Սամվել Բաբայանի մեղադրական սլաքները՝ ընդդեմ Օնիկ Գասպարյանի, և մեսիջը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է: Լրատվամիջոցն այդ հարցաքննությունից արդեն որոշ դրվագներ ներկայացրել է:
Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, քննիչի հարցին՝ «ինչպե՞ս կգնահատեք պատերազմի օրերին Հայաստանում և Արցախում զորահավաքի կազմակերպման ընթացքը, արդյո՞ք այն բավարար էր, թե՞ ոչ, եթե ոչ, ապա, ըստ Ձեզ, ո՞րն էր թերացումների պատճառը», Սամվել Բաբայանը պատասխանել է.
«Զորահավաքը սխալ էր պլանավորված։ Զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների և տարածքների ճիշտ չէր բաժանված։ Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին և ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․ Զորահամալրում, կարելի է ասել, չի կատարվել, եղել են դասալքության բազմաթիվ դեպքեր։ Դասալքության դեպքերը կանխելու համար աշխատանքներ պետք է տարվեին ԱՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից, մինչդեռ, իմ տեղեկություններով, բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ կարողացել են անարգել դուրս գալ Արցախի տարածքից կամ էլ մնացել են Արցախում, բայց թաքնվել են։ Զորահամալրման պատրաստության համար պատասխանատու եղել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը»։
168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է, որ, մեծ հաշվով, մոբիլիզացիա տեղի չի ունեցել, այսինքն, բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չեն ընդգրկվել մոբիլիզացիայի մեջ: Կամ՝ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին, այսպես ասած, որոշակի պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդուն, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր: Մինչդեռ մասնագետների կարծիքով, եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների, ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը: Այսինքն, փորձագետների, պատերազմի մասնակիցների, ռազմական նախկին պաշտոնյաների դիտարկմամբ, ինչ-որ պահի դիտավորյալ մարդկային ռեսուրսի համալրում չի արվել, պաշտպանական գծերի, այսպես ասած, ճեղքումները չեն փակվել:
Այս համատեքստում նշենք, որ 168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել էր.
«ՊԲ-ն ունեցել է 283 կմ պաշտպանական գոտի, 2 տեղում հակառակորդը հարված է հասցրել հարավային ուղղությամբ՝ Հադրութ, Ջաբրայիլ, և հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ: Մարտակերտի ուղղությամբ հնարավորություն է ստեղծվել կանգնեցնել, որը տեղի օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների աշխատանքի արդյունքն է: Իսկ հարավային ուղղությամբ հակառակորդը ճեղքել է պաշտպանական գիծը: Եթե մեծ ճեղքում է տեղի ունենում, ապա Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի հրամանատարները մեղավոր չեն, որ այդ ճեղքումով հակառակորդը կարողացել է 52 կմ մինչև Շուշի հասնել, մինչև 70-100 կմ հասնել Մեղրի, Կապան, Գորիս, Սև լճի հատվածներ: Այդ հրամանատարները մեղավոր չեն: Մեղավոր են այն մարդիկ, որոնք պետք է ռազմական գործողությունների թատերաբեմը պատկերացնեին՝ տարածության, ընդհանուր ճակատի, խորության, ժամանակի, զորքերի դասավորության, հնարավոր վերախմբավորումների և զինված ուժերն անընդհատ համալրելու առումով: Եթե ՊԲ-ն իր պաշտպանության գոտում որոշում է ընդունում, այդ որոշումը հաստատում է կամ ԳՇ-ն, կամ Արցախի Հանրապետության նախագահը, բայց այնտեղ, որտեղ մի քանի զորամիավորումներ են, իսկ զորամիավորումներ են և՛ ՊԲ-ն, և՛ մնացած կորպուսները, այդ մի քանի զորամիավորումների միջև համագործակցությունն ապահովողը, որոշում կայացնողը, պատասխանատուն ԳՇ-ն է, իսկ ԳՇ-ի որոշումը հաստատողը ՀՀ ղեկավարն է՝ Գերագույն հրամանատարը: Իսկ հակառակորդը կարողացել է մխրճվել և առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը ՀՀ ղեկավարի պարտականությունն էր»:
Ի դեպ, 2020 թվականի պատերազմի սկզբում նախ հայտարարվել էր համընդհանուր մոբիլիզացիա, այնուհետև որոշվել էր իրականացնել մասնակի մոբիլիզացիա:
Ինչ վերաբերում է զորահավաքին, որի համար Սամվել Բաբայանը մեղադրական շեշտն ուղղում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի կամ 44-օրյա պատերազմի ընթացքում ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղղությամբ, պետք է հիշեցնել, որ գործընթացում պարտավորություն ունի ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ վարչապետը կամ գերագույն հրամանատարը:
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ՀՀ Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորություններին վերաբերող մասում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող անմիջական վտանգի և զինված հարձակման դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը, մասնավորապես, «քննարկում է պետությունն անհրաժեշտ պատրաստականության աստիճանների բերելու, ռազմական դրություն կամ պատերազմ հայտարարելու, զինված ուժերի կիրառման պլանը գործողության դնելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու նպատակահարմարության հետ կապված հարցերը», ինչպես նաև՝ «կառավարության կողմից զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկությամբ կայացնում է որոշում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու մասին` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին»:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունների մասով էլ նույն օրենքում այս առնչությամբ նշվում է, որ նախարարն է հաստատման ներկայացնում զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանները: Իսկ, ըստ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ԳՇ պետն «իրականացնում է զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաև խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման և տեղաբաշխման ապահովումը», նաև «ապահովում է պահեստազորային պատրաստության, աշխարհազորի պատրաստության և կիրառման պլանավորումն ու իրականացումը»: Այսինքն, զորահավաքային և զորահամալրման գործընթացին չպետք է հատվածական մոտեցում դրսևորել:
44-օրյա պատերազմի ավարտից օրեր հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր.
«Կա զորահամալրում, որը որոշակի ժամանակ է պահանջում, գումարտակները, մինչև 5 օր ժամանակ է պետք, որպեսզի իրենք սովորեն, պատերազմին ներդաշնակվեն, այդ ժամանակը դրա համար է տված` որոշակի զինվորական գործին իրենց հիշեցնելու, մարզելու համար, և մեր զորահավաքը չի կատարվել: Դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ Գլխավոր շտաբի պետը: Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետության լրահամալրման պլանն իրականացվել է 78 տոկոսով, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 52 տոկոսով»:
Այնուհետև գեներալը հայտարարել էր, որ Փաշինյանը պատերազմի 3-րդ օրը կանգնեցրել է բանակի լրահամալրման գործընթացը: Մովսես Հակոբյանի այս հայտարարությանն անմիջապես արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հերքելով, բայց, ըստ էության, ընդունելով, որ խոսքը ՊՆ պարտականության մասին է:
«Մովսես Հակոբյանը ևս մեկ, իրականության հետ բացարձակ կապ չունեցող պնդում է անում, ասելով, թե պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորքերի լրահամալրումը։ Սա բացարձակ սուտ է, որը պատիվ չի բերում ռազմական ու մարտական ծանրակշիռ ուղի անցած զինվորականին։ Հազարավոր քաղաքացիներ կհաստատեն, որ պատշաճ կերպով ստացել են զորահավաքի ծանուցագրեր, ներկայացել տարածքային ստորաբաժանումներ, տարբեր ուսումնական զորամասերում անցել նախապատրաստական կարճ դասընթացներ և մեկնել առաջնագիծ։ Ավելին, պատշաճ կարգով զորքերի լրահամալրումն իրականացնելուն զուգահեռ՝ իրականացվել է նաև պահեստազորայիններից բաղկացած ամբողջական նոր զորամասերի կազմավորում։ Ամբողջ այդ գործընթացի մասին բազմաթիվ ռեպորտաժներ են պատրաստվել ամենատարբեր լրատվամիջոցների կողմից և պարբերաբար ցուցադրվել հեռուստատեսությամբ»,- պնդել էր պաշտպանության նախարարությունը:
Սամվել Բաբայանը գուցե մոռացել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ի Նիկոլ Փաշինյանի մարտակոչը վերջին մեկ տարում զորացրվածներին՝ օրենքի խախտումով, կամ 2020 թվականի հոկտեմբերի 21-ի ֆեյսբուքյան գրառում-կոչը, որտեղ ասվում էր.
«Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել»:
Այս համատեքստում հավելենք, որ 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց էր ուղղել՝ «տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախը ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»:
Այս շարքը երկար կարելի է շարունակել, մի բան փաստ է՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշել, թե 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ-ն Արցախին երբ և որքանով պիտի օգնի, և, որ պատերազմից հետո այդ օգնությունը պետք է լիովին բացառել:
Հավելենք, որ հունիսի 28-ին Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, ասել էր.
«Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը: Ընդ որում, սկզբնական շրջանում խոչնդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը»:
Չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմից մոտ մեկ ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ: Մասնավորապես, «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում էր աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։ Աշխարհազորը ֆորմալ առումով ձևակերպվում էր հետևյալ կերպ՝ «Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է»։
Առաջարկվող նախագծով, աշխարհազորայինների հավաքագրման գործառույթը նախատեսված էր պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակներում, սակայն աշխարհազորը գործելու էր գլխավոր շտաբի ենթակայությամբ։
Մյուս կողմից, աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը պիտի լիներ (գյուղական համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետի տեղակալ, մարզպետի տեղակալ), իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը (Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը)։
Սակայն միայն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին էր ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել աշխարհազորի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը, որից հետո հոկտեմբերի 29-ին, օրինակ, նշանակվեցին մարզպետների միանգամից 7 տեղակալներ: Այսինքն, աշխարհազորի ստեղծման գործընթացը հունի մեջ մտավ միայն պատերազմի ավարտին, սակայն կամավորական տարբեր խմբեր գործուղվել էին մարտական գործողությունների վայր, իսկ պատերազմից հետո սկսեցին քննարկել դրանում առկա բացերը:
Հավելենք, որ 2020 թվականի պատերազմից մոտ 20 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանն այդ ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն աշխարհազորի ստեղծման մասին խոսելիս՝ հայտարարել էր.
«Մեզ մոտ երեքշաբթի անվտանգության խորհրդի նիստ է լինելու առաջին անգամ և քննարկվելու է աշխարհազորի հարցը, թե ոնց ենք մենք դա պատկերացնում, ոնց է լինելու մեզ մոտ: Մեր տեսակետն այն է, որ ոչ թե աշխարհազորին մտցնելու ենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու»:
Հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է, որ աշխարհազորում հնարավորություն ունենան ընդգրկվել սփյուռքահայերը, Սամվել Բաբայան ասել էր, , որ անվտանգությունից ելնելով՝ չի կարող այդ հարցին պատասխանել, ապա հավելել. «Ինձ չի թվում, որ սփյուռքահայերը կարողանալու են գոնե առաջին ամիսներին օգնության գալ, տարբեր պատճառներով: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք ամբողջովին լինենք վստահ, որևէ խնդիր չունենանք, Ադրբեջանն էլ սսկվի, տեղը վեր ընկնի: Կա մի ասացվածք՝ եղունգ ունես, գլուխդ քորի: Հույսներդ մի դրեք ոչ մեկի վրա, ինքներդ ձեր վրա դրեք»:
Արդյոք սրա հետ կապված ինչ-որ բան արվե՞ց, թեկուզև կիսատ մնաց, մենք ոչինչ չգիտենք: Այսինքն, կան հարցեր, որոնց մասին Սամվել Բաբայանը մոռանում է, և հատվածական մոտեցում ցուցաբերում:
Ինչ վերաբերում է Բաբայանի այլ ցուցմունքներին, օրինակ, Գյանջայի թիրախավորմանը, որի համար ադրբեջանական կողմը մեղադրում է Բաքվում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, «Հրապարակի» փոխանցմամբ, քննիչի հարցին ի պատասխան՝ Բաբայանն ասել է.
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը Գանձակ քաղաքի ռմբակոծելու վերաբերյալ հրաման չի տվել, բայց տեղյակ չեմ, թե ինչու է Արայիկ Հարությունյանը նշել, թե իբր նա նման հրաման է արձակել»։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պատասխանով Սամվել Բաբայանը մեսիջ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին:
168.am-ը մի շարք փաստեր ներկայացնելով՝ գրել էր, որ պատերազմի օրերին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը Գյանջայի թիրախավորման հետ կապված սլաքն ուղղել էր ՊԲ հրամանատարությանը և Արայիկ Հարությունյանին, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ցույց էր տվել, որ տեղյակ է Գյանջայի դեպքից, համենայն դեպս, նա չի հերքում հարցադրման մեջ առկա տեղեկությունը: Իսկ մենք այս թեմայի համատեքստում մեկ այլ հոդվածում անդրադարձել էինք 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում ուշագրավ փաստերին և դրանց միջև հնարավոր շղթայական կապին՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորումից մինչև Գյանջայի պատասխան թիրախավորում: