՝ այդ գործընթացն ինչպես է տեղի ունեցել։ Երբ հայ ժողովրդին այդպես են տրամադրում  ու ինչ-որ տրամադրություններ ենք առաջ բերում և վերջում մենակ ենք թողնում, ասենք, տեղի է ունենում Վանի ինքնապաշտպանություն, տեղի է ունենում 1,5 մլն մարդու ցեղասպանություն, հայրենազրկում իրենց պատմական բնօրրանից»,- ընդգծեց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ո՞ւմ նկատի ունի՝ արտաքին ուժեր ասելով, Գևորգ Պապոյանը պատասխանեց.

«Ես արդեն ասացի»։

Հաջորդ հարցին՝ որոշակի քայլեր իրականացվո՞ւմ են, որպեսզի Ադրբեջանի այդ պահանջը՝ ռևանշի չգնալու վերաբերյալ, բավարարվի, Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում, բայց կարող է ասել, որ անտրամաբանական է՝ ինչպես նման պահանջ դնելը, այնպես էլ՝ մտածելը, որ նման բան է լինելու։

«Անտրամաբանական է խաղաղության պայմանագիրը ստորագրելուն զուգահեռ՝ մտածել ռևանշի մասին, այսինքն՝ ռևանշի մասին մտածող ժողովուրդը չի կարող կնքել խաղաղության պայմանագիր։ Եթե ուզում ենք Հայաստանը վերացնենք, եկեք խոսենք ռևանշի մասին»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ եթե Հայաստանը խոսում է իր 200 քկմ տարածքը հետ բերելու մասին, ռևա՞նշ է, Գևորգ Պապոյանը պատասխանեց՝ դրանք ՀՀ տարածքներ են, դա ռևանշ չէ, ուրիշ բան է՝ ՀՀ տարածք է։

Տեսանյութեր

Լրահոս