Փաշինյանի անուղղակի ինքնախոստովանությունը. 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ-ն օգնել է Արցախին՝ երբ և որքանով ինքն է ցանկացել
Հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ մի քանի «ռազմական» միտք է հնչեցրել, որի տողատակերում, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունքներ կային, կամ՝ հաստատում այն բանի, որ Արցախի հետ կապված փաշինյանական «զինվորական քայլերն» ունեցել են հետին մտքեր, և առնվազն հրապարակային նպատակներում Փաշինյանը և նրա ընտանիքն ազնիվ չեն եղել:
Եվ այսպես՝
Դրվագ առաջին
«5-րդ» ալիքի լրագրողը Փաշինյանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հոր՝ Աշոտ Զաքարյանի հարցերը՝ «Ե՞րբ, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է, և երկրորդ՝ ինչո՞ւ էիք 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչի՞ հիման վրա, մեր տղաներն Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»:
Փաշինյանը, մասնավորապես, վերջին հարցադրմանն ի պատասխան՝ նշել է, թե տղաների ծառայության հետ կապված հարցը քննարկվել է աշխատանքային հանդիպումների ընթացքում: Իսկ թե երբ, ում հետ, ինչ աշխատանքային քննարկում և կոնկրետ ինչ է քննարկվել, նա փակագծեր չբացեց, հետո շարունակել է.
«Եվ այդ որոշումը տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ, դժբախտաբար թե բարեբախտաբար, այսինքն՝ առանց երանգավորման, ես չեմ կայացրել»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ վիճակահանությամբ Արցախում ծառայության վայր ընտրելու որոշումը, որի հեղինակն ինքը չի, և որի առկայության պայմաններում նաև իր որդին՝ Աշոտ Փաշինյանն է ցուցադրաբար Արցախում ծառայության մեկնել, որովհետև քաղաքական-քարոզչական առումով այդպես էր պետք:
«Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել»,- 2018 թվականի ամառային զորակոչի օրերին «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել էր Աշոտ Փաշինյանը։
Իր այս որոշման մասին նա 2018-ի մայիսի վերջին իր տեսաուղերձի միջոցով էր դեռ հայտնել և բացատրել՝ ինչու:
«Ուզում եմ մի քիչ խոսել այն հիմքերից, որոնք ինձ ստիպել են այս որոշումը կայացնել: Վերլուծելով ընդհանուր իրավիճակը, ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ղարաբաղյան կոնֆլիկտում խաղաղություն հաստատելը դա հայկական կողմի ձեռքերում է, և դրա միակ արժանապատիվ և էֆեկտիվ ճանապարհն արցախյան բանակի հզորացումն է։ Ես խաղաղության հանդեպ և հայրենիքի հանդեպ զգացած իմ մարդկային ու քաղաքացիական պարտքից ելնելով որոշել եմ հնարավորինս նպաստել այդ խաղաղության ճանապարհին և հայկական բանակին այս հարցում»,- ասել էր Փաշինյանի տղան:
Ի դեպ, հետաքրքիր է, թե ի՞նչ է կարծում Աշոտ Փաշինյանը՝ ՊԲ-ն կազմաքանդելու ադրբեջանական պահանջը ՀՀ իշխանությունները պե՞տք է կատարեն, և արդյո՞ք ինքն այդ ժամանակ այսօր մեզ պարտադրվող խաղաղությունը նկատի ուներ:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, երբ հասկացնում է, թե ինչ լավ է, որ Արցախը՝ որպես ծառայության վայր ընտրելու որոշումն ինքը չի կայացրել, ի՞նչ նկատի ունի, որ իր ձեռքը լիներ, նման բան ի սկզբանե չէ՞ր լինի: Այսինքն, իր որդուն Արցախ զորակոչելը զուտ քաղաքական ակցիա՞ էր: Ի դեպ, Աշոտ Փաշինյանն իր հորը հարցրե՞լ է՝ հիմա ինքը Ադրբեջանո՞ւմ է ծառայել, թե՞ հայկական Արցախում:
Երկրորդ, երբ Փաշինյանն ասում է, բարեբախտաբար, Արցախում ծառայելու ընտրության իրավունք տալու որոշումն իր իշխանության օրոք չի եղել, սա նաև, ըստ էության, պատասխանատվությունից խուսափելու փորձ է, նաև՝ անուղղակի մեսիջ զոհված ժամկետայինների ծնողներին, թե՝ ես չեմ ձեր տղաներին Արցախում ծառայության ուղարկել: Եվ չի բացառվում, որ մի օր այս մասին ուղիղ հայտարարի Փաշինյանը՝ պատասխանատվությունը դնելով նախկինների վրա:
Դրվագ երկրորդ
Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մեկ այլ հարց էլ է ուղղվել, որ Ադրբեջանում պաշտոնական և փորձագիտական մակարդակում շատ է խոսվում Արցախի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողությունների, Արցախում «հայկական զինված խմբավորումները չեզոքացնելու մասին»՝ նկատի ունենալով Պաշտպանության բանակը, պատրա՞ստ են ՀՀ զինված ուժերը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել մեր հայրենակիցների անվտանգությունը»:
Փաշինյանն այս դիտարկում-հարցադրումներին ի պատասխան՝ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, և մնալու են այս տրամաբանության մեջ։
«Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Բայց ես կարծում եմ, որ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար դիվանագիտական ճանապարհներ պետք է օգտագործվեն: Ասեմ ավելին, որ Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, քանի որ Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Բա մենք ինչի՞ ենք ասում՝ ԼՂ ժողովրդի անվտանգություն և իրավունքներ, անվտանգությունը բանալի բառն է: Մենք չենք ասում, որ անվտանգությունը պետք է ապահովվի հատկապես հենց այս մի ձևով: Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի ձևով, որը վստահելի կթվա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- շարունակել է նա:
Այս դեպքում առաջին հարցը, որ ծագում է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծվել էր Արցախի տարածքում, ինչո՞ւ իշխանություններն անմիջապես ռազմական դրություն հայտարարեցին ՀՀ-ում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով:
«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.
– հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.
– հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.
– ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից»,- նշված էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ի կառավարության որոշման մեջ:
Արդյո՞ք սա ՀՀ-ի անվտանգությունը վտանգի տակ չէր դնում, հետո պատերազմի առաջին օրը չէր կարող կանխատեսելի լինել պատերազմի ելքը: Իսկ գուցե Փաշինյանին հայտնի՞ էր, դրա համար էլ պատերազմի առաջին օրը հայտարարել էր՝ «եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»:
Փաստ է նաև, որ ՀՀ սահմանադրություն, մեծ հաշվով, չի փոխվել, և թղթերում ՀՀ-ն դեռ Արցախի անվտանգության երաշխավորն է:
Ի դեպ, ասուլիսի ժամանակ լրագրողը Փաշինյանին հիշեցրել է այս մասին այն բանից հետո, երբ հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու Արցախի դեմ հնարավոր հարձակման դեպքում, Փաշինյանն արձագանքել է, որ՝ «ՀՀ Զինված ուժերի գործառույթը ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելն է»։
Լրագրողը հստակ հարց է ուղղել՝ ՀՀ սահմանադրությունը մինչև 44-օրյա պատերազմն էլ կար, բայց մեր զինված ուժերն Արցախում մասնակցում էին ռազմական գործողություններին, Փաշինյանը համաձայնել է այս դիտարկման հետ, բայցև նշել. «Այո, բայց մենք նոր պատերազմ չենք ուզում, ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ»:
Ինչո՞ւ Փաշինյանն այս մասին չէր մտածում, երբ սադրիչ հայտարարություններ էր անում պատերազմից առաջ, այդ թվում՝ օրեր առաջ: Անհաշվարկ քայլե՞ր, թե՞ դիտավորություն և հաշվարկված գործողություններ: Արդյո՞ք հաշվարկված քայլ էր նաև որդու՝ 44-օրյա պատերազմին կամավոր սկզբունքով մասնակցությունը, ինչը, ի դեպ, օրենքի խախտում էր:
2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:
Ըստ էության, պատահականություն չէր նաև Աննա Հակոբյանի՝ Արցախում և հրամանատարական կետում գտնվելը: Այս մասին բազմիցս խոսվել է:
Վերադառնանք բուն թեմային և նշենք, որ սկզբում հայտարարվել էր համընդհանուր մոբիլիզացիա, այնուհետ որոշվել իրականացնել մասնակի մոբիլիզացիա: Թե իրականում այն ինչ կերպ եղավ, դրա մասին էլ ենք խոսել, հիմա մանրամասնությունների մեջ չենք մտնի:
Ի դեպ, որոշ մասնագետների կարծիքով, մեծ հաշվով, մոբիլիզացիա տեղի չի ունեցել: Այսինքն, բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ՝ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր: Մինչդեռ մասնագետների կարծիքով, եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների, ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը:
Այսինքն, չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք:
Ասուլիսում Փաշինյանի տված պատասխանը՝ ՀՀ ԶՈՒ և ՊԲ անելիքների մասով, գալիս է հաստատելու փորձագետների և պատերազմի մասնակիցների այն պնդումները, որ ինչ-որ պահի դիտավորյալ մարդկային ռեսուրսի համալրում չի արվել, պաշտպանական գծերի, այսպես ասած, ճեղքումները չեն փակվել:
Այս համատեքստում հավելենք, որ 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց էր ուղղել՝ «տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախը ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»:
Այսինքն, Փաշինյանը ավելի վաղ և երեկ, թերևս, խոստովանել է՝ ՀՀ զինված ուժերը Արցախի ՊԲ-ին աջակցել են՝ ըստ իր տեսանկյունից քաղաքական հարմարության, և ոչինչ, որ Քննիչ հանձնաժողովում զորքի պաշտպանության անցնել-չանցնելու պատասխանատվությունը դրել էր ԳՇ-ի և նրա ղեկավարության վրա:
2016-ին, սակայն, Հայաստանը չէր վախենում հստակ հայտարարել Արցախին ուղղակի ռազմական աջակցության մասին: Մասնավորապես, 2016-ի ապրիլի 3-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր.
«Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանության»:
Իսկ պատերազմի օրերին ևս Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք` իր առջև դրված մարտական խնդիրները լուծելու համար, և ոչինչ, որ Արցախի իշխանություններն օգնություն էին խնդրում, հարևան երկրները փակել էին օդային սահմանները: Այսօր ևս Փաշինյանը հասկացնում է՝ պատերազմ է լինելու և՛ Արցախի, և՛ ՀՀ-ի տարածքում, և չի բացառվում՝ արցախյան թևում, բայց համարում է, որ կազմաքանդման եզրին հասած և հյուծված ՊԲ-ն կարող է պաշտպանել արցախահայությանը, երբ ՀՀ-ն այսօր չի կարողանում իր անվտանգության երաշխավորը լինել: Ու էլի բախվում ենք փաշինյանական սադրանքի հետ՝ պատերազմ և ոչ մի պատրաստություն: Ու էլի մեզ պարտված պիտի չզգանք…
Այս անգամ Փաշինյանը չի նախընտրում մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածներին զորակոչի տանելու հարցում օրենք խախտել…
Հ.Գ. Ի դեպ, 2020 թվականի հոկտեմբեր 16-ին Արցախի պաշտպանությանը զինվորագրված գումարտակին ճանապարհում էր, իր խոսքում Փաշինյանը ասել էր.
«Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք»:
Այսինքն, այդ ժամանակ Փաշինյանն այն կարծիքին է եղել, որ Արցախը պաշտպանելով, այդ մարդիկ պաշտպանում են իրենց հայաստանյան թաղերը, տները, ուստի կարո՞ղ ենք ենթադրել Փաշինյանի այսօրվա դիրքորոշումից, որ ՀՀ ԶՈւ-ն չի կարող օգնել Արցախին հնարավոր պատերազմի դեպքում, իրեն ՀՀ 28.900 քկմ տարածքի վարչապետը հռչակած Փաշինյանը չի ցանկանում իրականում պաշտպանել նաև ՀՀ տարածքները, ՀՀ քաղաքացիներին և նրանց տները: